ՈՍՏԱՆՈՒՄ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ ՈՒ ԺԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչներից, ովքեր պատմում են, որ իրենց գյուղում երկու ընտանիք կա, որոնք բնակիչներին ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում: Դրա դիմաց բնակիչներից 5 հազար դրամ գումար են վերցնում:

Բնակիչների պատմելով՝ իրենք տարվա մեջ մի անգամ վճարում են 5000 դրամ եւ ողջ տարվա ընթացքում 8 անգամ օգտվում են այդ «բարեգործական բարիքից»: Բայց դրա համար մի պայման կա. վերը նշված ապրանքները բաժանելիս իրենցից վերցնում են ոչ միայն 5 հազարական դրամ գումարը, այլեւ անձնագրի պատճենը: Ըստ բնակիչների՝ դրանք մարդկանց բաժանվում են Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի անունից:
Սա արդեն հետաքրքիր էր՝ տեղեկության իսկությունը պարզելու քայլեր անելու համար: Նախ զրուցեցինք Ոստան համայնքի ղեկավար Հակոբ Խաչատրյանի հետ: Նա հաստատեց բնակիչների տեղեկությունները եւ հայտարարեց, որ գյուղից երկու ընտանիք է բաժանում մարդկանց նման ապրանքներ: «Ինչ-որ կազմակերպություն է, որը նման բաներ է բաժանում մարդկանց: Բնակիչներին ասում են՝ անձնագրի կամ սոցիալական քարտի համարի պատճեն բերեք, ընդգրկվեք եւ կստանաք դրանք: Ամանի հեղուկ, զուգարանի թուղթ, ձեռքի օճառ, ապակի մաքրելու հեղուկ. դե, մարդիկ էլ կարիքի մեջ են, չգիտեն՝ ինչ անեն, դրա համար ստիպված հենց մի բան լսում են, վազելով գնում են այդ ուղղությամբ»,- ներկայացրեց Խաչատրյանը: Ոստանի գյուղապետը փոխանցեց, որ տվյալ կազմակերպության ներկայացուցիչները բնակիչներին տեղեկացրել են, որ առաջիկայում կբաժանվի նաեւ մակարոնեղեն, ապա հագուստ:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց գտնել նաեւ մաքրող միջոցներ բաժանող բնակիչներից մեկին՝ Սերինեին, ով եւս Ոստանի բնակիչ է: Պարզվեց, որ վերջինս «Հուսո առագաստ» հիմնադրամի տարածաշրջանի ներկայացուցիչն է եւ հիմնադրամի հետ ունի կնքած աշխատանքային պայմանագիր: «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե հիմնադրամը որքանով է Արա Աբրահամյանի հետ կապված: Բայց նշեմ, որ հիմնադրամը հանդես է գալիս «Դու՝ ինձ, Ես՝ քեզ» խորագրով: Հիմնադրամը օգնությամբ հանդես եկող հիմնադրամ է, որի համար պետությանը ո՛չ հարկ եւ ո՛չ էլ տուրք է վճարում»,- ներկայացրեց Սերինեն:
Նրա խոսքերով՝ հիմնադրամն այսպես օգնում է անապահով ընտանիքներին: Արտադրանքի վրա ոչ մի պիտակ չկա, միայն նշված է «Հուսո առագաստ» եւ ենթակա չէ վաճառքի:
«Ընդամենը ժավելի սպիրտ, ամանի հեղուկ, ձեռքի օճառ, զուգարանի թուղթ, ապակի մաքրելու նյութ, այսինքն՝ այն, ինչ արտադրում է հիմնադրամը, դրանով էլ փորձում է օգնել անապահով ընտանիքներին: Հետագայում մակարոնեղեն, ձեթ կբաժանեն: Այո, դրա դիմաց գյուղացիներից 5 հազար դրամ վերցնում ենք եւ արտադրանքը տալիս ենք երկու ամիսը մեկ՝ ութ անգամ: Այսինքն՝ իրենք ընդամենը մեկ անգամ են վճարում եւ ութ անգամ ապրանք են ստանում: Այս ապրանքի համար պարտադիր անձնագրի պատճեն, այն էլ այն բանի համար, որ հետագայում հնարավոր լինի ապացուցել, որ տվյալ բնակիչներին հիմնադրամը օգնություն է տվել: Նաեւ գումար էլ է վերցրել»,- բացատրեց Սերինեն:
Տեղեկացնենք, որ «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին եւ ունի մոտ 400 անդամ: Կազմակերպությունը իր հռչակած ծրագրերի համաձայն՝ զբաղվում է կալանավայրից վերադարձած մարդկանց եւ նրանց ընտանիքի հոգսերով: Նրա գլխավոր նպատակն է աշխատավայրեր ստեղծելը եւ նոր հանցագործություններ կանխելը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ՀԿ-ն «վերածնված» «Օրինաց երկիր» կուսակցության «Հայկական վերածնունդ» միավորման մաս է կազմում: Իսկ ով է այս հիմնադրամի նախագահը: ՀՀ պետռեգիստրում որպես նշված ՀԿ-ի ղեկավար գրանցված է երկու անուն՝ Գոհար Հայրապետյան եւ Գեւորգ Կոշկերյանը:
Վերջինիս մասին մամուլը ժամանակին գրել էր՝ նշելով, որ «Հուսո առագաստ» հիմնադրամի տնօրենը նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկերյանն է, ով 17 տարի անազատության մեջ է եղել խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար: Թերթերից մեկը գրել էր, որ 2015-ի հուլիսի 8-ին «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ հիմնադրամի երեխաները, որոնք 89-ն են, 15 օր իրենց հանգիստը անցկացրել են «Մարմարիկում»: Հիմնադրամի կազմակերպիչների հետ, բացի նախնական գումարային պայմանավորվածությունից, եղել է նաեւ գրավոր պայմանագիր, ըստ որի՝ հիմնադրամը պարտավորվել է մինչ հանգստի ավարտը վճարել հասանելիք գումար: Սակայն այդպես էլ չի վճարել: Այս առիթով «Մարմարիկ» հանգստյան տան տնօրենը լրատվամիջոցներին հայտնել էր, որ իրեն զանգահարել է մի տղամարդ, ով ներկայացել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգնական եւ կարգադրել այդ երեխաներին դուրս չհանել եւ մինչեւ վերջ նրանց պահել:
Ո՞ւմ է ծառայում նախկին դատապարտյալի ՀԿ-ն, ինչ շահեր է հետապնդում՝ մաքրող միջոցները անձնագրերի պատճեների դիմաց բաժանելով, արդյո՞ք ՕԵԿ-ի քարոզչությունն է արվում: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ հենց ՀԳ նախագահից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հուսո առագաստ» հիմնադրամի տնօրեն Գեւորգ Կոշկերյանը շտապեց տեղեկացնել, որ ՀՀ արդարադատության նախարարությունից համապատասխան ստուգումներ են իրականացրել եւ պարզել, որ հիմնադրամը խախտումներով չի գործում:
Մեր այն հարցին, թե ինչու է հայտարարում, որ իր ղեկավարած հիմնադրամը բարեգործություն է անում, սակայն միաժամանակ գյուղի բնակիչներից 5 հազար դրամ է հավաքում, Կոշկերյանը այսպես պատասխանեց. «Մենք գումար չենք վերցնում իրենցից, մարդիկ են ներդրում անում, որ մենք բարգավաճենք, զարգանանք: Մեր հիմնադրամն արտադրում է, մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում դրա դիմաց: Ուղղակի հունվարից հետո մեր վիճակը վատացավ, եւ եթե կարող է՝ կառավարությունը թող մեզ օգնի: Այդ մարդկանց 5000 դրամներով մակարոնեղեն ենք ուզում արտադրել, նաեւ՝ արծաթե հուշանվերներ»,- «ժողովուրդ»-ին տեղեկացրեց Կոշկերյանը:
Երբ հետաքրքրվեցինք, թե հիմնադրամի «բարեգործությունը»՝ մաքրող միջոցների տեսքով, ի՞նչ կապ ունի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, պատասխանեց. «Մենք հիմա քաղաքականությունից հեռու ենք: «Հայկական վերածնունդ»-ի մի մասն էինք կազմում, բայց իրենցից էլ ենք հրաժարվել, որովհետեւ մենք մտածում էինք, որ մեզ կօգնեն, ներդրում կանեն, կզարգանանք, բայց չարեցին, մենք էլ հրաժարվեցինք: Մենք պատկերացնում էինք, որ Արթուր Բաղդասարյանը կօգնի մեզ, բայց չօգնեց»:
Այսպիսով, վերածնված ՕԵԿ-ի համար բաժանված մաքրող միջոցները (մուրաբաներին են փոխարինում) առայժմ ցանկալի արդյունք չեն տվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
4 ՀՈԳԱՆՈՑ ԳՅՈՒՂՈՒՄ 14 ԸՆՏՐՈՂ ԿԱ

ՀՀ Սյունիքի մարզի 4 բնակիչ ունեցող Քաշունի գյուղի բնակիչները նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ «պարապ են լինում»:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Քաշունին 4 բնակիչ ունեցող գյուղում քանի՞ ընտրող կա:
-Ձմռանը Քաշունիում չորս բնակիչ է ապրում, իսկ ընտրություններին 15-ն են ընտրում: Բայց այս պահին 10 մարդ կա գյուղում: Իսկ հանրաքվեին կմասնակցի մոտ 15 մարդ:
-Այդ ինչպե՞ս է ստացվում:
-Ընտրություններին ավտո-մավտո ենք ուղարկում, գնում են ու մեր գյուղի բնակիչներին բերում են Կապանից եւ այլ տեղերից:
-Ո՞ւմ միջոցներով եք մեքենա ուղարկում:
-Գյուղապետի անձնական միջոցներով (ծիծաղում է-Ս.Հ.):
-Ի՞նչ են մտածում քաշունցիները սահմանադրական փոփոխությունների մասին:
-Գյուղացի մարդիկ են, տելեվիզորը բացելիս՝ որ կուսակցությունը լավ է խոսում, ասում են՝ ճիշտ է ասում, որը վատ է խոսում, ճիշտ չէ: Մի բան կլինի, էլի: Գյուղացու բարեկեցությունը բարձրանա, ուրիշ բան պետք չէ:
-Բայց մարդիկ հավատո՞ւմ են, որ փոփոխություններից հետո կբարձրանա բարեկեցության մակարդակը:
-Հավատացող էլ կա, չհավատացող էլ: Ես կարդացի այդ փոփոխությունների մասին ուղեցույցը, որոշ նշումներ արեցի, բայց այդքան արծարծվեց, քննարկվեց, ես էլ մնացի այն բանին, որ պետք են այդ փոփոխությունները: Բայց այս պահին դաշտում եմ, չեմ կարող ասել, թե որ կետին եմ համաձայն, որին ոչ:
-Գյուղում պատրաստվո՞ւմ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը:
-Ո՞վ ունենք, որ պատրաստվենք կամ հանրաքվե անցկացնենք: Օրը կգա, կքվեարկենք: Ձմեռը վրա է հասել, ծառեր պետք է կտրատեն, իրենց հոգսն են քաշում: Նախապատրաստվում են ձմռանը, ոչ թե հանրաքվեին: Հենց պարապ ենք լինում, այդ ժամանակ խոսում ենք սահմանադրական փոփոխություններից:
-Քաշունցիները Ձեզ հետ չե՞ն կիսվում՝ այո են քվեարկելու, թե ոչ:
-Մեկ-մեկ, ո՞վ է հարցնում, թե ինչ ես քվեարկելու, բայց մեծ հավանական է, որ այո կքվեարկեն: Այստեղ մեծամասամբ ծեր մարդիկ են. կենսաթոշակը բարձրացնեն, լավ կլինի: Թե չէ աշխատատեղ բացելը քչերին է հետաքրքրում, որովհետեւ քչերը կարող են կամ իրավունք ունեն աշխատելու:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑ
Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը գյուղին նվիրաբերել է 600 հազար դրամ գումար. «Շնորհակալություն Քրիստինեին՝ մեր կողքին լինելու եւ օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցն ընդլայնելու նպատակով»,- նշեց համայնքապետը: Հիշեցնենք, որ երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ «Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարության մասնակցության իր հոնորարը նվիրաբերելու է սահմանամերձ Բաղանիսին. «Ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջեւ, խոնարհվում եմ նաեւ մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջեւ, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում: Հայտարարում եմ՝ համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) եւ կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը»,- ասել էր երգչուհին: Այսպիսով` նա կատարեց իր խոստումը:




Լրահոս