ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ «ԱՇԽԱՏԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեի եկամուտների հավաքումն անցած 9 ամիսների ընթացքում, մասնավորապես, հարկեր եւ տուրքերի մասով, այդպես էլ չի մոտենում նախատեսված ցուցանիշներին, եւ թերակատարումների չափը գնալով աճում է:

Այսպես, ըստ ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հավաքվել են 785 միլիարդ 595 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Սա այն դեպքում, երբ 2015 թվականի պետական բյուջեի պլանով այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով հավաքված հարկեր եւ տուրքերը պետք է կազմեին 827 միլիարդ 459 միլիոն դրամ: Այսինքն՝ թերակատարումը կազմել է 41 միլիարդ 864 միլիոն դրամ: Ինչպես հայտնի է՝ այս տարի հավաքված հարկերից 10 միլիարդ դրամը կազմում են ընկերությունների նկատմամբ կիրառված լրացուցիչ տույժերը: Հիշեցնենք, որ նույն հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին իրականացված ստուգումների արդյունքում 162 ընկերությունների նկատմամբ կազմված ակտերի համաձայն՝ նրանք ընդհանուր լրացուցիչ պետբյուջե պետք է վճարեն մոտ 13 միլիարդ դրամի հարկեր: Անցած տարի նույն ժամանակահատվածում ստուգումների ակտերով պետբյուջե գանձված լրացուցիչ հարկերը կազմել էին 3 մլրդ դրամ: Մի խոսքով, եթե ընկերությունների նկատմամբ հարկային տեռոր չիրականացվեր, ապա հարկերից եւ տուրքերից մուտքերն այս տարվա ինն ամիսներին նախատեսվածից պակաս կլինեին մոտ 50 միլիարդ դրամով:
Ինչեւէ, նույնիսկ 41 միլիարդ դրամի պակասորդն արդեն լուրջ ցուցանիշ է: Հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով թերակատարումը կազմում է մոտ 5 տոկոս: Ստացվում է, որ պետբյուջեի ծախսերը եւս այդքանով պետք է կրճատվեն, կամ էլ ՀՀ կառավարությունը նույնքան պետք է ավելացնի պետբյուջեի դիֆիցիտի չափը: 2015 թվականի պետական բյուջեով դեֆիցիտը կազմում է 121 միլիարդ 818 միլիոն դրամ: Այսինքն՝ եթե Հայաստանի պետական բյուջեն սեկվեստորի չենթարկվի, այսինքն՝ ծախսային մասը չվերանայվի եւ չկրճատվի, ապա դեֆիցիտը կավելանա մոտ 35 տոկոսով: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վերջերս խորհրդարանում մի առիթով արդեն իսկ անդրադարձել է սեկվեստորի խնդրին եւ հայտարարել, որ նման տարբերակից իրենք հրաժարվել են: Այսինքն՝ պետական բյուջեի ծախսերը փոփոխությունների չեն ենթարկի եւ չեն կրճատի:
Ի դեպ, բյուջեի թերակատարումը երբ դոլարով ենք դիտարկում, պատկերն ավելի մտահոգիչ է դառնում: Բանն այն է, որ անցած տարի` 2015-ի պետական բյուջեն կազմելիս դոլարի փոխարժեքը հաշվարկվել է մեկ դոլարը 411 դրամով: Այսինքն՝ 2015 թվականի ինն ամիսներին հարկեր եւ տուրքերից ստացվող եկամուտները, ըստ պլանի, պետք է կազմեին ավելի քան երկու միլիարդ դոլար: Սակայն առկա եկամուտները՝ դոլարային արտահայտությամբ առկա 470 դրամ փոխարժեքով, կազմում են 1 միլիարդ 670 միլիոն դոլար: Ստացվում է, որ դոլարով պետբյուջեի թերակատարումը կազմել է ավելի քան 330 միլիոն դոլար:
Թերակատարման դոլարային արտահայտությունը կարեւոր է, քանի որ պետբյուջեի ծախսերի մի մասը, մասնավորապես արտաքին պարտքի սպասարկման համար հատկացվող միջոցները, դրսից կատարվող պետական գնումներն իրականացվում են հենց արտարժույթով: Ուստի փոխարժեքի խնդիրը ոչ միայն չի կարող անտեսվել, այլ նաեւ առավել քան կարեւոր է: Մասնավորապես, եթե ՀՀ կառավարությանը չհաջողվի վարկերի տեսքով այդ պակասուրդը լրացնել, ապա ստիպված է լինելու ՀՀ միջազգային պահուստների հաշվին այդ խնդիրը լուծել: Միջազգային պահուստները վերջին` սեպտեմբերի ամփոփ տվյալներով հանդերձ կազմում են մեկ միլիարդ 625 միլիոն դոլար:
Պետբյուջեի պակասուրդի վերջնական չափը պարզ կդառնա տարեվերջին: Այդ ժամանակ էլ հայտնի կդառնա նաեւ, թե ՀՀ կառավարությունը Հայաստանի միջազգային պահուստների որ մասն է օգտագործել ու որքանով է արտաքին վարկային պարտավորություններն ավելացրել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՕՐԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի վերջին արտահերթ համագումար հրավիրել: ԲՀԿ-ականները ցանկանում են կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ կատարել: Ըստ մեր տեղեկությունների՝ կուսակցության ներսում այս օրերին ակտիվորեն քննարկվում են համագումարի օրն ու օրակարգը: Սակայն դեռեւս հստակ որոշում չկա: Նշվում է նաեւ, որ կուսակցությունում այս օրերին զբաղված են նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի աշխատանքներով, ինչի համար այդ հարցին դեռեւս հստակ լուծում չի տրվել: Բայց մյուս կողմից էլ համագումարը կարող է նաեւ օգտագործվել սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ զբաղվելու համար:

 

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԱԺ ՔԱՌՕՐՅԱ
Երկուշաբթի օրը խորհրդարանում մեկնակելու է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան: Նշենք, որ ԱԺ-ում շարունակվելու է քննարկվել «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը: Ի դեպ, նախքան նիստի մեկնարկը քվեարկության է դրվելու «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 9 հարց, 5 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 161 հարց, 45 միջազգային պայմանագիր:

 

ԻԲՐ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել 150 հազար 160 կգ քաշով շաքար, որը ժամանակավոր պահպանության պահեստում 2 ամսով տրվել է պահպանության: Սակայն ժամկետի ավարտից հետո ընկերության տնօրեն Արշավիր Մինասյանը այդպես էլ նոր հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմնին, ինչի արդյունքում էլ որոշվել է ընկերությանը 50 դրամի չափով վարչական տույժի ենթարկել:

 

ՀՐԴԵՀԵԼ ԵՆ
Երեկ ArmLur.am-ը ահազանգ ստացավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լարված մթնոլորտ է: Ահազանգողները անազատության մեջ հայտնված քաղաքացիների հարազատներն էին, ովքեր վստահեցրին, որ ՔԿՀ-ում ծեծկռտուք է սկսվել: Նրանք փոխանցեցին, որ ծեծողները, ըստ երեւույթին, ՔԿՀ աշխատակիցներ են, ովքեր դիմակավորված են: Սա խուճապի մեջ է գցել կալանավորներին եւ դատապարտյալներին, որոնք իրենց խցերում ինչ-որ իրեր են վառել, եւ հրդեհ է բռնկվել: Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՔԿՎ հանրային կապերի վարչությունից, սակայն վարչության պետ Գոռ Ղլեչյանը պաշտոնապես հերքեց:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԻ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ
«Շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն եւ հասկանան, պատկերացնեն, թե ինչ փոփոխությունների են հանգեցնելու առաջարկվող փոփոխություններն իրենց կյանքում»,-այս մասին երեկ լրագրողներին ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա ընդգծել է, որ շատ կարեւոր է, որ բոլոր կողմերի ձայնը լսելի լինի, եւ բոլորն ունենան լրատվամիջոցներից օգտվելու հավասար հնարավորություններ. «Եվ մենք դեսպանությունում կհետեւենք՝ տեսնելու, թե ինչպես են այդ աշխատանքներն իրականացվում»,- ասել է նա: Դիտարկմանը, որ ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, թե կան նախագահներ, որոնք Սահմանադրություն են փոփոխում՝ իրենց կառավարման ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք Օբաման Սերժ Սարգսյանին է նկատի ունեցել, դեսպանն արձագանքել է. «Նախագահ Օբամայի մեկնաբանությունների վերաբերյալես չեմ կարող անդրադարձ կատարել»:

 

«ՄԱՆՅԱԿ» ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ
«Ճանապարհային ոստիկանությունը պարտադրում է տաքսի սերվիսների սեփականատերերին վճարել վարորդների կատարած խախտումների համար: Ոստիկանությունը որոշել է տաքսի սերվիսներին մատնել հարկային ճնշումների, ինչն անօրինական է, եւ դրա դեմ պատրաստվում ենք բողոքի ակցիա իրականացնել»,- երեկ հայտարարել է «Ավտովարորդների պաշտպանություն» լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Իսկ հարցին՝ թե ինչո՞ւ տաքսի ծառայություններում օրինապահ վարորդների չեն ընդունում աշխատանքի, «Աջակցություն տաքսի սերվիսներին» հ/կ փոխնախագահ Ս. Մկրտչյանը պատասխանել է. «Սերվիսի սեփականատերը հետաքննչականի պետ չի, որ ստուգի, թե ո՞վ է այդ մարդը: Աչքերի մեջ հո գրա՞ծ չէ՝ ինձ ընդունեք աշխատանքի, ես մանյակ եմ»:

 

ՈՉ ԱՅՍ Է, ՈՉ` ԱՅՆ
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը երեկ հրավիրված «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկմանը հայտարարել է, որ օմբուդսմենը չի լինելու ո՛չ ոչ-ի, ո՛չ էլ այո-ի ճամբարների կողմից, այլ լինելու է դիտորդ ու պաշտպան:
«Ես կանեմ հավասարակշռված ձեւով, երկու կողմերին ցույց կտամ թերություններն ու դրական կողմերը եւ մի խորհուրդ կտամ: Քանի որ քաղաքականության մեջ մտնելն արդեն իսկ վտանգավոր է մեզ համար, հետեւաբար մենք անհանգստանում ենք ոչ թե հարձակումներից, այլ քաղաքականության մեջ մտնելուց»,- ասել է նա:

 

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Մերձավոր արեւելքում առկա իրավիճակին եւ նշել, որ սիրիական կոնֆլիկտի հետեւանքով միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է 17.000 փախստական: «Մերձավոր արեւելքում հայկական համայնքների ազգային փոքրամասնությունների խնդիրը մեր մշտական անհանգստության առիթն է»,- ընդգծել է նախարարը: Նալբանդյանը նաեւ անդրադարձել է Իրանի հարցում գործընթացների կարգավորմանը` նկատելով, որ Իրանում տնտեսության զարգացումը էականորեն կփոխի իրավիճակը ողջ տարածաշրջանում:

 

ՉԵՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
«Ցույց տվեք գեթ մի ոլորտ, որտեղ միջամտել եք ու կարգավորել եք: Ժամկետանց դեղորայք կա, սննդամթերք կա: Խոսքը վերաբերում է լուրջ ոլորտի մասին: Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջնում է, բայց Հայաստանում բարձրանում է, էլ չասած՝ բնական մենաշնորհների մասին: Օրինակ՝ գազի հետ կապված միջամտություն արե՞լ եք, առանցքային մի ոլորտ նշեք, որ հանձնաժողովը միջամտությամբ հարց է լուծել: Սպորտային հետաքրքրության համար գոնե մի հարց չի առաջանո՞ւմ, որ ուզենաք լուծել»,- դիմելով ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ երեկ ասել է Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Ի պատասխան` Շաբոյանն արդարացել է, թե իրենք լուրջ գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում, բայց իրենց գործառույթների մեջ պատգամավորի նշած հարցերի կարգավորումը չի մտնում:




Լրահոս