«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԻ ՇՈՒՐՋ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂՄՈ՞ՒԿՆ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղի շուրջ դժգոհություն է կուտակվում: Սակայն առայժմ խնդիրը, ըստ հասցեատերերի, դեռ չի բարձրաձայնվում, թեեւ չի բացառվում, որ գործին խառնվեն իրավապահները: Ըստ մեզ հասած տեղեկությունների` «ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղում ավանդատուների գումարները «պտտեցնում» են, որոնք, ըստ լուրերի, երբեմն «հօդս են ցնդում»:

Նախ նշենք, որ ավանդատուներ են համարվում այն քաղաքացիները, ովքեր իրենց ցանկալի բանկում հաշվեհամար են բացում եւ ներդրում իրականացնում: Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ ավանդատուի գրավոր դիմումի համաձայն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները կարող են յուրաքանչյուր ամիս ավելացվել ավանդի գումարին: Ավանդատուի կողմից ժամկետային ավանդի գումարը կամ դրա մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում են տոկոսներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչեւ ետ պահանջելու օրվա նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար ավանդային պայմանագրով սահմանված կարգով:
Պարզվում է՝ եղել են դեպքեր, երբ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղում քաղաքացիները ցանկացել են ժամկետից շուտ կամ ժամկետը լրանալուն պես հետ վերցնել իրենց ներդրած ավանդները, որոշ դեպքերում կանգնել են փաստի առաջ: Ըստ դեռեւս ճշտվող տեղեկությունների՝ «ՎՏԲ» բանկի մասնաճյուղի տնօրենը կամ աշխատակիցները հայտնել են, թե գումար չկա, կամ չեն կարող առայժմ գումար տրամադրել: Իսկ թե ինչո՞ւ քաղաքացիները չեն կարող ստանալ իրենց ավանդները, ահա, այս հարցը մնացել է օդում կախված: Ինչ կարող էր առաջանալ «ՎՏԲ» բանկի՝ Հրազդանի մասնաճյուղում, որ ավանդատուների գումարը չվերադարձնելու խնդիր առաջանար:
Միգուցե բանկի կողմից ավանդատուների գումարների շուրջ որոշակի գործարքնե՞ր են կատարվել: Բանն այն է, որ որոշ բանկերում ընդունված պրակտիկա կա. օրինակ՝ քաղաքացիներից մեկը կարող է բանկում 1 միլիոն դրամ ավանդ ներդնել, ավելի ուշ՝ այն հետ վերցնել: Բանկը նշված քաղաքացու մեկ միլիոն դրամը դուրս է հանում, մի 2 օր շրջանառության մեջ դնում, հետո գալիս է մեկ այլ քաղաքացի, իր դրած ավանդից, դիցուք, 2 մլն դրամն է ցանկանում հետ վերցնել, բանկում հանվում է նաեւ 2 մլնը, բայց դեռ 1-ին հաճախորդին են փոխանցում, երկրորդին՝ առաջարկելով սպասել: Եւ այսպես բանկը շրջանառելով ավանդատուների գումարները՝ ոմանց դեպքում ուշացնում է վերադարձը, ինչը առաջացնում է դժգոհություն ու լարվածություն բանկի նկատմամբ:
Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես «ՎՏԲ-Հայաստան» բանկի շուրջ պտտվող խոսակցությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Բարսեղյանի հետ, որն ասաց, թե առայժմ նման բան չկա, գոյություն չունի: Հարցին, թե ինչ է նշանակում առայժմ, միգուցե, ներկա պահին բանկում ստուգումնե՞ր են, եւ չի բացառվում, որ ստուգումներից հետո ավանդի յուրացման փաստե՞ր հայտնաբերվեն, Տիգրան Բարսեղյանը պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել Ձեզ, նման բան դեռ չկա»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հետագայում կարող է աղմկալի բացահայտում լինի, Բարսեղյանը նշեց. «Ես չեմ կարող հետագայի համար այսօր մտածել կամ ասել»:
Այս խոսքերից հետո «ՎՏԲ-Հայաստան» բանկի՝ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը այլեւս չցանկացավ շարունակել՝ անջատելով հեռախոսը:
Նկատենք, որ բանկի կառավարչի խոսքերից հետո կասկածները, որ մինչ այդ կային, ոչ թե փարատվեցին, այլ ավելացան: Բայց դեռ սպասենք զարգացումներին: Իսկ մինչ այդ իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղից եւս հայտնեցին, թե նման տեղեկություն չունեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՔՐԵԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 25-ին Երեւանում կրակոցների հետեւանքով հիվանդանոցում հայտնված 4 երիտասարդները տուժող են ճանաչվել: Հիշեցնենք, որ նշված օրը՝ ժամը 23:40-ին, որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել Վահագ Գեւորգյանը, ով, մեզ հասած տեղեկություններով, աշխատում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին պատկանող «Մետաքս գոլդ» ոսկու շուկայում: Ավելի ուշ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էին տեղափոխվել 27-ամյա Վլադիմիր Գեւորգյանը, Արման Ավագյանը, Արման Սրապիոնյանը: Պարզեցինք, որ կրակոցներից վիրավորված Վլադիմիր Գեւորգյանը եւ Վահագ Գեւորգյանը երկվորյակ եղբայրներ են: Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակոցների պատճառն էլ Վահագ Գեւորգյանի գործունեության հետ է կապված:
Ըստ «Առաջին լրատվականի» տեղեկությունների՝ եղբայրներ Վահագն եւ Վլադիմիր Գեւորգյանները վիճաբանության են բռնվել քրեական հեղինակություն, Մետաքսի Պելեի աներորդու՝ Դավիթի հետ: Վերջինս նախկինում քրեական հեղինակություն համարվող Մետաքսի Մայիսիկի եղբոր որդին է:
Իսկ, ահա, Վահագը եւ Վլադիմիր Գեւորգյանները թաղային հեղինակություն համարվող Կաբել Արթուրի շրջապատից են: Վերջինս էլ մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Հայտնի է նաեւ, որ Մետաքսի Պելեի աներորդի Դավիթը լավ հարաբերությունների մեջ չէ Գագիկ Բեգլարյանի եւ նրա շրջապատի հետ: Դրա համար էլ Բեգլարյանի շրջապատի հետ անընդհատ ընդհարումների մեջ է: Գագիկ Բեգլարյանի թիմակիցները մշտապես ցանկանում են իրենց դիրքերը ապահովել նշված տարածքում, ինչը դուր չի եկել Դավիթին, եւ իրավիճակն այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է կրակոցներին:
Ու թեեւ հիմա կողմերը հաշտվել են, սակայն Վահագ Գեւորգյանի վիճակը ծանր է, նրան անգամ չեն կարողացել հարցաքննել: Կողմերը հաշտության են եկել, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ՝ հանցափորձ եւ սպանություն, 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք-զինամթերք հատկանիշներով:

 

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ
ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի ներկայացմամբ` այս տարվա ընթացքում արտակարգ դեպքերի թիվն աճել է 2833-ով, ինչն աննախադեպ է վերջին տարիներին իրականացվող դիտարկումների համաձայն: Նման դինամիկան նա պայմանավորել է բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակի կտրուկ աճով: Անցած 9 ամիսների ընթացքում գրանցվել է 5 հազար 986 հրդեհ, ինչը 2 հազար 693-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

 

 

 

 
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՐՑԵՐ ՄԻՊ-ԻՆ

Երեկ Ազգային ժողովի հերթական քառօրյայում շարունակվում էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած 2014 թվականի տարեկան զեկույցը: Քննարկման ընթացքում պատգամավորները բազմաբնույթ հարցեր ուղղեցին օմբուդսմենին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմելով Անդրեասյանին` հարցրեց, նա ինչու իր զեկույցում չանդրադարձավ իշխանությունների կողմից անցյալ տարի իրականացված բռնարարքների շղթային ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» քաղաքական դաշինքի դեմ: «Դեկտեմբերի 27-ին՝ Գեւորգ Սաֆարյան, Ռազմիկ Պետրոսյան, Մանվել Եղիազարյան, դեկտեմբերի 10-ին՝ Սուրեն Սարգսյան, դեկտեմբերի 11-ին՝ Արամ Մանուկյան: Այս բռնաշղթան նաեւ շարունակվեց 2015 թվականին: Դուք այս հարցերին բացարձակապես չեք անդրադարձել»: Ի պատասխան՝ Անդրեասյանը նշեց, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հարցադրումները օբյեկտիվ չեն, քանի որ բոլոր դեպքերում միջամտություններ եղել են. «Զեկույցում այդ դեպքերը նշվում են, երբ նախաքննությունն ավարտված է լինում, ու մենք կարողանում ենք վերջնական գնահատականներ տալ»,- պարզաբանեց ՄԻՊ-ը: Նրա խոսքով՝ քաղաքական ու հանրային ելույթները իրենց համար հիմք չեն հանդիսանում՝ զեկույցում նշելու եւ ընթացք տալու համար, դրա համար անհրաժեշտ է գրավոր դիմում: «Մենք առանց դիմումի ընթացք ենք տալիս, երբ անձը չունի կարողություն մեզ դիմելու, երբ հաշմանդամություն ունի, կամ, օրինակ, ծառը, բնությունը, որը չի կարող մեզ դիմել: Իսկ ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից մենք դիմումներ, գանգատներ չենք ստացել»,- հակադարձեց պաշտպանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանին էլ մտահոգում էին կրթության որակի մասին ՄԻՊ ձեւակերպումները, ըստ որոնց՝ էլիտար դպրոցներն ավելի բարձր կրթական մակարդակ են ապահովում, քան սովորական դպրոցները: «Մենք այդ կարծիքին չենք»,- նկատեց Կարինե Պողոսյանը:
Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանը կրկնեց, որ մասնավոր վճարովի դպրոցներում կրթության որակն ավելի լավն է, քան սովորական դպրոցներում: «Ցավալի է, որ կան նման տարբերություններ: Իհարկե, ամբողջ աշխարհում կան կրթության որակի այդ տարբերությունները, եւ եթե ամեն ինչ նույնը լիներ, մարդիկ այդքան վճարներ չէին տրամադրի մասնավոր կրթական հաստատություններին, որ այնտեղ իրենց երեխաները սովորեն: Բայց անվճար եւ պետական դպրոցներում կրթության որակը շատ վատն է»,- ընդգծեց ՄԻՊ-ը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ բարձրացրեց նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցության հարցը: Ըստ նրա՝ օրենքով նախատեսված փոփոխությունները երկակի ստանդարտ են առաջացնում եւ կասկածի տակ դնում հանրաքվեի արդյունքները:




Լրահոս