ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կեսօրին, armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ 2015թ ապրիլի 29-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով դատախազության ավագ դատախազ նշանակված Կարեն Բատիկյանն ազատվել է աշխատանքից: Ի՞նչ է կատարվում դատախազությունում, ով ում դեմ է պայքարում:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած պաշտոնական տեղեկությունից այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչու է Կարեն Բատիկյանն ազատվել զբաղեցրած պաշտոնից: Միայն հայտնի է, որ նա ոչ թե սեփական դիմումի համաձայն է ազատվել, այլ պարտադիր կամավորության սկզբունքով:

Խառնաշփոթի հետքերով
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում լարված մթնոլորտ է: Բանն այն է, որ Գեւորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու օրվանից իրավապահ այդ կառույցը, ըստ էության, երկու թեւի բաժանվեց՝ հնաբնակներ, որոնք չեն հանդուրժում երիտասարդ Կոստանյանին այդ պաշտոնում եւ չեն հանդուրժում նրա փշոտ բնավորությունը: Կա նաեւ Կոստանյանին հարազատ թեւ, որն անվերապահ վստահում է նրան: Ու պարբերաբար այս թեւերը բախվում են միմյանց, քանի որ բախվում են նաեւ նրանց շահերը, ու երբ այդ բախումները սկսում են ուղղորդվել նաեւ դրսի կառույցների կողմից, որոնք Կոստանյանին որեւէ կերպ չեն կարողանում հանդուրժել, պատկերն ամբողջական է դառնում: Ինչպես հայտնի է՝ Կոստանյանը լարված հարաբերություններ ունի նախկին գլխավոր դատախազ, ներկայումս ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի, երեկ գրվեց նաեւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի եւ ուժային մյուս կառույցների ղեկավարների հետ:
Բանն այն է, որ Գեւորգ Կոստանյանն այդ պաշտոնում նշանակվելու օրվանից ձգտում է իրեն հնարավորինս անհասանելի պահել: Անգամ մամուլը գրեց, որ իշխանական որեւէ խնջույքի չի մասնակցում, ինչպես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, եւ կատարում է բացառապես Սերժ Սարգսյանի հրահանգները՝ իրենից վանելով նախկին ու ներկա ընկերներին, իշխանության մյուս ճյուղերի ղեկավարներին եւ այլն: Ու, բնականաբար, մեկուսացած այդ կարգավիճակը բերում է հավելյալ լարվածություն դեպի Կոստանյանը:

Վարչապետի հովանավորյալը
Եւ, ինչպես հայտնեցին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, վերջին շրջանում կտրուկ սրվել են ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա տեղակալ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները: Իհարկե, նրանց «ջրերը մի առվով չեն հոսում» դեռ վաղուց. Բադալյանին դուր չի գալիս Գեւորգ Կոստանյանի վարած քաղաքականությունը՝ ընդդեմ դատախազության «հին գայլերի»: Հանուն արդարության նշենք, որ այն ժամանակ Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանը լարված հարաբերությունների մեջ էր նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ. միշտ ձգտում էր գրավել վերջինիս տեղը, բայց չէր ստացվում: Ու այդ մասին ժամանակին մամուլը շատ է գրել: Ինչպես հայտնի է՝ Հրաչյա Բադալյանն այսօր արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի մտերիմն է ու հովանավորյալը, դրա համար միշտ համակարգում իրեն պահել է «ադինոկիյ վոլկ»-ի կարգավիճակում՝ վստահ լինելով, որ իր կարգավիճակի հարցում երբեւէ հետընթաց չի ունենա:
Հիմա դառնանք աշխատանքից ազատված Կարեն Բատիկյանին. ի՞նչ կապ ուներ նրա պաշտոնանկությունը գլխավոր դատախազի եւ նրա տեղակալի տարաձայնության հետ:

Հավանական վարկած
Այն, որ Կարեն Բատիկյանը համարվում է Հրաչյա Բադալյանի թիմի ներկայացուցիչը, դատախազությունում բոլորը գիտեն, եւ չի բացառվում, որ նրա ազատումը կարող է Բադալյանի թիմը թուլացնելու նպատակ ունենար: Գուցե Գեւորգ Կոստանյանը պարզել է, որ Հրաչյա Բադալյանը եւ Կարեն Բատիկյանը իր թիկունքում ինչ-ինչ գործողություններ են իրականացնում, դրա համար էլ պարտադրել է աշխատանքից ազատման դիմում գրել: Պաշտոնապես այս վարկածը մեզ ճշտել չհաջողվեց, քանի որ կայքում տեղադրված ինֆորմացիայից զատ դատախազության լրատվական ծառայությունից չցանկացան «ավել երկու բառ ասել»:
Հիշեցնենք, որ 2015 ապրիլի 29-ին Կարեն Բատիկյանին Կենտրոնի դատախազի պաշտոնից հեռացնելը եւ նոր պաշտոնին նշանակելը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Բանն այն է, որ 2015 մայիսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանի կալանավորումը գրեթե համընկավ Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանի ազատման հետ: Չնայած պաշտոնական հիմք չկար այս երկու իրադարձություններն իրար հետ կապելու, սակայն իրականում փաստ է, որ Հայկ Ավագյանը մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, եւ մեղադրանքը առաջադրվել էր «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» կենտրոնի բակում մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի շուրջ հատուկ քննչական ծառայությունում վերսկսված վարույթի շրջանակներում (հիվանդանոցի բակում անցյալ տարի մարտին ծեծել էին բժշկի, ապա գազային ատրճանակով կրակել նրա դեմքին: Գործը քննվել էր, հետո փակվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով):
Իսկ ինչ կապ ուներ այս պատմության հետ Կարեն Բատիկյանը: Բանն այն է, որ այն ժամանակ Բատիկյանը Կենտրոնի դատախազն էր, իսկ Հայկ Ավագյանը ոստիկանության կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալը: Պարզ է, որ Կարեն Բատիկյանն է վերահսկել այս գործը, իսկ ոստիկանության քննիչը չէր կարող ինքնուրույն որոշում ընդունել ու բժշկի նկատմամբ կատարված խուլիգանության գործը կոծկել: Կարճման որոշումը հաստատել էր հենց Կարեն Բատիկյանը: Երբ այս ամենը բացահայտվեց, Հայկ Ավագյանը կալանավորվեց, իսկ Կարեն Բատիկյանին Կենտրոնի դատախազի պաշտոնից տեղափոխեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ ավագ դատախազի պաշտոնին: Ասել է թե՝ Հրաչյա Բադալյանը կարողացավ իր թիմակցին «թեւի տակ» պահել, եւ մինչ օրս թափուր է Կենտրոնի դատախազի պաշտոնը:
Իսկ թե ինչ ավարտ կունենա Գեւորգ Կոստանյան եւ Հրաչյա Բադալյան հակամարտությունը, դժվար է ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՀԵՌԱՑՐԻՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Սյունիքի մարզի Կապանի անտառապահ Անդրանիկ Մարգարյանի ձերբակալումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Երեկ գրել էինք, որ իրավապահները ձերբակալել էին Անդրանիկ Մարգարյանին, ով աշխատում է Կապանի անտառտնտեսությունում որպես անտառապահ: Չի բացառվում, որ նրա ձերբակալումը կապված է անտառտնտեսությունում գրանցված ապօրինի ծառահատումների դեպքերի հետ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հայանտառ» անտառտնտեսության Կապանի մասնաճյուղի պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գարիկ Միրզոյանը հայտնեց, որ հոկտեմբերի 15-ին Անդրանիկ Մարգարյանին աշխատանքից հեռացրել են, քանի որ անտառտնտեսությունում հայտնաբերվել են խախտումներ. «Ապօրինի հատումներ են եղել, դրա համար նրան հոկտեմբերի 15-ին հեռացրեցինք աշխատանքից, այլ հարցերի չեմ կարող պատասխանել, դուք իրավապահներից պարզեք»:
Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպությունում կամ, առհասարակ, գերատեսչություններում, երբ ապօրինություններ են հայտնաբերվում, ճաղերի հետեւում հայտնվում են շարքային աշխատակիցները, եւ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, խոշոր ձկները մնում են անպատիժ: «Ժողովուրդ»-ը փորձեց Կապանի անտառտնտեսության պետից պարզել՝ մի՞թե նա տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում իր ղեկավարության տակ գտնվող կազմակերպությունում, թե՞ տեղյակ է եղել, սակայն ողջ պատասխանատվությունը անտառապահի գլխին է կոտրվել: Գարիկ Միրզոյանը, բնականաբար, արդարացավ. «Իհարկե, տեղյակ չեմ եղել»:
Իսկ արդյո՞ք Անդրանիկ Մարգարյանը առանց հրահանգի կարող էր ապօրինի ծառահատում իրականացնել, տնօրեն Միրզոյանը նշեց. «Կրկնում եմ՝ մենք տեղյակ չենք եղել, իսկ թե նա ում հրահանգով է գործել կամ ինչո՞ւ է գնացել այդ քայլին, իրավապահները կպարզեն: Իսկ վնասի չափը կորոշի անտառտնտեսությունը»:
Ինչեւէ: Զրուցեցինք նաեւ ձերբակալված Անդրանիկ Մարգարյանի հոր` Նելսիկ Մարգարյանի հետ, որը հայտնեց, թե որդին արդեն 3 օր է՝ ոստիկանության Սյունիքի բաժնում է. «Այն տարածքը, որտեղ որդիս որպես անտառապահ է աշխատում, շատ մեծ տարածք է, ու այնտեղ մտնելն ու հատելը շատ հեշտ է: Ախր, այդ անտառից բոլորն էլ օգտվում են, ու խախտումներ հայտնաբերելը շատ հնարավոր բան է: Ինչ ասեմ, տեսնենք՝ ինչ կլինի: Մենակ մտածմունքս այն է, որ ամուսնացած է, երեխաներ ունի, ով նրա հաց ու ջրին տեր կկանգնի»:
Եւ այստեղ բնական հարց էր առաջանում՝ արդյո՞ք արժի մի քանի ծառ հատելու համար ընտանիքի հորը զրկել ազատությունից: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում կալանքից բացի՝ այլ պատժատեսակ գոյություն չունի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
ՀՀ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք է արձանագրվել՝ 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ` Արագածոտնի մարզի Օհանավան եւ Օշական գյուղերում թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգտագործումը սննդում: Հիվանդները հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 
ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված տնտեսվարողների հակամրցակցային գործունեության համար տուգանքների չափն ավելանալու է: Այս մասին երեկ հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Բայց դա չի վերաբերում մեր երկրի ներսում թույլ տված հակամրցակցային գործողություններին, վերաբերում է անդրսահմանային դեպքերին: ԵՏՄ մրցակցության կանոններով նախատեսվում է տուգանքները խստացնել եւ պետական պաշտոնյաների համար էլ պետք է պատասխանատվության միջոցներ սահմանվեն, եթե խախտում են անում», – հայտնել է նա: Լրագրողները ՏՄՊՊՀ նախագահից փորձել են պարզել, թե էլ ո՞ր ոլորտներում ԵՏՄ մտնելուց հետո կա դրական տեղաշարժ, ինչին ի պատասխան՝ Շաբոյանը նշել է թռչնամսի շուկան. «Մեծ քանակությամբ ներկրվել է թռչնամսի որոշ տեսակներ եւ ռուսական ռուբլու փոխարժեքի հետ կապված տնտեսվարողներին շահավետ է դարձել հավի միս ներկրելը Հայաստան»,- ասել է Շաբոյանը: Ինչ վերաբերում է շոկոլադեղենի շուկայում արձանագրված վերջին էժանացումներին` Շաբոյանն ասել է, թե ինքը դեռ տեղեկություններ չունի, ուսումնասիրություններ է սկսել` բացահայտելու պատճառները: Ինչպես միշտ, կարեւոր եւ արագ արձագանքում պահանջող հարցերում ՏՄՊՊՀ նախագահն անտեղյակ է:

 

ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀ վերքաննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի խափանման միջոցը փոխելու եւ գրավի դիմաց ազատ արձակման հարցով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Դ. Ղեւոնդյանին ազատ արձակելու մասին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Իսկ մարզպետի որդուն` Տիգրան Խաչատրյանին, ազատ արձակելու մասով գլխավոր դատախազության կողմից որեւէ քայլ չարվեց:

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մտահոգիչ է համարում հեռուստատեսությամբ կրիմինալի փառաբանումը` ընդգծելով, որ նաեւ այս հարցում անտարբերության պատճառով է, որ Հայաստանում սկսել է աճել անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը: «Ես տեսնում եմ խնդիր. հանցագործությունը երիտասարդանում ա, մենք յուրաքանչյուրս փայաբաժին ունենք այդ մեղքի մեջ: Կա՛մ մենք կդարձնենք անչափահասներին օրինապաշտ քաղաքացի, կա՛մ փողոցը, էսպես կոչված՝ կրիմինալը կդարձնի մեր վաղվա օրվա կլիենտը: Դրա համար էլ կարեւոր եմ համարում անչափահասների հետ տարվող աշխատանքները»,- ասել է ոստիկանապետը:




Լրահոս