«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մամուլը բազմիցս անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մարտական դիրքերից եւ մասնավորապես ռազմական գործողությունների վերաբերյալ լրատվության հաղորդման հետ կապված խնդիրներին: Լրատվամիջոցները պարբերաբար արձանագրել են, որ սահմանին եւ մասնավորապես դիրքերում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական լրատվությունը, մեղմ ասած, «երկու ոտքից կաղում է», չկա համակարգված աշխատանք ՊՆ-ում: Իսկ այն հանգամանքը, որ այդ լրահոսի հիմնական մասը ոչ պաշտոնական խողովակներով է մատուցվում, պետական մակարդակով արկածախնդրություն է:
«Ժողովուրդ»-ը օրերս հանրությանն էր ներկայացրել ռազմական լրահոսի հիմնական խողովակներից մեկի` մի «շարքայինի» կենսագրությունից որոշ դրվագներ (տվյալ անձի անունը մեր թերթում տպագրելը նրա համար այլեւս մեծ պատիվ կլինի): Այն, որ նախկինում ԱՄՆ-ում դատապարտված անձը մեր փաստարկված հրապարակմանը պատասխանեց՝ համացանցում հայհոյանքներ գրելով, եւս մեկ անգամ ապացուցեց մեր կողմից բարձրացված խնդրի կարեւորությունը: Փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ ինչ-որ մարդիկ դիրքերից լրահոս են ապահովում, ի վիճակի չեն հաշվի նստել իրականության հետ, լսել ճշմարտությունը: Ավելին՝ պատրաստ են հարձակվել ու կծոտել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն իրենց «բիզնեսը» պետության համար վտանգավոր համարել: Սա եւս մեկ ապացույց է, որ գործ ունենք հոգեպես անհավասարակշիռ անձնավորության հետ: ՀՀ ՊՆ-ի պատասխանատուները եւ հատկապես նախարար Սեյրան Օհանյանը երբեւէ մտածե՞լ են, թե այդ անձն ինչեր կարող է անել, եթե մի օր իրենք որոշեն նրա «ծառայություններից» հրաժարվել: Բաքվում ապաստան խնդրած նոր Վահան Մարտիրոսյա՞ն են «բուծում»:
Բայց այստեղ կա նաեւ մեկ այլ կարեւորագույն խնդիր. եթե տվյալ անձի մղումներն ինչ-որ տեղ հասկանալի են, նա ռազմական լրահոսն իր համար «բիզնես» է դարձրել եւ հավակնում է իրեն նաեւ «զորավար» հռչակել, անհասկանալի է, թե այս ամենի մեջ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը եւ նրա ենթականերն ի՞նչ շահագրգռվածություն ունեն. արդյո՞ք այն գումարային արտահայտություն ունի՝ որոշակի մասնաբաժնի տեսքով: Թերեւս այս հարցով պետք է զբաղվի ՀՀ ԱԱԾ-ն ու զինված ուժերի հակահետախուզությունը: Հիվանդ ու անհավասարակշիռ մարդիկ պետք է հայոց բանակից հեռու լինեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: