Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարարին կից ատյանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր 3 հիմնական և ընթացիկ հարցեր:

«Արի տուն» հայրենաճանաճության 2015 թվականի ծրագրի արդյունքների և 2016 թվականի անելիքների վերաբերյալ զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Նա մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության 2015թ-ի ծրագիրն իրականացվեց հաջողությամբ: Հազարից ավելի երիտասարդներ այցելեցին Հայաստան: Ծրագրի յուրաքանչյուր օրը երիտասարդները սկսել են հայերենի ուսուցմամբ: 2015թ. ևս ծրագրին մասնակցեց Դիարբեքիր-Տիգրանակերտից ժամանած 80 հոգուց կազմված իսլամացված հայերի խումբ: Ծրագրի մասնակիցները, ինչպես ամեն տարի, այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ առավել ծանոթանալով հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին: Հայաստանյան ընտանիքներում 9 օրյա հյուրընկալությունից հետո, վերջին 5 օրն անցկացրեցին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում», որտեղ կազմակերպվեցին հայ երգի ու պարի ուսուցման դասեր»:

Աշխատակազմի ղեկավարը կարևորեց հատկապես տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2015 ծրագրի արդյունքները: Նա նշեց, որ այս տարի ամառային դպրոցն ընդունել է 216 մասնակից՝ 21 երկրից: Հաջողությամբ ընթացել են ամառային դպրոցի 6 ուղղություններն էլ: Դասավանդման գործընթացում ներգրավված էին ԵՊՀ և այլ բուհերի, ինչպես նաև Սփյուռքից հրավիրված մասնագետներ և մշակութային գործիչներ: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ քաղաքական, մշակութային անվանի գործիչների հետ:

Գյանջումյանը նշեց, որ պատրաստվել է 2016 թ. հայտարարության տեքստը և հայտադիմումները, որոնք առաքվում են սփյուռքյան համայնքներին և լրատվամիջոցներին:

«Սփյուռք» ամառային դպրոցի բովանդակային և կազմակերպչական հարցերի վերաբերյալ զեկուցեց «Սփյուռք» ամառային դպրոցի տնօրեն Կամո Աթոյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի իրականացման արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Է. Եսայանցը:

Նա նշեց, որ փառատոնին այս տարի մասնակցեց 12 երկրներից ժամանած շուրջ 235 կատարող, այդ թվում՝ օտարազգի Ուլալա Իուոնեն՝ Ճապոնիայից, Վիլունդ Անն-Քրիստինեն՝ Շվեդիայից, Լեման Շթեյնը՝ Գերմանիայից: Համահայկական մշակութային փառատոնը բաղկացած էր երկու մասից՝ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» և «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը:

Այնուհետև ցուցադրվեց «Կոմիտաս» փառատոնի մասին պատմող ֆիլմ:
Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, ձեռքբերոմները, և հանձնարարականներ տվեց նախարարության ծրագրերի նախապատրաստական աշխատանքներ սկսելու և դրանք առավել կատարելագործելու վերաբերյալ:




Լրահոս