Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:
Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս.Հարությունյանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքն ստացել է Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։
Քննությամբ պարզվել է խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս.Հարությունյանը, նրա ընկերը և ևս երկու աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է փորձել ցուցաբերել, ապա նաև հիվանդանոց տեղափոխել ընկերը։
Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, վերցվել են փորձանմուշներ։ Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, Ս.Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: