«Գործը կարճվել է. դա իրենց ֆունկցիան է, իմը չէ». Գագիկ Հարությունյանի համար կարևոր չէ՞ իր հեղինակության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է ընթացք չտալ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ:

ArmLur.am-ը փորձեց պարզել՝ ինչպես է դատախազության որոշմանը վերաբերվում Գագիկ Հարությունյանը և ինչ է պատրաստվում անել: ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը մեզ փոխանցեց Գ. Հարությունյանի պատասխանը, ըստ որի նա հրաժարվում է մեկնաբանել դատախազության որոշումը, քանի որ դա իր գործառույթը չէ. «Պարոն Հարությունյանը դա չի մեկնաբանում: Նույնիսկ ավելին՝ նա ասաց, որ դա մեր գործը չէ, որ մենք մեկնաբանենք: Նա ասաց նաև, որ գործը կարճվել է, դա իրենց ֆունկցիան է, իրենը չէ»,- հավելեց ՍԴ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ 2015թ հոկտեմբերի 9-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Սրանից հետո անակնկալ հետևողականությամբ իրավապահ կառույցները սկսեցին հետաքրքրվել այդ հայտարարությամբ: Լևոն Զուրաբյանը հրաժարվեց ընդունել իրավապահների հրավերը, ոստիկանության անցկացրած հետաքննությունն էլ կոնկրետ փաստեր չարձանգրեց: Արդյունքում՝ դատախազությունը որոշեց ընթացք չտալ գործին, իսկ Լևոն Զուրաբյանին սուտ մատնության մեղադրանք չառաջադրել:

Հ.Գ. Եվ, կարծես, բոլորը երջանիկ են: Լևոն Զուրաբյանը հերթական անգամ իշխանություններին ծանր հանցագործության մեջ մեղադրեց և անպատիժ մնաց, դատախազությունը քաղաքականության մեջ չներքաշվեց, Գագիկ Հարությունն էլ դժգոհ չէ, որ իրեն կարող են ծանր հանցագործության մեջ մեղադրել և չպատժվել: Տպավորություն է, որ Գագիկ Հարությունյանի համար իր հեղինակության հարցը կարևոր չէ: Դե, հասկանալի է՝ իշխանություններն ավելի կարևոր անելիք ունեն. առջևում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Ուստի՝ նա անձնական վարկանիշով զբաղվելու ժամանակ չունի: Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքի Գագիկ Հարությունյանը, եթե իրեն ավելի ծանր հանցագործության մեջ մեղադրեն:

Տաթև Հարությունյան




Լրահոս