Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում մարտի 25-ին տեղի է ունեցել “Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության և արդարության համարե խորագրով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել են Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկումը նախագահել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի և մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։
Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ կապված ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ Ելույթներից հետո բանախոսները պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերին։
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են նաև Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, համայնքների և լորդերի պալատների անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, տարածաշրջանային խնդիրներով զբաղվող վերլուծաբաններ, պատմաբաններ և ուսանողներ։