ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամին դարձյալ անդրադարձավ նույնականացման քարտերով և կենսաչափական անձնագրերով քվեարկությանը: Ըստ նրա՝ հիմա ՀՀԿ մեծամասնությունը որոշել է իրավիճակը լուծել, բայց «ունքը սարքելու տեղը, աչքն էլ տալիս հանում է»:
«Ուրեմն պետք է մտածել մեխանիզմ բացված միջանցքը փակելու մասին: Հիմա ասում են՝ ժամանակ չկա, մի ամիս ժամանակ է մնացել: Բայց կան տարբերակներ, որոնք ոչ ժամանակ են պահանջում, ոչ էլ մեծ ջանքեր: Օրինակ մատները թանաքոտելու միջոցն է, որը շատ հեշտ մեթոդ է: Սրա հետ կապված էլի հիմնական զեկուցողն ասում է՝ գիտեք, կիրառել են տարբեր տեղեր, օրինակ Հնդկաստանում, Վրաստանում դրա հետեւանքները լավ չեն եղել: Գոնե ուրիշ երկրների անուն տայիք»:
Այնուհետև դիմելով Հովհաննես Սահակյանին, նշեց. «Եվ ի վերջո հիմնական զեկուցող Հ. Սահակյանն իմ մասին խոսում եւ ասում է հետեւյալը, ասում է՝ «դուք որպես ազնիվ պատգամավոր»: Հասկանում եք՝ Հանրապետական խմբակցության պատգամավորն է այդպես ասում իմ մասին: Պարոն Սահակյան, մենք ի՞նչ ազնիվ, բոլոր ազնիվ պատգամավորները հավաքված են ձեր խմբակցությունում: Ես ձեր իշխանության տարիներին երկու անգամ դատվել եմ քրեական հանցագործություններ կատարելու համար: Ո՞նց ա ձեր լեզուն պտտվում ինձ ազնիվ ասել, ազնիվը դուք եք, ազնիվը ձեր խմբակցությունն է: Ազնիվը ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է, ձեր խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն է, որոնց համատեղ ջանքերով դեռ 1999 թ.-ին ՀՀ դատարանն ինձ երեք տարվա ազատազրկման է դատապարտել»: