ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի նախորդ համարում ներկայացրել էինք հարցազրույց ճանաչված դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԻ հետ, որտեղ խոսել էինք հիմնականում թատրոնի, հեռուստասերիալների մասին: Չնայած այն փաստին, որ նրա կինն ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն է, որը բավական ակտիվ է քաղաքական դաշտում, դերասանն այդքան էլ տարված չէ քաղաքականությամբ, սակայն, ինչպես տեղեկացանք, հայաստանյան ներքաղաքական կյանքին ինչ-որ չափով հետեւում է:
-Եթե այս երկրի քաղաքացի ես ու ապրում ես այդ երկրում, որը քոնն է, պետք է հետաքրքրվես, բայց չէի ասի, թե շատ խորացած եմ: Դե, ընտանիքից մեկը կլինի: 
-Փաստորեն, հանրահավաքների էլ չեք գնում: 
-Ես միշտ հեռու եմ մնացել մեծ հավաքներից, երբ մարդկային հոծ բազմություն է: Կարծում եմ` այդ ժամանակ մարդկային ուղեղը հիմնականում պղտորված է, նրանք ամբոխի են վերածվում: Երբեք չեմ մասնակցել հավաքներին: Ես կարող եմ իմ մասնակցությունն ունենալ իմ գործով: Ու, ընդհանրապես, մարդ իր գործով կարող է ամեն ինչ անել: Ես իմ աշխատանքն անում եմ լավ, բարձր մակարդակով, ինչն արդեն լումա է, որ ես ներդնում եմ մշակույթի ու նաեւ հասարակության մեջ: Պարտադիր չէ, որ գնամ, բռունցքս բարձրացնեմ, բղավեմ: 
-Դուք չեք մասնակցում, բայց, հավանաբար, տեղյակ եք, որ Ձեր գործընկերներից շատերը, օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանը, մասնակցում, նույնիսկ ելույթ են ունենում, ինչը միշտ չէ, որ դրական արձագանք է ստանում:
-Ես Ռուբիկին այնքան շատ եմ հարգում, որ ինչ էլ ասի, ինքը Ռուբիկն է Հախվերդյան: Ռուբեն Հախվերդյանը մեր մշակույթում իր հաստատված տեղը գտած արվեստագետ է: Ինքը, բնականաբար, ունի իր հայացքները, տեսակետը… Նրա գրած երգերով, կարելի է ասել, մեծացել են շատ ջահելներ ու մինչեւ հիմա էլ լսում են այդ երգերը: Օրինակ՝ աղջիկս Ռուբիկի բոլոր երգերն անգիր գիտի: Ես հարգում եմ նաեւ նրա հայացքները, միգուցե ինչ-որ տեղ համաձայն չլինեմ, գուցե շատ կտրուկ է իր արտահայտումների մեջ, բայց ինքը Ռուբեն Հախվերդյանն է: Ու իր նման մարդիկ, արվեստագետներ հիմա քիչ կան:  
-Կողքից նայելով` ի՞նչ գնահատական կտաք ժողովրդի նման ըմբոստությանը:
-Եթե մարդ բողոք ունի, ես կողմ եմ, որ բարձրաձայնի իր դժգոհությունը: Բայց միանշանակ պետք է ասեմ, որ ընտրություններն ավարտվեցին, ու նախագահ էլ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: 
-Ինչքան հասկացա, Դուք ընդդիմադիրների շարքին չեք դասվում:  
-Չէ՛, չէ՛… Ես փորձում եմ նորից վստահել մեր նախագահին եւ կուզեմ, որ շատ-շատ բաներ փոխվեն: Ինքս էլ, թեկուզ մշակութային առումով, որոշ դժգոհություններ ունեմ: Կուզեմ, որ ամեն մարդ իր տեղում լինի, սակայն շատ անգամ այդպես չէ, ու դա միայն մշակույթին չի վերաբերում, այլ բոլոր բնագավառներին: Կուզեմ, որ մարդն ըստ արժանվույն գնահատվի, ու առաջինը իր գործից հասկացողին տեղ տան: Մշակութային բնագավառում շատ բան իր տեղում չէ. ով ասես երգում է, ով ասես` նկարվում…
-Մշակութային խնդիրներն այլ են, համաձայնե՛ք, որ սոցիալական ծանր վիճակն ավելի վատ է: Օրինակ՝ Դուք գո՞հ եք Ձեր այսօրվա սոցիալական կարգավիճակից:
-Իմ կարգավիճակը միջին խավ է: Շատ կուզենայի, որ մեր բնագավառում վարձատրվեինք այնպես, ինչպես, օրինակ, Ռուսաստանում: Գիտեի՞ք, որ Բեզրուկովի նկարահանման ամեն մի օրը 8 հազար դոլար է: Մենք դրա նույնիսկ կեսի կեսի մասին չենք կարող երազել:
-Հե՞շտ է քաղաքական գործիչ կին ունենալը:
-Ես էլ, կինս էլ ընդհանրապես չենք սիրում մեր կյանքը բարդացնել: Տանը, բնականաբար, խոսում ենք թե՛ քաղաքականությունից, թե՛ մշակույթից, բայց մեզ մոտ ազատության գործոնը կա: Կինս վերջին նախընտրական շրջանում շատ լարված, ծանր գրաֆիկով աշխատում էր, անընդհատ շրջաններում էր, հանդիպումներ էր ունենում ընտրողների հետ:
-Դուք` որպես հայ տղամարդ, ինչպե՞ս եք վերաբերում դրան:
-Ինքը հարգում է իմ մասնագիտությունը, ազատությունը, ես հարգում եմ իր աշխատանքը: Գիտեմ` եթե հարկավոր է, ուրեմն պետք է գնա, ես էլ, ինչքան կարող եմ, ձեռք կմեկնեմ, կօգնեմ, նույնն էլ կինս` ինձ: Մենք փորձում ենք նաեւ մեր կենցաղում թեթեւություն մտցնել: 
-Ձեր դուստրն ո՞ւմ ճանապարհն ընտրեց:
-Դուստրս վերջերս ամուսնացավ ու գնաց Կիեւ: Փեսացուն հայ է, սակայն Կիեւում է ապրում: Բավական կարոտել ենք իրեն, բայց դե աղջիկ է, հասկանում ենք, իր ընտանիքն է կազմել… Մանանս էությամբ շատ ակտիվ է, բազմակողմանի զարգացած, տեղեկացված բոլոր գործընթացներից՝ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային… Երեխա ժամանակվանից ներկա էր թատրոնում իմ փորձերին…
-Ի՞նչ ցանկություն, երազանքներ ունեք:
-Մեծ երազանքներ չունեմ: Թե՛ իմ, թե՛ կնոջս երազանքները կապված են մեր աղջկա հետ: Շատ կուզենամ, որ ուրախացնի մեզ թոռնիկով:  
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս