Ովքեր կլինեն ընտրակեղծարարության գլխավոր պատասխանատուները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի շրջանակներում ՀՀ իշխանությունները որոշել են առաջին անգամ իշխանական լծակները կիրառել անկաշկանդ եւ բացեիբաց: Հայաստանի անկախության տարիներին տեղի ունեցած ընտրական գործընթացներում, իսկ հանրաքվեն  առաջին հերթին ընտրական գործընթաց է, իշխանությունները, որպես կանոն, իշխանական լծակները կիրառել են, այսպես կոչված, քողարկված ձեւով: Քարոզարշավում ներգրավված  պաշտոնյաները մշտապես արձակուրդ են մեկնել եւ անհրաժեշտության դեպքում հայտարարել, թե իրենք այդ շրջանում ոչ մի պաշտոնական լծակ չեն տնօրինել: Իհարկե, բոլորը հասկացել են, որ դրանք զուտ հայտարարություններ են եւ իրականության հետ կապ չունեն, սակայն մյուս կողմից այդպիսով պահպանելով իշխանական լծակ չկիրառելու գոնե ձեւական կողմը: Ավելին՝ այդպիսով իշխանությունները նաեւ պաշտոնապես ընդունել են, որ քարոզարշավի շրջանակներում իրավունք չունեն իշխանական լծակներ կիրառել:

Իսկ հիմա սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ-ի քարոզարշավի ղեկավարը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, իսկ տեղակալները՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրանք կլինեն ընտրակեղծարարության գլխավոր պատասխանատուները, քանի որ հենց նրանց տեղակալներ կարգելով՝ իշխանությունը ցանկանում է ազդարարել, որ մտադիր է իշխանական լծակները բացեիբաց օգտագործել:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն գործնականում կարող է դառնալ նոր մոտեցման փորձարկումը 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ: Իսկ միջազգային կառույցներն այս երեւույթի վրա աչք փակելով՝ փաստացի իշխանություններին կարտոնեն, որ 2017-ին նրանք եւս այդ նույն կերպ գործեն եւ իրենց ճաշակով նոր խորհրդարան ձեւավորեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս