ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: Հոկտեմբերի 16-ին «Հայագրոֆորում» համաժողովի բացմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ 14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին կհատկացվի 8 տոկոսով, իսկ 6 տոկոսը կսուբսիդավորվի կառավարության կողմից: Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ վարչապետի առաջարկած վարկատեսակից իրենք չեն կարողանում օգտվել:

Նշենք, որ վարչապետի այդ հայտարարությունը գյուղացիների մոտ մեծ հույսեր արթնացրեց: Առանց այդ էլ վարկերի տակ կքած հայ գուղացին սոցիալապես անապահով վիճակում է, եւ սա եւս մեկ հնարավորություն է՝ աշնան ամիսներին նախատեսված գյուղատնտեսական աշխատանքները լիարժեք իրականացնելու եւ հաջորդ տարի նորմալ բերք ստանալու համար: Առավել եւս, որ խաղողի, սմբուկի, լոլիկի վարունգի մթերման հետ կապված լուրջ խնդիրներ եղան այս տարի եւ գյուղացիների այս տարվա ակնկալիքները մասնակի արդարացան կամ էլ ընդհանրապես չարդարացվեցին:
Եւ այսօր «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի եւ մի քանի այլ մարզերի բնակիչներից, ովքեր մեծ անհամբերությամբ սպասում են գյուղացիական վարկերին: Նրանք ցանկանում են հասկանալ, թե երբ կարող են ստանալ այն: Այսօր արդեն հոկտեմբերի 24-ն է, եւ այս պահի դրությամբ առարկայական ոչինչ չկա արված. բանկերում առաջարկվում է սովորական, բարձր տոկոսներով վարկեր:
«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից փորձեց հստակեցնել, թե ՀՀ վարչապետի կողմից մատնանշված վարկատեսակը երբվանից է տրվելու, որ բանկերի միջոցով, քանի տարի ժամկետով եւ իրականում ինչ տոկոսադրույքներով:
Ի պատասխան՝ ՀՀ կառավարությունից ստացել ենք հետեւյալ գրությունը. «ՀՀ կառավարության 31 մարտի 2011թ թիվ 349-Ն որոշումով հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի»՝ ՀՀ գյուղացիական տնտեսություններին վարկերը տրամադրվում են հետեւյալ պայմաններով.
– վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով,
– առավելագույնը 2 տարի ժամկետով,
– տարեկան առավելագույնը 14% տոկոսադրույքով,
– վարկի գումարը չի կարող գերազանցել 3 մլն ՀՀ դրամը,
– վարկերի մայր գումարի եւ տոկոսների վճարման համար վարկառուներին տրամադրվում է առնվազն 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:
Վարկերը մինչ օրս տրամադրվել են հետեւյալ բանկերի կողմից.
– ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
– Արդշինբանկ
– ՎՏԲ-Հայաստան Բանկ
– Պրոկրեդիտ Բանկ
– Կոնվերս Բանկ
Վարկավորման նպատակով վարկառուներից (գյուղացիական տնտեսություններից) պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է բանկերի կողմից՝ համաձայն վերջինների ներքին ընթացակարգերի:
Աշնանային գյուղատնտեսական աշխատանքների հետ զուգահեռ ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի hամատեղ ջանքերով 2015թ. հոկտեմբերից սկսվել է գյուղվարկերի վերաֆինանսավորման աշնանային փուլը»:
Իհարկե, թղթի վրա, գեղեցիկ ձեւակերպումներով, իրավիճակը միանգամայն հասկանալի է, քանի որ «թղթերով» բոլոր գործընթացները սահուն գնում են: Բայց իրականում վարչապետի հայտարարությունից անցել է 8 օր, եւ այս պահի դրությամբ դեռ հստակ հայտնի չէ, թե գյուղացիական վարկերը ե՞րբ են տրվելու: Գյուղացիները դժգոհում են, որ այդ վարկատեսակից չեն օգտվել, քանի որ «բանկերը փող չեն տալիս»՝ ամենատարբեր պատճառաբանություններով:
Այսպիսով, մի կողմից կառավարությունից հայտնում են, որ դեռեւս հոկտեմբերից սկսվել է գյուղվարկերի վերաֆինանսավորումը, այնուամենայնիվ, փաստն այն է, որ բանկերը դեռ չեն տրամադրում վարկեր: Հուսանք՝ գոնե հրապարակումից հետո արձագանքները դրական կլինեն: Հակառակ դեպքում, ստացվում է, որ մինչեւ կառավարությունը, «բարեկենդանի» հայտնի ասույթի պես, տեղից կշարժվի եւ կանի «մեկ, երկու, երեք չորս», նոյեմբերը կսկսվի ու «մեկ-երկու»-ի սկզբունքով արագ կավարտվի, եւ գյուղացիները աշնանային գյուղատնտեսական գործընթացին չեն հասցնի մասնակցություն ունենալ: Իսկ եթե աշնանը չցանեն, ի՞նչ հնձեն տարվա մյուս եղանակներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս