Իր վերջին ասուլիսում անդրադառնալով ՀՀ կառավարության փոփոխությանը` ի թիվս այլ վիճահարույց պնդումների, Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Հինգ տարվա ընթացքում, ինչ ես ձեւավորել եմ կառավարություն, իսկ մեր կառավարությունը բաղկացած է 19 հոգուց` 18 նախարար՝ գումարած վարչապետ, ես 20 փոփոխություն եմ արել: Օրինակ՝ որեւէ մեկը մտածո՞ւմ էր, որ այդքան փոփոխություններ են եղել: Ո՛չ: Ինչո՞ւ, որովհետեւ առավոտից երեկո բոլոր լրատվամիջոցներն ասում են, որ մեր երկրում կադրային փոփոխություններ չեն լինում: Գնացե՛ք, ստուգե՛ք, տեսե՛ք` 20 փոփոխություն»: Հետեւելով Սերժ Սարգսյանի խորհրդին` փորձենք ստուգել, թե արդյոք անցած 5 տարիների ընթացքում Սարգսյանի ձեւավորած կառավարության կազմում այդքան փոփոխություններ եղել են, եւ արդյոք դրանք կարելի է համարել փոփոխություններ:
Այսպիսով` 2008թ.-ից մինչ օրս ՀՀ կառավարության կազմում պաշտոնավարել է թվով 34 նախարար: Եվ Սերժ Սարգսյանի նշած փոփոխություններից 8-ը կատարվել է ավտոմատ, քանի որ նախ` 2009թ.-ին ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների պատճառով դուրս եկավ կոալիցիայից, եւ դաշնակցական 3 նախարարներն իրենց տեղերը զիջեցին կոալիցիայի անդամ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական նախարարներին, իսկ արդեն 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիայի կազմում չընդգրկվեց նաեւ ԲՀԿ-ն, ինչի արդյունքում այդ կուսակցությանը տրված նախարարական քվոտաները վերանայվեցին, եւ նախկին 4 նախարարական պորտֆելներից մնաց միայն մեկը` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նշենք նաեւ, որ տրանսպորտի եւ կապի նախարարը նույնպես փոխվեց կոալիցիոն համամասնության վերանայման արդյունքում: Ասել է թե` այդ 8 փոփոխություններին Սերժ Սարգսյանի առնչությունը զուտ ֆորմալ է:
Հիմա փորձենք տեսնել, թե այս տարիների ընթացքում քանի նախարար է փոխվել Սերժ Սարգսյանի՛ քաղաքական որոշման արդյունքում: Նկատենք, որ ամենից հաճախ նախարարները փոխվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում` 2008-ից ի վեր ունեցել ենք 5 սոցապնախարար, որոնցից մեկը դաշնակցական Արսեն Համբարձումյանն է, ում պաշտոնազրկման պատճառները նշեցինք (ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալը), 3-ը` ԲՀԿ-ական նախարարներ են, որոնցից Մխիթար Մնացականյանը հեռացավ սեփական ցանկությամբ, Գեւորգ Պետրոսյանը՝ իր կուսակցության ղեկավարության որոշմամբ, իսկ Արթուր Գրիգորյանն էլ` ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս մնալու արդյունքում:
Հաճախակի են փոխվել նաեւ գյուղատնտեսության եւ սպորտի նախարարները, եւ կրկին` առաջինի դեպքում դաշնակցական Արամայիս Գրիգորյանին փոխարինած Գերասիմ Ալավերդյանն ՕԵԿ որոշմա՛մբ իր տեղը զիջեց Սերգո Կարապետյանին, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի` Հրաչյա Ռոստոմյանին նախորդող երկու նախարարներն էլ պաշտոնազրկվեցին ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ:
Մնում են միայն էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որի վրա ճգնաժամը հաղթահարելու մասին պնդումը թանկ նստեց, եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, որը պաշտոնանկ արվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի քմահաճույքով: Ընդ որում, այս երկու նախարարներն էլ, թերեւս, առավել պրոֆեսիոնալ ու կարող ուժերն էին այդ կառավարության կազմում:
Ինչեւէ, ամփոփելով` նշենք, որ Սերժ Սարգսյանն այս տարիների ընթացքում սեփական քաղաքական որոշման արդյունքում փոխել է միայն, թերեւս, ԱԻՆ նախարար Մհեր Շահգելդյանին` հավանաբար ալյուրի չարաշահման սկանդալային պատմության պատճառով, սակայն հանրությանն այդ փոփոխությունը ներկայացվեց որպես Շահգելդյանի սեփական ցանկություն: Այնպես որ, ֆորմալ առումով այս դեպքում եւս Սերժ Սարգսյանի քաղաքական որոշման մասին խոսելը ճիշտ չէ:
Սակայն, այդուհանդերձ, եթե կառավարության կազմում 2008-ից ի վեր կատարված բոլոր փոփոխությունները, անկախ դրանց պատճառներից, ի մի բերենք, միեւնույն է, չի ստացվում Սերժ Սարգսյանի նշած թիվը. կառավարության կազմում չի արվել 20 փոփոխություն, եւ Սերժ Սարգսյանին, ինչպես միշտ, սխալ թվեր են ներկայացվել: Եթե անգամ հաշվում ենք Տիգրան Դավթյանի փոխատեղումը ֆինանսների նախարարից էկոնոմիկայի նախարարի պաշտոնին, ապա ստացվում է ընդամենը 17 փոփոխություն:
Բայց դա, իհարկե, չնչին վրիպում է թվանկարչության սիրահար այս իշխանության ղեկավարի համար:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ