ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՈՒՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները երեկ վերջնականապես ազդարարեցին, որ ցանկանում են ընտրողներին թույլատրել նույնականացման պլաստիկ քարտերով մասնակցել քվեարկությանը:

Բանն այն է, որ ԱԺ-ի երեկ ընդունած որոշմամբ ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մելիքյանի եւ Գագիկ Մինասյանի հեղինակած օրենսդրական փաթեթը ոչ միայն խորհրդարանի քառօրյա ընդգրկվեց, այլ նաեւ դրա քննարկման հատուկ կարգ սահմանվեց: Ըստ այդմ, նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է նաեւ երկրորդ ընթերցմամբ քվեարկվի: Նշված օրենսդրական փաթեթին մենք արդեն մեկ անգամ անդրադարձել ենք: Ըստ այդմ, ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է փոխել ԸՕ 64-րդ հոդվածում, որպեսզի ընտրողները նույնականացման քարտերով եւս քվեարկելու իրավունք ունենան: ԸՕ-ում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ (66-րդ հոդվածում) ամրագրվում է, որ նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվում, եւ քարտերի դրոշմակնքված լինելու հանգամանքը չի ստուգվում:
Հիշեցնենք, որ նույնականացման քարտերը անձնագրին փոխարինող պլաստիկ փաստաթղթեր են, որոնց մեջ առկա է նաեւ էլեկտրոնային կրիչներ: Այսինքն՝ նույնականացման քարտերի վրա պարզապես հնարավոր չէ ժամանակավոր դրոշմակնիք դնել, որը 12 ժամ հնարավոր չլինի մաքրել, ինչպես դա արվում է անձնագրերի դեպքում: Մյուս կողմից նույնականացման քարտերի վրա բացակայում է քաղաքացու հաշվառման հասցեի մասին նշումը: Հենց այս երկու հանգամանքները հաշվի առնելով՝ միանշանակ կարող ենք պնդել, որ ընտրողներին նույնականացման քարտերով քվեարկելու իրավունք տալով՝ իշխանություններն ընտրությունները կեղծելու նոր եւ անսպառ հնարավորություն են ստեղծում: Իհարկե, նման համոզմունք չէր լինի, եթե ընտրությունները հենց իշխանությունները չկեղծեին: Բայց ողջ խնդիրն այն է, որ վերջին քսան տարիներին Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրությունների փորձը ցույց է տվել, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձեւերով կեղծում են ընտրությունների արդյունքները: Իսկ իրավապահներն էլ ոչ թե կեղծիքների դեմ են պայքարում, այլ ապահովում են, որպեսզի կեղծարարները հնարավորինս անկաշկանդ կեղծեն: Ծայրահեղ դեպքում, երբ ընդդիմությանը հաջողվել է ընտրակեղծարարի ձեռքից բռնել, կատարողները, որպես կանոն, ձեւական պատիժների են արժանացել, եւ հետագայում իշխանությունները նրանց առատաձեռն վարձատրել են իրենց «ծառայությունների» համար:
Այսինքն՝ երբ ասվում է, որ ընտրական գործընթացները հնարավորինս պետք է թափանցիկ լինեն եւ վերահսկելի, դա հատուկ նրա համար է, որպեսզի ընդդիմությունը հնարավորություն ունենա վերահսկել իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու գործընթացը: Ի դեպ, հնարավորությունը դեռ չի նշանակում, որ ընդդիմությունը կկարողանա դա անել: Մինչ օրս նման հնարավորություն եղել է, բայց ընդդիմությունը, որպես կանոն, ռեսուրսների անբավարարության պատճառով չի կարողացել լիարժեք վերահսկել բոլոր՝ մոտ 2000 տեղամասերը: Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն անցկացնելու նպատակով կազմավորվել է 1997 տեղամաս, այս թիվը հրապարակվել է երեկ: Սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի ճամբարում արդեն իսկ կոչեր են հնչում, որ իրենք պետք է 4 հազար դիտորդ ունենան: Ուստի չի կարելի բացառել, որ այս անգամ ընդդիմությանը կարող է հաջողվել տեղամասերը լիարժեք վերահսկողության տակ վերցնել:
Բայց մյուս կողմից էլ ՀՀ 176 հազար քաղաքացիներ անձնագիր չունեն, եւ նրանց անձը հաստատող միակ փաստաթուղթը նույնականացման քարտն է: Եւ որպեսզի լուծվի նրանց՝ ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու հնարավորության հարցը, պետք է քվեարկեն նույնականացման քարտերով, որը, ինչպես նշեցինք, կրկնակի քվեարկության անսահման հնարավորություն է ստեղծում: Եւ այս մեխանիզմը բացահայտելու համար դիտորդները նույնականացման քարտով տեղամաս եկող բոլոր ընտրողներին մանրակրկիտ պետք է ստուգեն, ինչը ընտրողների ակտիվ հոսքի ժամերին գրեթե անհնար է:
Սակայն ցանկության դեպքում իշխանությունները կարող են ներդնել «ընտրողի վկայականի» ինստիտուտը: Այս նպատակով ընտրողներին կարող են տրվել սովորական կապույտ անձնագրերի պես հատուկ պաշտպանությամբ փաստաթղթեր՝ կոնկրետ ընտրություններին մասնակցելու համար: Սակայն այս համակարգը ներդնելը իր մեջ մի «վտանգ» է պարունակում. եթե անցում կատարվի «ընտրողի վկայականին», ապա ընտրական ցուցակները եւս պետք է սկսեն մաքրել՝ դրանցում ներառելով միայն համապատասխան փաստաթուղթն ստացած քաղաքացիներին: Արդյունքում, ընտրությունների կեղծման ամենամեծ ռեսուրսը՝ ավելի քան 600 հազար գոյություն չունեցող ընտրողների գործոնը վերանում է: Իսկ ամբողջությամբ կեղծիքի վրա հիմնված իշխանությունները չեն կարող իրենց նման «շռայլություն» թույլ տալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԽՈՒՄԲ-ԽՈՒՄԲ
Անցած շաբաթ օրը ՀՀԿ-ում որոշել են, թե ովքեր են լինելու «Այո»-ի շտաբի պետի տեղակալները, նրանք են՝ Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովսեփյանը, Արմեն Երիցյանը, Լեւոն Յոլյանը եւ Վահրամ Բաղդասարյանը: Իսկ շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արդեն լծվել է աշխատանքի: Երեկ նա ՀՀԿ-ական պատգամավորներին տեղեկացնում էր, թե իրենք որ քարոզչական թիմում են ու կոնկրետ որ մարզում պետք է քարոզչություն ծավալեն: «Ինչպես յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ, այնպես էլ այս քարոզարշավի ընթացքում լինելու են մարզային հանդիպումներ»,- երեկ ասաց Կարեն Կարապետյանը: Նա նաեւ համոզված է, որ իրենց շտաբին կհաջողվի համոզել ժողովրդին, որպեսզի սահմանադրական փոփոխություններին այո քվեարկեն:

 

ՍԱԶԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է ՕԵԿ առաջնորդ, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ: Հանդիպումը կայացել է ՕԵԿ գրասենյակում: Ուրիխանյանն ու Բաղդասարյանը բավական երկար զրույցել են: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ուրիխանյանից ճշտել այս լուրերը, սակայն նա հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ կրկին ուղղորդելով դիմել իր խոսնակին:
Իսկ «Հայկական վերծնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամլո խոսնակ Վահե Մոսիյանն էլ այս լուրերի առնչությամբ ասաց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի այդ հանդիպման մասին, ուստի չի կարող ո՛չ հերքել ու ո՛չ էլ հաստատել: «Եթե անգամ նման հանդիպում եղել է, ապա ոչ հրապարակային, որեւէ տեղեկություն չունեմ»,- պատասխանեց Մոսիյանը:

 

ՆՍՏԱՑՈՒՅՑ
Երեկ ԱԺ դիմաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները պատրաստվում էին նստացույց անել: Նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում են հանդիպել Հրայր Թովմասյանին՝ 7 հազարից ավել քաղաքացիների ստորագրությամբ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ իրականացնելու վերաբերյալ գրությունը նրան հանձնելու համար: «Մենք գտնում ենք, որ աշխատակազմի ղեկավարը պիտի անձամբ դուրս գա, որ բյուրոկրատական պատճառներով չկորեն ստորագրությունները: Պահանջում ենք նաեւ, որ Գալուստ Սահակյանը եւ կուսակցությունների ղեկավարները հանդիպում ունենան քաղաքացիների հետ, որպեսզի քննարկենք մեր կողմից առաջ քաշած հարցերը, այն է՝ ինչպես ստացվեց, որ մեր երկրում կա սահմանադրական փոփոխությունների պակաս, բայց դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում»,- ասաց Անդրեասյանը: Ըստ նրա՝ իրենց ակցիան շարունակվելու է քառօրյայի բոլոր օրերին:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՁԵՎԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ ճշտելու դատապարտյալների նկատմամբ դիմակավորված անձանց կողմից բռնության մասին տեղեկությունները:
Ու թեեւ ծառայողական քննությունը երեկ է նշանակվել, վարչության պետն արդեն պնդում է, թե նման բան տեղի չի ունեցել. «Իրականությանը չի համապատասխանում, որ աշխատակիցները հարձակվել են բանտարկյալների վրա, – «Ազատությանն» ասել է Օսիկյանը՝ մանրամասնելով,-հաղորդում ենք ստացել, որ խցերից մեկում հեռախոս կա: Մի քանի խցերում խուզարկություն է կատարվել, հայտնաբերվել են արգելված առարկաներ, այդ թվում նաեւ՝ բջջային հեռախոսներ: Բնական է, որ ում մոտից դրանք հայտնաբերվել են, դժգոհություն են հայտնել»,- ներկայացրել է նա:

 

ԿՄԵԿՆԻ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ը կայցելի Տաջիկստան՝ մասնակցելու Դուշանբեում կայանալիք ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

 

ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (11 արկ) եւ 82 (5 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ներկա են լինելու եւ ելույթ են ունենալու նաեւ «Ժառանգություն», ՀԺԿ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:

 

ԿՓՈԽԱՏԵՂԵՆ
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտնել է, որ միջազգային պատվիրակություններից հետ է կանչվել Ստեփան Մարգարյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Էլինար Վարդանյանը, ով ՆԱՏՕ-ի անդամ էր, ինչպես նաեւ՝ Միքայել Մելքումյանը, ով Սեւծովյան համագործակցության հանձնաժողովի անդամ էր: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ այս պահին խմբակցությունը հինգ ազատ տեղ ունի միջազգային պատվիրակություններում, ուստի առաջիկա օրերին կքննարկեն հարցն ու կանեն անհրաժեշտ փոխատեղումները: Զոհրաբյանը նաեւ նշել է, որ առայժմ Ս. Մարգարյանի եւ Է. Վարդանյանի` ԱԺ մշտական հանձնաժողովներից հետկանչի խնդիրը չի քննարկվել:

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հրաժարվել է հանդիպել Ազգային ժողովի առջեւ նստացույց անող «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանի հետ` պատճառաբանելով, թե զբաղված է:




Լրահոս