ԿՌՎՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԱՂՋԻԿՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 14-ին Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում գտնվող «Հայր եւ որդի Երիցյաններ» խանութի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ծեծկռտուքի մասնակիցների մեջ է եղել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Վանիկ Թանգամյանի եղբայրը:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Հայր եւ որդի Երիցյաններ» խանութ: Թեեւ խանութի աշխատակիցներից շատերը տեղյակ էին կատարվածից, սակայն չցանկացան խոսել: «Այնքան շատ էին իրար ծեծողները, որ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Մի խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել: Կներեք, էլ ոչինչ չեմ կարող ասել»,-նշեց ականատես վաճառողուհիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Խանութում գտնվող հաճախորդներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց որոշ մանրամասներ. «Իմ կարծիքով` վեճը կենցաղային հարցերի շուրջ էր: Մեկը ասում էր` կտամ, մյուսը` չեմ տալու, ի՞նչ կարաս անես… Սարսափելի հայհոյանքներ էին հնչում: Կռվողների մեջ նաեւ աղջիկներ կային, որոնք աղմկում էին, գոռում: Ծեծկռտուքը տեւեց կես ժամ: Մի լավ ծեծեցին իրար, աղջիկների ձայնը շատ լավ լսում էի, բայց ավելի ուշ իմացա, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել: Այդ մասին ինձ ասացին իմ հարեւանները, որոնք հաստատ ինձանից ավել բան չգիտեն»:
Ինչպես արդեն վերը նշել էինք, եւ դա հաստատում է նաեւ shamshyan.com-ը,   մասնակիցների մեջ է եղել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Վանիկ Թանգամյանի եղբայրը՝ Հարություն Թանգամյանը, որը վիճաբանություն-ծեծկռտուքից հետո ընկերուհու հետ հեռացել է դեպքի վայրից: 
Հ. Թանգամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Ոստիկանության գնդապետի որդին՝ հերթական անգամ ծեծկռտուքի մասնակից» նյութի անմիջապես վերեւում. «Ես պատժվում եմ նրա համար, որ  հայրենասեր եմ, հա՞: Ընդամենը պաշտպանել եմ 2 անչափահաս աղջնակի, եթե դուք չգիտեք դրա մասին, ապա ավել-պակաս մի՛ վիրավորեք»: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Հարությունի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր նամակներին: Ֆեյսբուքյան  ընկերները եւս պաշտպանել էին նրան եւ նշել՝ ինչ ուզում են, թող խոսեն, բայց չցանկացան մեզ հետ զրուցել եւ հիմնավորել իրենց ընկերոջ անմեղությունը:
Կատարվածի շուրջ զրուցեցինք Վանիկ Թանգամյանի հետ: Տեղեկացանք, որ նա  որդի չունի, ունի մեկ դուստր, որը գտնվում է ՌԴ-ում: Նա նշեց, որ տեղյակ չէ, թե իր եղբայրն ինչ գրառում է կատարել, եւ, առհասարակ, ինչ աղջիկների պաշտպանելու մասին է խոսքը. «Իմ տղան չի եղել մասնակիցը, այլ եղբայրը՝ Հարություն Թանգամյանը, որը 24 տարեկան երիտասարդ է, չափահաս մարդ, եւ ամեն մեկն ինքն է պատասխան տալիս իր արարքների համար»:
Նրա խոսքով` ինքը տեղյակ չէ, թե ինչի շուրջ է եղել վիճաբանությունը. «Չեմ կարող ասել, բայց որ ծեծկռտուք եղել է, դա հաստատ է»: Վ. Թանգամյանը նշեց նաեւ, որ իր եղբայրն ամուսնացած չէ. «Չգիտեմ՝ ինքն է մեղավոր եղել, թե ոչ, այդ ամենը թող պարզեն համապատասխան մարմինները: Ես չեմ միջամտում եւ եթե ցանկանայի միջամտել, ապա այդ ամենի մասին հաղորդագրություն չէր տրվի»:
Ի դեպ, Հ. Թանգամյանը 2012թ. օգոստոսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող գիշերային ակումբներից մեկում մասնակից էր եղել մի ծեծկռտուքի, որն ավարտվել էր դանակահարությամբ: Վ. Թանգամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս միջադեպին եւս անդրադարձավ. «Անցած տարի էլ իրեն էին ծեծել, լավ էին արել՝ ծեծել էին: Ամեն ինչ բացահայտվեց: Դե, երիտասարդներ էին, անկապ կռիվ էր եղել, երիտասարդներն ուրիշ ինչի՞ համար պետք է վիճեին»:
Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 14-ի ծեծկռտուքի գործով քննություն է ընթանում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս