Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր ընտրությունից առաջ ընդդիմադիր դաշտը միավորվելու փորձեր է անում, բայց ամեն անգամ չի ստացվում. ինչ-որ բան խանգարում է, որպեսզի միասնական ճակատով գնան պայքարի:
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի: Այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչո՞ւ չստացվեց միասնական ճակատով պայքարի դուրս գալ իշխանության թեկնածուի դեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամբիցիաները, տեսակի տարբերությունները, ինքնահաստատման բարդույթները, ինքնասիրահարվածությունը, գործող իշխանությունների հետ գծային կապերը ու, թերեւս, որոշ պայմանավորվածություններ. ահա այս ամենն է խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի:
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես համարում եմ, որ ընդդիմության լայնամասշտաբ միավորումը միֆ է, կուտ, եթե կուզեք՝ հոլանդական, որը շատ հարկավոր է իշխանությանը: Կարծում եմ, որ ընդդիմությունը չի կարող մեկ միասնական ճամբարում լինել, գուցե մի քանի միավորում լինի, բայց ոչ` մեկը:
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գյումրու ժուռնալիստների
“Ասպարեզ” ակումբի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Միասնական թեկնածուն չի ձեւավորվում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով: Ես երազում եմ, որ լինի միասնական թեկնածու, բայց նաեւ երազում, որ ՀՀ քաղաքացին մի օր ասի՝ ոչ թե ես պայքարում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ, ասենք, մեկ այլ թեկնածուի համար, այլ ես՝ որպես քաղաքացի, պայքարում եմ իր քվեի համար: Միասնական թեկնածուն նաեւ չի ձեւավորվում, քանի որ դրսի ուժերը չեն թողնում, որ այդ ամենը լինի:
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ժողովրդական կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Բազմիցս ասել եմ ու էլի կասեմ, որ ամբիցիաներն են, որ ընդդիմությունը չի կարողանում մեկ միասնական թեկնածուով հանդես գալ: Ամբիցիաները թույլ չեն տալիս, ընդամենը դա է, եւ միշտ այդպես է եղել ու այդպես էլ շարունակվում է: Նրանք ոչ թե գաղափարների շուրջ են փորձում համախմբվել, այլ ամեն մեկը ցանկանում է առաջինը լինել, եւ ամեն մեկը ցանկանում է իր ռեսուրսներով միշտ առաջնային դիրքում լինի: Սա իմ կարծիքն է, որ նրանց մեջ լիդերների կռիվ է, այլ ոչ թե գաղափարների:
ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ