ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Երեկ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Երեւանյան ֆորումի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ընթերցել է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը: Ի դեպ, Վ. Տորկունովը Ս. Սարգսյանին է հանձնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշման համաձայն թողարկված հատուկ հուշամեդալը, որով Ս. Սարգսյանը պարգեւատրվել է:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակային տեղերի մրցույթին մասնակցելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն:
Ալինա Հովհաննիսյան (33 տարեկան, իրավաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում են՝
ա) դիմում՝ հասցեագրված մրցութային հանձնաժողովի նախագահին, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
բ) դիմում-հարցաթերթիկ (ըստ ներկայացված ձեւի),
գ) կրթության վկայականի եւ ներդիրի պատճենը նոտարական վավերացմամբ, իսկ կրթաթոշակ հատկացնող երկրի պահանջի դեպքում նաեւ ավարտական դասարաններում կամ կուրսում սովորողները առաջադիմության թերթիկ կամ ակադեմիական տեղեկանք` թարգմանությունը նոտարական վավերացմամբ,
դ) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
ե) 3×4սմ չափսի լուսանկար (ըստ պահանջվող քանակի),
զ) անձնագրի պատճենը
է) ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները ներկայացնում են նաեւ մասնագիտական ռեֆերատ պահանջվող լեզվով, անհրաժեշտության դեպքում՝ համառոտագրություն հայերեն լեզվով,
ը) այլ փաստաթղթեր, եթե դրանք պահանջվում են կրթաթոշակ տրամադրող երկրի կողմից,
թ) դիմորդը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ փաստաթղթեր կցել անձնական գործին:
Դիմորդները նշված փաստաթղթերը ներկայացնում են անձամբ:
Նշենք, որ բացառիկ դեպքում (հիվանդության, հանրապետությունից բացակայելու եւ այլն) դիմորդը կարող է ներկայացնել փաստաթղթեր ներկայացուցչի միջոցով:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում ՀՀ ԿԳՆ-ն 2012-2014 թվականներին արտերկրյա բուհեր է ուղարկել 710 ուսանողի, որոնցից 588-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե երեխայի ծնողները հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ապա այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիության հարցը:
Հրայր Թումանյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների՝ մինչեւ 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նրանց՝ մինչեւ 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014 թվականին Հայաստանից եւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է ավելի քան 22 հազար մարդ: Ի դեպ, ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2007թ. մինչեւ օրս երկքաղաքացիություն է ստացել 53 հազար 322 օտարեկրյա քաղաքացի: Նրանցից 11 հազար 637-ը երկքաղաքացիություն են ստացել անցած տարի: