«ՎՏԲ-Հայաստան» բանկի շուրջ հերթական աղմո՞ւկն է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղի շուրջ դժգոհություն է կուտակվում: Սակայն առայժմ խնդիրը, ըստ հասցեատերերի, դեռ չի բարձրաձայնվում, թեեւ չի բացառվում, որ գործին խառնվեն իրավապահները: Ըստ մեզ հասած տեղեկությունների` «ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղում ավանդատուների գումարները «պտտեցնում» են, որոնք, ըստ լուրերի, երբեմն «հօդս են ցնդում»:

Նախ նշենք, որ ավանդատուներ են համարվում այն քաղաքացիները, ովքեր իրենց ցանկալի բանկում հաշվեհամար են բացում եւ ներդրում իրականացնում: Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ ավանդատուի գրավոր դիմումի համաձայն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները կարող են յուրաքանչյուր ամիս ավելացվել ավանդի գումարին: Ավանդատուի կողմից ժամկետային ավանդի գումարը կամ դրա մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում են տոկոսներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչեւ ետ պահանջելու օրվա նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար ավանդային պայմանագրով սահմանված կարգով:

Պարզվում է՝ եղել են դեպքեր, երբ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղում քաղաքացիները ցանկացել են ժամկետից շուտ կամ ժամկետը լրանալուն պես հետ վերցնել իրենց ներդրած ավանդները, որոշ դեպքերում կանգնել են փաստի առաջ: Ըստ դեռեւս ճշտվող տեղեկությունների՝ «ՎՏԲ» բանկի մասնաճյուղի տնօրենը կամ աշխատակիցները հայտնել են, թե գումար չկա, կամ չեն կարող առայժմ գումար տրամադրել: Իսկ թե ինչո՞ւ քաղաքացիները չեն կարող ստանալ իրենց ավանդները, ահա, այս հարցը մնացել է օդում կախված: Ինչ կարող էր առաջանալ «ՎՏԲ» բանկի՝ Հրազդանի մասնաճյուղում, որ ավանդատուների գումարը չվերադարձնելու խնդիր առաջանար: Միգուցե բանկի կողմից ավանդատուների գումարների շուրջ որոշակի գործարքնե՞ր են կատարվել:

Բանն այն է, որ որոշ բանկերում ընդունված պրակտիկա կա. օրինակ՝ քաղաքացիներից մեկը կարող է բանկում 1 միլիոն դրամ ավանդ ներդնել, ավելի ուշ՝ այն հետ վերցնել: Բանկը նշված քաղաքացու մեկ միլիոն դրամը դուրս է հանում, մի 2 օր շրջանառության մեջ դնում, հետո գալիս է մեկ այլ քաղաքացի, իր դրած ավանդից, դիցուք, 2 մլն դրամն է ցանկանում հետ վերցնել, բանկում հանվում է նաեւ 2 մլնը, բայց դեռ 1-ին հաճախորդին են փոխանցում, երկրորդին՝ առաջարկելով սպասել: Եւ այսպես բանկը շրջանառելով ավանդատուների գումարները՝ ոմանց դեպքում ուշացնում է վերադարձը, ինչը առաջացնում է դժգոհություն ու լարվածություն բանկի նկատմամբ: Սա ընդհանրապես:

Իսկ մասնավորապես «ՎՏԲ-Հայաստան» բանկի շուրջ պտտվող խոսակցությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «ՎՏԲ-Հայաստան» բանկի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Բարսեղյանի հետ, որն ասաց, թե առայժմ նման բան չկա, գոյություն չունի: Հարցին, թե ինչ է նշանակում առայժմ, միգուցե, ներկա պահին բանկում ստուգումնե՞ր են, եւ չի բացառվում, որ ստուգումներից հետո ավանդի յուրացման փաստե՞ր հայտնաբերվեն, Տիգրան Բարսեղյանը պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել Ձեզ, նման բան դեռ չկա»: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հետագայում կարող է աղմկալի բացահայտում լինի, Բարսեղյանը նշեց. «Ես չեմ կարող հետագայի համար այսօր մտածել կամ ասել»: Այս խոսքերից հետո «ՎՏԲ-Հայաստան» բանկի՝ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը այլեւս չցանկացավ շարունակել՝ անջատելով հեռախոսը: Նկատենք, որ բանկի կառավարչի խոսքերից հետո կասկածները, որ մինչ այդ կային, ոչ թե փարատվեցին, այլ ավելացան: Բայց դեռ սպասենք զարգացումներին: Իսկ մինչ այդ իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղից եւս հայտնեցին, թե նման տեղեկություն չունեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս