Մետաքսում հնչած կրակոցների գործով հետախուզվում են Կաբել Արթուրի երկու որդիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ հայտնեց, որ հոկտեմբերի 25-ին Մետաքս թաղամասում հնչած կրակոցների գործով մի շարք հանգամանքներ են հայտնի դարձել: Քննչական կոմիտեն որոշում է կայացրել երկու անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ նշված երկու անձինք հեղինակություն համարվող Կաբել Արթուրի երկու որդիներն են:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում 4 անձի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ երկու անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ՝ Վ.Գևորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը և Վլ.Գևորգյանը։ Քննությամբ պարզվել է, որ վերջիններս հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում։

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մի քանի անձ 2015թ. հոկտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, սպանելու դիտավորությամբ մուտք են գործել Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի վրա գտնվող բուքմեյքերական գրասենյակներից մեկը և իրենց մոտ ապօրինի պահվող զենքերից, շատերի կյանքի համար վտնագավոր եղանակով կրակոցներ արձակել՝ հրազենային վնասվածքներ պատճառելով այդ պահին գրասենյակում գտնվող Վահագն Գևորգյանին, Արման Սրապիոնյանին, Վլադիմիր Գևորգյանին և Արման Ավագյանին։ Կրակոցների հետևանքով՝ Վահագն Գևորգյանին պատճառվել է որովայնի միջանցիկ վնասվածք՝ լյարդի պատռվածքով, Արման Սրապիոնյանին՝ ձախ ոտնաթաթի, Վլադիմիր Գևորգյանին՝ աջ ազդրի շրջանի փափուկ հյուսվածների և Արման Ավագյանին՝ աջ ազդրի նստաներվի վնասման ձևով։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց իրական շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ։




Լրահոս