Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, մեկնարկեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցով դատական քննությունը:
Արդեն 6 ամիս ձգձգվող դատական վեճի պատճառը «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած երկու հրապարակումներ են՝ «Հանրությունն ուզում է իմանալ», և «Հանրությունն ուզում է իմանալ-2»: Ըստ հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի՝ հոդվածագիրը զրպարտել է իրեն և արատավորել իր բարի համբավը:
Պատասխանող կողմը, սակայն, այսօրվա դատական նիստին, ի պատասխան նախագահողի հարցի, հայտարարեց, որ հայցը չի ընդունում մի պարզ պատճառով՝ վերոնշյալ հոդվածները զրպարտություն չեն պարունակում:
Այսօրվա դատական նիստը մեկնարկեց հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանի բացատրությամբ, ով հերթականությամբ անդրադարձավ հոդվածների պարբերականությանը: Ներկայացուցչի խոսքով՝ օրաթերթի կողմից որպես աղբյուր նշված «որոշ լրատվամիջոցներ» արտահայտությունն աղբյուր հանդիսանալ չի կարող: Ավելին, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ լեգիտիմ աղբյուր չէ նաև «շրջանառվող լուրեր» արտահայտությունը. «Հետևաբար, պատասխանատվություն կրողը պետք է լինի հոդված տարածողը»,- շարունակեց Կարեն Մեժլումյանը՝ հղում անելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկին:
Ներկայացուցիչը հարց բարձրացրեց՝ արդյոք հանրությանն այդ տեղեկությունն անհրաժե՞շտ է եղել. «Տեղեկություն հրապարակելը պետք է հանրային շահ պարունակի: Հայտնի է, որ եթե անձը հանրային դեմք է, հետևաբար, պետք է հանդուրժողականություն դրսևորի, սակայն հանդուրժող լինել չի նշանակում զրպարտություն հանդուրժել: Իմ վստահորդը հանդուրժողականություն է դրսևորել` օրաթերթի նկատմամբ գումարային պահանջ չներկայացնելով: Ռուզաննա Խաչատրյանը երկու երեխայի մայր է, հանրային դեմք, այժմ արդեն դոկտոր, և, բնականաբար, նրա համար կարևոր նշանակություն ունի իր պատիվն ու արժանապատվությունը»,- իր բացատրությունում մասնավորապես նշեց Կարեն Մեժլումյանը:
Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հարց ուղղեց Կ. Մեժլումյանին, թե ում է վերաբերում Ռուզանն Խաչատրյանի ֆեյսբուքյան այն գրառումը, որում ասվում է. «Կապույտի վրա ճանճեր չեն նստում»: Հարցին Կարեն Մեժլումյանը դժվարացավ պատասխանել: Ապա հարց հնչեցվեց, թե արդյոք Ռուզաննա Խաչատրյանը չի գիտակցել կամ հասկացել, որ մի քանի լրատվամիջոցի խիստ անձնական բնույթի հարցազրույցներ տալը կարող է հանրային հետաքրքրվածություն առաջացնել (պատասխանողի ներկայացուցիչը նկատի ուներ Պնախարարի տիկնոջ տված հարցազրույցները, որոնցում վերջինս անդրադառնում է իր և Սեյրան Օհանյանի ծանոթությանը, հանդիպմանը, իրենց երեխաներին և այլն: Այս հրապարակումները կողմը ներկայացրել է դատարանին որպես ապացույց):
Կարեն Մեժլումյանը, հարցին ի պատասխան, նշեց, թե իր վստահորդը չի ցանկացել, որ զրպարտչական երանգներ ստանան նշված հրապարակումները: Դրանից բխեց մյուս կողմի հետևյալ հարցը՝ եթե օրաթերթի` խնդրո առարկա հանդիսացող հոդվածը բավարարեր Ռուզաննա Խաչատրյանին, նա հայց չէ՞ր ներկայացնի: Ռ. Խաչատրյանի ներկայացուցիչն ասաց, թե արդեն պատասխանել է հնչեցված հարցին:
Բացատրությամբ հանդես եկավ նաև «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, տնօրեն Արմինե Օհանյանը, ով, պատասխանելով նախագահողի հարցին՝ ինչո՞ւ հաշտությամբ չեն եզրափակում դատական գործը` հերքում տպագրելով, ասաց. «Հերքում տպագրվում է միայն ժամանակ, երբ հոդվածում առկա է լինում սխալ փաստ, ապատեղեկատվություն: Այստեղ, սակայն, մեր փաստերը ներկայացված չեն եղել: Մենք պատրաստ ենք եղել հրապարակել հերքում, սակայն այն պատշաճ ժամանակին չի ներկայացվել հայցվորի կողմից: Մեզ էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է շաբաթ օրը՝ ոչ աշխատանքային օր: Եվ միայն երկուշաբթի օրը ներկայացվել է փոստային տարբերակով: Այնտեղ նշված է եղել, որ մեզ մեկ շաբաթ ժամանակ է տրվում հերքում տպագրելու համար, սակայն չանցած տասը րոպե՝ ես հարցազրույց տեսա, որտեղ Կարեն Մեժլումյանն ասում է, որ մեր դեմ դատական հայց են ներկայացրել, դիմել են դատարան: Այստեղ ԶԼՄ մասին օրենքի ակնհայտ կոպիտ խախտում կա: Մենք գովազդային գործակալություն չենք, չենք կարող նախարարի կամ նրա տիկնոջ գովասանքով զբաղվել»,- իր խոսքում նշեց Ա. Օհանյանը:
Վերջինս ArmLur.am-ի հետ առանձնազրույցում նկատեց, որ իրենք քաջ գիտակցում են՝ ում կինն է Ռուզաննա Խաչատրյանը, և չեն հանձնվելու ու համառ են լինելու մինչև վերջ: Արմինե Օհանյանի խոսքով՝ սա կարող է լուրջ վտանգ ներկայացնել լրատվամիջոցների հետագա գործունեության համար:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: