Բակո Սահակյանը նոր ոստիկանապետ է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`ոստիկանության գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: 
Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նշենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով` Ռոբերտ Շաֆերյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:
Այսօր՝ մարտի 26-ին Սահակյանն այցելել է ԼՂՀ ոստիկանություն եւ համակարգի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին:
Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Կամո Աղաջանյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:




Լրահոս