Արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանի խոսքով` մարդիկ նույնիսկ չգիտեն, որ ինքը գրող է, գրական դաշտի հետ իր շփումներն էլ սահմանափակ են. ուղղակի ուսումնասիրում է կյանքը որպես գրող: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ արձակի ներկայիս խնդիրներին` կարծիք հայտնելով, որ մենք վիպական իրականություն չունենք, ըստ նրա` ընկալման մեր դաշտը սահմանափակված է լեռներով, եւ այդ դաշտը վեպ ունենալու համար փոքր է:
-Հրաչյա՛, հիմա կա՞ մի նոր գործ, որի վրա աշխատում եք, այս տարի նոր հրատարակություն կլինի՞:
-Դեռեւս 2008-ից մրցանակի արժանացած գործ ունեմ` «Ապուշների ուղեւորությունը», դա իմ առաջին վեպն է, որը մինչ օրս չեմ հրատարակել, այն մինչեւ տարեվերջ լույս կտեսնի:
-Արձակագրի համար մեր ժամանակներում ապրելը, ներկայիս գրական դաշտում գործելը հետաքրքի՞ր է:
-Ես գրական դաշտի հետ լայն շփումներ չունեմ, շփումս այդ շրջանակներւմ սահմանափակ է, ես ինձ զգում եմ սովորական քաղաքացի, որը ինչ-որ բաներ է գրում եւ հանձնում թղթին, որի համար կյանքը հետաքրքիր է, որովհետեւ նա ունի աշխարհին նայելու իր կերպը: Քեզ բավականություն է պատճառում երեւակայությունը, կյանքն է հետաքրքիր եւ գրականությունը…Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ ես գրող եմ. ես ուղղակի ուսումնասիրում եմ կյանքը որպես գրող:
-Ձեր` «Երկվորյակների արեւը» վեպի ստեղծման հետ կապված մի առիթով նշել եք, որ այդ մի քանի տարիների ընթացքում Ձեզ համար ստեղծել եք այլընտրանքային իրականություն եւ դրա մեջ ապրել: Դժվար չէ՞ մտացածին եւ իրական աշխարհներում զուգահեռ ապրել:
-Ըստ էության, այդ աշխարհներում զուգահեռ ապրելու խնդիր չի էլ լինում. կա՛մ այնտեղ ես անհետանում, կա՛մ այստեղ ես վերադառնում: Երբ հասունանում է այն աշխարհ մտնելու պահը, դու դուռը բացում ես ու մտնում: Գրողներ կան` օրը մի էջ պարտադիր գրում են, ես այդպես չեմ կարող. պետք է այդ աշխարհը հասունանա իմ ներսում, տեղափոխվեմ այնտեղ եւ այս աշխարհի հետ կապերս խզեմ: Իմ երազանքն այնպիսի վեպ ստեղծելն է, որի մեջ ես հնարավորինս երկար կապրեմ: Նաեւ դրանով է պայմանավորված, որ ես փոքր ծավալով գործեր, օրինակ` պատմվածքներ, չեմ գրում:
-Նշել եք նաեւ, որ «Երկվորյակների արեւը» գրելուց հետո սկսել եք հավատալ Աստծուն: Աստծո եւ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
-Ես հավատքի եկել եմ մտածելու եւ ճանաչելու շնորհիվ, միանգամից չեմ հավատացել Աստծուն: Չէի ասի, թե խորը հավատացյալ եմ, բայց հավատում եմ Աստծուն: Ինձ համար գրելը նույն արարչագործությունն է, գիրն էլ իմ աստվածությունն է: Իհարկե, ես զգում եմ իմ ստեղծած աշխարհի անկատարությունը, բայց ես այնտեղ ուժ եմ ստանում, երբ ստեղծագործում եմ, զգում եմ, որ Աստծուց մի մասնիկ ունեմ:
-Երբեմն ասում են` Հրանտ Մաթեւոսյանից հետո մենք արձակ չենք ունեցել: Դուք ի՞նչ կասեք:
-Մաթեւոսյանից հետո մենք, իհարկե, ունեցել ենք արձակ. նա Բակունցի ճյուղն էր շարունակում, գուցե 100 տարի հետո մեկ ուրիշն էլ գա` իրեն շարունակի: Արձակի մեջ մեզ հարկավոր է բազմազանություն, իսկ մենք դա ունենք, մենք տաղանդավոր արձակագիրներ ունենք, պարզապես նրանց դեռ պետք է բացահայտել: Ինձ համար Զորայր Խալափյանը շատ մեծ արձակագիր է` ըստ արժանվույն չգնահատված: Մենք Լեւոն Խեչոյան ենք ունեցել, Գուրգեն Խանջյան ունենք: Նրանց շարունակողները դեռ պետք է կայանան: Մի՛ մոռացեք, որ գրականությունը սպասում է ամբողջացման. գրողի կյանքը դեռ չի ամբողջացել, ժամանակաշրջանը չի իմաստավորվել: Ինչ վերաբերում է արձակին, ապա պետք է նկատենք, որ մենք վիպական իրականություն չունենք: Նույնիսկ Մաթեւոսյանը դժվարանում էր վեպ գրել (թեեւ նրա ամեն վիպակը մի վեպ արժեր): Այն իրականությունը, որ նյութ է տալիս մեծ վեպին, այն իրադարձությունները, որոնք, օրինակ, Հյուգոյի «Թշվառներն» են ստեղծել, մենք չունենք: Վեպ ստեղծելու համար մեզ մնում է միայն գիտակցության, ներաշխարհի տարածքը. դա է վեպի մեր ուղին: Մենք փակված ենք, ընկալման մեր դաշտը սահմանափակված է լեռներով, եւ այդ դաշտը վեպ ունենալու համար փոքր է:
-Եթե հետադարձ հայացք նետենք եւ հիշենք, թե ինչ հարաբերություններ ունեին մեր մեծ գրողները կամ ինչպես էին միմյանց մասին արտահայտվում, օրինակ, Թումանյանն ու Չարենցը, եւ վերադառնանք մեր իրականություն, կարծես թե պատկերը բավական փոխվել է: Իհարկե, բոլոր ժամանակներում էլ եղել են բանավեճեր, անգամ գզվռտոցի հասնող կոնֆլիկտներ, սակայն այսօր, կարծես, քիչ գրողներ կան, որոնք խոստովանում են դիմացինի արժանիքների մասին…
-Մեծությունները միշտ հասկանում են, որ իրենք մեծության հետ գործ ունեն, միայն փոքր մարդն է վախենում մեծությունից, ինչպես այն փոքր առարկան, որ կարող է մնալ մեծի ստվերում: Այո, բոլոր ժամանակներում եղել են ուրիշների վրա քար գցողներ, ի՞նչ է` Չարենցն ու Թումանյանը չեն քարկոծվե՞լ: Քարկոծողներ միշտ էլ եղել են եւ կան, բայց դրանք Արարատին նետված քարեր են եւ տեղ չեն հասնում…
ԵՐԳՉՈՒՀԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԻՐ ՏԵՂԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ
Վերջերս գյումրեցի օպերային երգչուհի Լեոնորան (Արեւիկ Գրիգորյան-Թանաշյան), Վարշավայում մասնակցելով լեհ նշանավոր երգչուհի Աննա Հերմանի անվան միջազգային մրցույթին՝ հանդես է եկել «Ավե Մարիայով» եւ արժանացել «Գրան Պրի»-ի՝ իր արտակարգ ձայնի, կատարողական բարձր վարպետության համար: Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էլ Լեոնորան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, մասնակցելով Sofia Grand Prix-2015 միջազգային մրցույթին, կրկին արժանացել էր «Գրան Պրի» մրցանակի: Դե, իսկ դրանից առաջ էլ նա Երեւանում ներկայացել էր «Կովկասյան առաջնություն» անվանումը կրող միջազգային մրցույթին եւ էլի ստացել «Գրան Պրի»: 4 ամսվա ընթացքում 3 «Գրան Պրի»-ի արժանացած երգչուհին, սակայն, իր տեղը չի գտնում հայրենիքում:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ով է հոգում Լեոնորայի` արտասահման մեկնելու, միջազգային մրցույթներին մասնակցելու ծախսերը, արդյոք պետությունը ֆինանսավորում է օպերային երգչուհուն, վերջինս պատասխանեց. «Ֆինանսական հարցերով զբաղվում է ամուսինս, ով նաեւ իմ մենեջեր-պրոդյուսերն է: Կան որոշ անձինք, ովքեր գնահատելով իրական արվեստն ու մշակույթը՝ մեզ թիկունք են կանգնում, հատկապես, երբ իմանում են, որ դրսում ներկայացնելու եմ Կոմիտաս, հայ մշակույթը: Օգնողները հիմնականում սփյուռքահայեր են, իսկ ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա նշեմ, որ մենք մի քանի անգամ դիմել ենք մշակույթի եւ սփյուռքի նախարարություններին, սակայն ապարդյուն: Մեզ պատասխանել են, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում եւ համապատասխան ֆինանսներ չունեն, որ մեզ աջակցեն»:
Ի դեպ, Լեոնորան փորձել է մուտք գործել Ալ. Սպենդարյանի օպերային թատրոն, ցանկություն հայտնել այնտեղ աշխատելու, մասնակցել է լսումների, սակայն այդ ջանքերը որեւէ արդյունք չեն ունեցել. «Ինձ հասկացրեցին, որ ես իրենց պետք չեմ: Իսկ ես իմ տաղանդը գնահատում եմ եւ չեմ փորձի ավելորդ անգամ թակել իրենց դուռը: Ինչպես հասկացանք՝ արտասահմանում մեզ ավելի շատ են գնահատում, քան հայրենիքում»,-ասաց երգչուհին:
Լեոնորայի խոսքով` ինքը իր ընտանիքի, փոքրիկ զավակի ապագան տեսնում է արտերկրում. «Հայաստանում ապրում եմ ժամանակավոր, բալիկս հիմա դեռ փոքր է, կոնկրետ պլաններ չունենք, բայց ես ու ամուսինս պետք է ընտրենք մի երկիր, որտեղ նա խոստումնալից ապագա կունենա: Եվ, այնուամենայնիվ, թեեւ ես այստեղ գնահատված չեմ, ես իմ հայրենիքը սիրող մարդ եմ, ամեն տեղ ես ներկայանում եմ որպես հայ, որպես գյումրեցի, որքան էլ դրսում գնահատված լինեմ, ես չեմ ուրանում իմ արմատները»,-եզրափակեց երգչուհին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԶՎԱՐԹՆՈՑԸ ԿԴԱՌՆԱ ԿԱՊՈՒՅՏ
ՄԱԿ-ի օրը` հոկտեմբերի 24-ին, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 -ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջեւ հարաբերությունը, ինչը նաեւ խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաեւ Հայաստանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից՝ հոկտեմբերի 24-ին` ժամը 19:00-ից մինչեւ 21:00¬ն, կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը:
ԿԱՆՉԵԼ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Առնոլդ Շվարցենեգերին պատասխանատվության են կանչել բանտարկյալի մահվան համար: Քալիֆորնիայի նահանգապետ լինելու տարիներին (2003- 2011 թթ.) դերասանը ապարդյուն փորձում էր իր նահանգի Avenal State Prison բանտում պայքարել Ռիֆթ-Վալլի տենդի վիրուսի դեմ: Ինչպես հայտնում է News.am-ը` հղում անելով TM2-ին, ոմն Ռոդնի Թեյլոր Սվիֆթի (բանտարկվել էր թմրադեղեր տարածելու համար) ընտանիքը հավաստիացնում է, որ բանտարկյալը մահացել է վերոնշյալ վիրուսից (որով բանտում էր վարակվել), իսկ նահանգի կառավարությունը՝ ի դեմս նահանգապետի, վարակի մասին ժամանակին չի տեղեկացրել ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով էլ Թեյլորը մահացել է:
Նշենք, որ մեկ այլ բանտի բանտարկյալների 22 ընտանիքներ նույնպես դատի են տվել դերասանին այն բանի համար, որ նա ժամանակին չի կարողացել կանխել վարակի տարածումը բանտում ու թույլ է տվել, որ համաճարակը տարածվի:
ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Աշխարհահռչակ զույգ Բեյոնսեն եւ Ջեյ Զին մեկ տարով իրարից բաժանվել են, երբ տարածվել են ռեփերի եւ Ռիհաննայի սիրային հարաբերությունների մասին լուրերը։ Այս մասին ասվում է Բեյոնսեի մասին նոր կենսագրական գրքում։ Այս բացահայտումները կատարում է լավագույն վաճառքներ արձանագրած հեղինակ Ռենդի Տարաբորելին՝ Բեյոնսեի մասին պատմող «Becoming Beyoncռ: The Untold Story» ոչ պաշտոնական կենսագրական գրքում։
Բեյոնսեն եւ Ջեյ Զին, որոնք սկսել են հանդիպել 2000թ-ից, բաժանվել են 2005թ-ին, երբ Ջեյ Զին սիրահետում էր այդ ժամանակ 17-ամյա Ռիհաննային եւ օգնում նրա առաջին դեբյուտային երգի՝ «Pon De Replay»-ի տարածմանը։