«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հակամարտությունը նոր փուլ է թեւակոխում: Երեկ դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը:
Որտեղից սկսվեց ամեն ինչ: Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՔԾ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել էին, քանի որ նա անցնում է ՀՔԾ-ում կաշառքի գործով:
Հայտնի էր դարձել, որ Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի մտերիմներից է, եւ ՀՔԾ պետ Վ. Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված: Բանն այն, որ ըստ հրապարակման՝ Կոստանյանը նախագահին բողոքել է, թե Վահրամ Շահինյանը թաքցրել է իր բարեկամի կատարած հանցագործությունը, սակայն ՀՔԾ պետին հաջողվել է այդ փաստը հերքել: Սակայն Շահինյանը, ուղիղ առճակատումից խուսափելով, փորձել է մեջքից հարվածել Կոստանյանին:
Նշենք, որ հարուցված գործի հիմքում կալանավորի հեռախոսային խոսակցությունն է, բանտից մեկը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը եւ տարել տուն: Թեեւ հետո նույն կալանավորը պնդել է, որ պայմանավորվել են գումարը հետո տալ: Եվ քրեակատարողական հիմանարկներում իրականում կարատվող ապօրինությունների ու դրանց մասին հնչող ահազանգերի ֆոնին նման հնչեղություն է ստանում 30.000 դրամանոց սպորտային համազգեստի գործը: Հավանաբար այս աղմկալի հրապարակումից հետո Գեւորգ Կոստանյանը գործի է անցել եւ ջրի երես է հանում ՀՔԾ-ի թույլ տված սխալները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: