Կառավարության այսօրվա նիստում մերժվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Կառավարության նիստում հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ներկայացված նախագծերի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 82-րդ և 88-րդ հոդվածներում` սահմանելով, որ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիման վրա, ինչպես նաև դրամական պահանջներն ենթակա են կատարման դատական ակտերի հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»` վերացնելով 88-րդ հոդվածով նախատեսված տուգանքի դիմաց գույքի վրա արգելանք դնելու և դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելու վարչական մարմնի իրավունքները:
Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն, գործող իրավակարգավորումն իրավաչափ է, առկա է օրենքի կիրառման գործող պրակտիկա, որով լիարժեք ապահովվում են քաղաքացիների իրավունքները, քանի որ անձից պահանջվում է կատարել այն, ինչն արդեն իսկ պարտավոր էր կատարել օրենքի ուժով, հետևաբար, այս դեպքում հանրային իրավական դրամական պահանջների արտադատական կարգով կատարումը լիովին բավարար է, քանի որ նույնիսկ այս դեպքում պահպանվում է անձի իրավունքը ցանկության դեպքում վիճարկելու դրամական պահանջի հիմքում դրված վարչական ակտը: