ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե ինքը շատ է ցավում, որ ոչ բոլորին է հաջողվում անձամբ ծանոթանալ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, քանի որ այդ դեպքում բոլորն իրենց կարծիքը կփոխեին նրա մասին:
-Պարո՛ն Վարդանյան, Դուք, լինելով Սերժ Սարգսյանի խորհրդականը, ի՞նչ գնահատական կտաք երկրում ստեղծված իրավիճակին, երբ այսօր ժողովուրդը դուրս է եկել Ազատության հրապարակ եւ պահանջում է, որ Ս. Սարգսյանն ընտրությունները չեղյալ հայտարարի, իսկ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել:
-Կարող եմ իմ կարծիքն արտահայտել, բայց բացարձակապես չեմ ցանկանում որեւիցե մի գնահատական տալ, որովհետեւ դա տեղին չի աշխատի ո՛չ իշխանությունների, ո՛չ ժողովրդի (կոնկրետ նկատի ունեմ այն համախմբված ժողովրդին, որն այսօր Ազատության հրապարակում է), ո՛չ էլ ինձ համար:
-Որպես խորհրդական՝ Դուք Ս. Սարգսյանին խորհուրդ տվե՞լ եք հացադուլ հայտարարած Ր. Հովհաննիսյանին այցելելու-չայցելելու վերաբերյալ:
-Նախագահն այս պահին խորհրդի կարիք ունի՞, որ իրեն խորհուրդ տան, թե ինքը գնա կամ չգնա: Հիմա այդ հարցը ես եմ տալիս Ձեզ: Ինքն այնքան լավ է պատկերացնում ամեն ինչ, Դուք հավանաբար տեսած կլինեք նրա վերջին հարցազրույցը լրագրողների հետ: Իմ կարծիքը ասում եմ ոչ թե որպես իր կողքն աշխատող, ես որպես քաղաքացի եմ ընդհանրապես նայում այդ ամեն ինչին: Շատ նորմալ էր ու շատ մարդկային ու շատ ազնիվ էր նախագահն իր յուրաքանչյուր միտքն արտահայտում: Երբ որ մարդուն էլ անձամբ ու մոտիկից ես ճանաչում, տեսնում ես, թե մարդն ինչքան անկեղծ է: Ես չեմ հաճոյանում իրեն այս պահին: Շատ անկեղծ պատասխաններ էր տալիս նախագահը լրագրողների հարցերին: Ես մի բան միայն կարող եմ ասել. շատ ցավում եմ մի բանում, որն անհնար է իրագործել, դա այն է, որ մի մարդ (նկատի ունեմ նախագահին) ֆիզիկապես ի վիճակի չէ այսօր ամբողջ աշխարհի 10 միլիոն հայությանը, հատկապես այն մարդկանց, որոնք դրսում են, անձամբ հանդիպել: Միայն գիտեն որպես նախագահի, անձամբ չեն ճանաչում մարդուն: Եթե ցանկացած մեկը կկարողանար իր հետ անձամբ զրուցել, կհասկանար, թե նախագահն ինչպիսի մարդ է իրականում: Ինձանից լավ որեւիցե մի ընդդիմադիր չի եղել, թող գլուխները չգովեն:
-Իսկ ինչո՞ւ փոխեցիք Ձեր «ճամբարը»:
-Ընդդիմադիր եղել եմ ոչ թե խոսելու, ինձ ցույց տալու համար, այլ դա գործնական է եղել, դա եղել է Ամերիկայում, երբ ես օտար երկրում կարողացել եմ այդքան մարդկանց իմ շուրջը հավաքել: Բայց ինձ բախտ վիճակվեց, ու ես անձամբ նախագահին 5 տարի առաջ հանդիպեցի, զրուցեցի, իհարկե, առաջին զրույցի ժամանակ ինձ մոտ չհաջողվեց լավ պատկերացում կազմել, քանի որ իմ ներսը շատ-շատ լցված էր: Բայց մի քանի հանդիպումներից հետո հասկացա, որ նա նորմալ մարդ է: Սերժ Սարգսյանի ասուլիսի ժամանակ մի կարեւոր կետ կարող եմ մեջբերել, երբ ասաց, որ ժողովրդի մոտ վատ տրամադրվածությունը ոչ թե մեր կենցաղային ու երկրի ընդհանուր վիճակին է վերաբերում, այլ ժողովրդի մենթալիտետը պետք է մի տեսակ փոխվի: Ես լրիվ համակարծիք եմ այդ մտքին:
-Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը ժամանակին նույնպես հացադուլ էր հայտարարել ԿԸՀ-ի մոտ, եւ նրան անձամբ այցելեց այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը…
-Այդ ժամանակ ես Ամերիկայում էի, ու այդ հացադուլները տարբեր բաներ են:
-Դուք ծնունդով Շիրակի մարզից եք, որտեղ սոցիալական ծայրահեղ ծանր վիճակ է, իսկ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում 7.2 տոկոս տնտեսական աճ կա…
-Այդ թվերն ընդհանուր հանրապետության համար ասաց, իսկ Շիրակի մարզը լրիվ ուրիշ թեմա է, Շիրակի մարզն աղետի գոտի է, եւ այդ մարզի հետ կապված բացասական ինչ ասեք, համակարծիք եմ: Ես շատ մանրակրկիտ եմ ուսումնասիրել դա, եւ դրանք այլ խնդիրներ են: Շատ-շատ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ են նշել, որ ներդրումներ են արել, բայց ոչ մի բան չի փոխվել այնտեղ: Դրանք ոչ թե գողացվել են, պարզապես այլ ճանապարհով են գնացել: Այսքանը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ