ՀՀ Սյունիքի մարզի 4 բնակիչ ունեցող Քաշունի գյուղի բնակիչները նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ «պարապ են լինում»:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Քաշունին 4 բնակիչ ունեցող գյուղում քանի՞ ընտրող կա: -Ձմռանը Քաշունիում չորս բնակիչ է ապրում, իսկ ընտրություններին 15-ն են ընտրում: Բայց այս պահին 10 մարդ կա գյուղում: Իսկ հանրաքվեին կմասնակցի մոտ 15 մարդ:
-Այդ ինչպե՞ս է ստացվում:
-Ընտրություններին ավտո-մավտո ենք ուղարկում, գնում են ու մեր գյուղի բնակիչներին բերում են Կապանից եւ այլ տեղերից: -Ո՞ւմ միջոցներով եք մեքենա ուղարկում: -Գյուղապետի անձնական միջոցներով (ծիծաղում է-Ս.Հ.):
-Ի՞նչ են մտածում քաշունցիները սահմանադրական փոփոխությունների մասին:
-Գյուղացի մարդիկ են, տելեվիզորը բացելիս՝ որ կուսակցությունը լավ է խոսում, ասում են՝ ճիշտ է ասում, որը վատ է խոսում, ճիշտ չէ: Մի բան կլինի, էլի: Գյուղացու բարեկեցությունը բարձրանա, ուրիշ բան պետք չէ:
-Բայց մարդիկ հավատո՞ւմ են, որ փոփոխություններից հետո կբարձրանա բարեկեցության մակարդակը:
-Հավատացող էլ կա, չհավատացող էլ: Ես կարդացի այդ փոփոխությունների մասին ուղեցույցը, որոշ նշումներ արեցի, բայց այդքան արծարծվեց, քննարկվեց, ես էլ մնացի այն բանին, որ պետք են այդ փոփոխությունները: Բայց այս պահին դաշտում եմ, չեմ կարող ասել, թե որ կետին եմ համաձայն, որին ոչ:
-Գյուղում պատրաստվո՞ւմ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը:
-Ո՞վ ունենք, որ պատրաստվենք կամ հանրաքվե անցկացնենք: Օրը կգա, կքվեարկենք: Ձմեռը վրա է հասել, ծառեր պետք է կտրատեն, իրենց հոգսն են քաշում: Նախապատրաստվում են ձմռանը, ոչ թե հանրաքվեին: Հենց պարապ ենք լինում, այդ ժամանակ խոսում ենք սահմանադրական փոփոխություններից:
-Քաշունցիները Ձեզ հետ չե՞ն կիսվում՝ այո են քվեարկելու, թե ոչ:
-Մեկ-մեկ, ո՞վ է հարցնում, թե ինչ ես քվեարկելու, բայց մեծ հավանական է, որ այո կքվեարկեն: Այստեղ մեծամասամբ ծեր մարդիկ են. կենսաթոշակը բարձրացնեն, լավ կլինի: Թե չէ աշխատատեղ բացելը քչերին է հետաքրքրում, որովհետեւ քչերը կարող են կամ իրավունք ունեն աշխատելու:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ