Յուրաքանչյուր տարի աշնանային ծառատունկի նախօրեին մայրաքաղաքի վարչական շրջաններում գույքագրվում են չոր և տապալման վտանգ ներկայացնող ծառերը: Գույքագրման արդյունքները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան, որն էլ տալիս է համապատասխան եզրակացություն: Ըստ այդմ, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում օրեր առաջ հատվել էին չորացած թվով 6 բարդիներ, որոնք, բացի չորացած լինելուց, ցանկացած պահի կարող էին շրջվել մեքենաների կամ անցորդների վրա, ինչն էլ անդառնալի հետևանքներ կունենար:
Բարդիների կենսունակությունն, ըստ մասնագետների, 45-50 տարի է, հետևաբար հատված բարդիների թուլացած արմատային համակարգը ևս կարող էր այս ծառերի շրջվելու պատճառ հանդիսանալ, անգամ աննշան քամու դեպքում կամ էլ նույնիսկ առանց կողմնակի ազդեցության: Փոխարենը նույն հատվածում հատուկ փորող մեքենասարքավորման միջոցով հենց կտրված ծառերի մեջ փորվել են ծառափոսեր, որտեղ էլ տեղադրվում են նոր տնկիները: Փորվածքներն այնքան են, որ հետագայում նոր տնկված բարդիների արմատները տարածվելու առումով որևէ խոչընդոտ չունենան: Բարդի տեսակի ևս 4 ծառ տնկվել է հատված բարդիներին հարակից բնաբաժակներում: