Ինչ արվելու է, պետք է արվի մինչև ապրիլի 9-ը. Պետրոս Մակեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազատության հրապարակում այսօր մեկնարկած Քաղաքացիական բաց խորհրդի ժամանակ “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ ժողովուրդը և “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դասեր քաղեն Հայաստանում տեղի ունեցած քաղաքական նախկին գործընթացներից, և ինչ արվելու է, պետք է արվի մինչև ապրիլի 9-ը՝ նախագահի երդմնակալության օրը:
“2008-ից հետո ստեղծվեց մի վիճակ, երբ ժողովուրդը հետ քաշվեց, “Հայ ազգային կոնգրեսը” մնաց առանց ժողովրդի, և արդյունքը եղավ այն, որ Կոնգրեսը այդքան պայքարից հետո չմասնակցեց ընտրություններին: Պետք է Րաֆֆին հաշվի առնի այս հանգամանքը”,-ասաց նա։
Պետրոս Մակեյանն ավելացրեց, որ մեկ նախադեպ ևս պետք է ժողովուրդը հաշվի առնի, դա 2003թ.-ն է, երբ նախագահական ընտրություններից հետո պետք է վստահության հանրաքվեն անցկացվեր (որը չանցկացվեց), և հիմա Րաֆֆին իշխանության հետ կոնտակտի գնալուց առաջ պետք է հաշվի առնի այն ճանապարհը, որն այս 20 տարվա ընթացքում անցել է ընդդիմությունը: 
Նրա խոսքով՝ այս փուլում, եթե հնարավոր լինի էվոլյուցիոն ճանապարհով քայլեր կատարել և գնալ առաջ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է չխուսափի դրանից:
Պետրոս Մակեյանը հպանցիկ անդրադառնալով Հայաստանի 3-րդ հանրապետությունում կատարված ընտրություններին՝ ասաց, 1992թ.-ին էր առաջին ընտրություները, հաջորդը 1996թ.-ին էր, որը մեզ համար մնաց կասկածելի, հաջորդը 1998-ին էր, և այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը լինելով խոհեմ մարդ, ժողովրդին հետընտրական զարգացումների չտարավ:
Նա նշեց, որ 2003թ.-ին իշխանությունը նորից կեղծեց ընտրությունները, և երկրորդ փուլում նորից ամրագրվեց ժողովրդի հաղթանակը: 2004թ.-ին ապրիլի 13-ին տեղի ունեցավ “Կոլցո” օպերացիան, որը կիրառվեց ժողովրդի նկատմամբ: 2008թ.-ին իշխանությունների բուծած ընդդիմությունը եկավ առաջ՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Ժողովուրդը համախմբվեց Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ, և ունեցանք 10 զոհ, մի շարք բանտարկյալներ:
Պետրոս Մակեյանը նշեց, որ 1998թ.-ից սկսած միշտ հաղթել է ընդդիմության թեկնածուն: “Այս ընտրությունները տարբերվում են բոլորից: Քաղաքական ուժերը մտածում էին, որ իշխանությունների համար ստեղծվել է շատ լավ առիթ զուռնա դհոլով նշելու իրենց հաղթանակը, և, բարեբախտաբար, Րաֆֆին այդպես չհավատաց, և ժողովուրդը գնաց ու ձայն տվեց նրան”,- ասաց նա՝ հավելելով, որ ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ստանդարտ քայլերի, որոնցից էր այն, որ նա նախաձեռնեց այցելություններ մարզեր, որպեսզի մարզերի ժողովրդին նույնպես ներգրավվի գործընթացի մեջ, և հաջորդ ոչ ստանդարտ քայլը հացադուլն էր, որն իքնազոհություն էր, արդեն 40 օր գտնվում են հրապարակում, որը ջղաձգության մեջ է պահում իշխանությանը:
tert .am




Լրահոս