Վահրամ Մկրտչյանն անտեղյա՞կ էր զեկուցում օրենքի մասին. ինչ ասել են, արել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այս օրերին քննարկվում էր ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման  քարտերի  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի ու Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնության բուռն քննարկումները: Պատգամավորներն առաջարկում էին փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ այս նախագիծը իշխանություններին լրացուցիչ հնարավորություն է ընձեռել սահմանադրական հանրաքվեն կեղծելու համար: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով. «Սա խայտառակություն է: Դուք կարող էիք դեկտեմբերի 6-ը չդնել շրջանառության մեջ: Այդ խնդիրը լուծեիք մինչեւ օրը նշանակելը: Սրանք մտացածին երեւույթներ են»: Նախագծի զեկուցող Հովհաննես Սահակյանն էլ արձագանքելով հայտարարեց, թե ՕԵԿ-ը ամենաակտիվ խմբակցությունն է համարվում, ակտիվ վերահսկեք. «Ընտրական մշակույթը դրան է վերաբերում, եթե ենթադրյալ պարտության հոգեբանությամբ գնում եք առաջ, չի կարելի դա բարդել ընտրության վրա: 5 ամիս առաջ դուք քայլեր անեիք»: Հ. Սահակյանի «դաստիարակչական» խոսքերը հունից հանեցին Հեղինե Բիշարյանին. «Մեզ աշխատել չսովորեցնե՛ք: Էս մեկը մենք գիտենք»:

«Ժողովուրդ»-ն այս նախագծի հետ կապված զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հետ, որը նախագծի հարակից զեկուցողն է ու առաջին անգամ խորհրդարանի ամբիոնից մտքեր ու «պաշտպանական» ճառեր է ասում` հօգուտ նախագծի:

-Հայաստանում այսօր 558 հազար 401 մարդ ունի նույնականացման քարտ, սակայն ըստ ընտրական օրենսգրքի՝ այդ անձինք իրավունք չունեն մասնակցել քվեարկությանը: Կարծես թե ստացվում է տպավորություն, որ մեր ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկանում, որպեսզի այդքան մարդ մասնակցի եւ իրացնի իր ընտրական իրավունքը:

-Ընդդիմությունը պնդում է, որ իշխանություններն իրենց այս նախագծով ոչ թե մտահոգված են քաղաքացիների ընտրության իրավունքի պաշտպանությամբ, այլ հենց այդ միջոցով են ընտրակեղծիքներ իրականացնելու:

-Մարդուն մեղադրել մի բանում, որը դեռեւս տեղի չի ունեցել… ըստ ընդդիմության քննադատությունների` հանրաքվեն արդեն կեղծվել է, բայց դեռեւս այդ հանրաքվեն չի կայացել, ու անհասկանալի է, թե որտեղից են արդեն իրենք նման որոշում կայացրել, եզրակացության եկել: Իսկ ո՞վ է հաշվարկել, թե Հայաստանում 558 հազար 401 մարդ, որը ունի միայն նույնականացման քարտ, այո-ի թե ոչ-ի կողմանկից է, կա՞ նման հաշվարկ: Միայն հաշվարկված է, որ այդքան մարդ ունի նույնականացման քարտեր, գուցե այդ բոլորը ոչ-ի կողմնակիցնե՞ր են, կամ ունեն խառը դիրքորոշում, որտեղից են նրանք նման եզրակացություններ անում: Նախօրոք անմեղության կանխավարկածը խախտելով՝ ասել, թե հանրաքվեն կեղծվելու է, կամ դրանք բոլորն արվում են իշխանությունների համար իրատեսական չէ: Ընդամենը ընդդիմությունը իր քաղաքական, հերթական շոուն է անում: Մեր ընդդիմությունը շատ հաճախ օրենքները մի քիչ լավ չի կարդում, որովհետեւ եթե կարդում են, պատասխանները գտնում են: Օրենքում ամեն ինչ գրված է, եթե օրենքում գրված է, բայց ես չեմ հավատում, դա արդեն հարցի մյուս կողմն է, ըստ էության, իրենք ասում են՝ էկեք, ինչ-որ մեխանիզմ մտցնենք, որպեսզի ID քարտը դրոշմակնքվի, մենք ասում ենք, որ համաձայն ենք դրան, բայց անձնագրերում արդեն կնիքը դրվում է, մենք ասում ենք, որ դրան էլ ենք համաձայն, բայց այսօր տեխնիկան, հնարավորությունները դա թույլ չեն տալիս: Ղրղզստանն այս համակարգին անցել է ու պահանջվել է մի քանի տարի ու 20 միլիոն դոլար, իսկ դրա հնարավորությունը մենք այսօր չունենք: Ամենավստահելի երաշխիքը հենց վստահված անձի առկայությունն է ընտրատեղամասում, որի հնարավորությունը ընդդիմությունն ունի, դա շատ լուրջ փաստարկ է:

-Խորհրդարանական ընդդիմությունը վսահեցնում է նաեւ, որ այս նախագծի կողմնակիցներն արդեն ակամայից դառնում են ընտրակեղծարար հենց այն պահին, երբ այո են ասում ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագծին: Դուք եւս նրանց շարքին եք դասվում, արդյո՞ք արդեն ընտրակեղծարարություն եք անում:

-Նման որակումներ տվող մարդկանց պետք է հիշեցնեմ մեր Ավետարանում գրված Հիսուս Քրիստոսի խոսքը, երբ որ շնության մեջ մեղադրվող մի կնոջ համար Վարդապետին ասում են, որ պետք է քարկոծենք, քանի որ մեր օրենքը դա է ասում, ասում է՝ ճիշտ է՝ օրենքն ասում է, բայց առաջին քարը թող նետի նա, ով անմեղ է: Բոլորը լքեցին հրապարակը, քանի որ հասկացան, որ իրենք մեղավոր են: Հիմա եթե որեւէ մեկը անձամբ ինձ կամ իմ գործընկերներին կասկածում է կեղծիքների մեջ, թող ինքը մի հատ իր կենսագրությունը նայի, թե ինչ քաղաքական ճանապարհ է անցել ու որ ընտրությունն ինչպե՞ս է կեղծել: Ես պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ներկայացված հարակից զեկուցող եմ, ինձ հանձնաժողովից հանձնարարել են, ես կարդացել եմ, բնականաբար համաձայն եմ նախագծին ու զեկուցում եմ: Իմ կողմ լինելու հանգամանքը պայմանավորված է մեր ընտրողների ընտրության իրավունքի իրացմամբ, եթե մենք դա չանենք, մենք ավելի լուրջ հակասություն կունենանք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս