Կստեղծվի անասնաբուժական կենտրոնական լաբորատորիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ղեկավար Մայոր Էրիկ Լարսենի, հայաստանյան ծրագրի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի հետ:

Ծառայության պետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել DTRA-ի գործունեությունն ու գործակալության կողմից մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ առանձնացնելով կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի կառուցումը: Ըստ այդ ծրագրի՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում Ավանում կունենա կենտրոնացված, նորագույն սարքավորումներով հագեցած և բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրված անասնաբուժական լաբորատորիա, որը կնպաստի ոլորտում վերահսկողությունն ուժեղացնելուն:

Խոսելով լաբորատոր ախտորոշման կարևոր նշանակության մասին՝ կողմերը քննարկել են հանրապետության լաբորատորիաները օպտիմալացնելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հարցը: Այդ նպատակով Ծառայությունը, որպես առաջին քայլ, անձնագրավորել է հանրապետության բոլոր լաբորատորիաները՝ այդ թվում և մարզային, գնահատել առկա իրավիճակն ու ռեսուրսները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի ու կանխարգելման, ինչպես նաեւ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրերի շրջանակներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև նախանշվել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները:




Լրահոս