«Սա էժանագին սանատորիա է, որտեղ չգիտեմ՝ ինչեր չեն ապրում». ինչ է պատմում կին դատապարտյալը կանանց գաղութի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ArmLur.am-ը գրել էր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մի քանի օր լարված մթնոլորտ է տիրել: Անազատության մեջ հայտնված կանայք վստահեցնում էին, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, իրավունքները խախտվում են: Պատճառը կալանավորներից մեկի՝ պատժախցում հայտնվելն է: Իսկ սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՔԿ հիմնարկի աշխատակիցը հայհոյել է դատապարտյալ կնոջը, վերջինս էլ փորձել է պաշտպանել իր իրավունքները:

Նշված հրապարակումից հետո ArmLur.am-ի խմբագրություն զանգահարեց ՔԿՀ դատապարտյալներից մեկը, ով ներկայացավ Սոնա անունով, և հաստատեց մեր տեղեկությունը այն մասին, որ ՔԿՀ-ում տեղի ունեցած ներքին խժդժությունները դրդել էին հիմնարկի կին բնակիչներին հացադուլի դիմել:

Մեր զրուցակիցը մանրամասներ ներկայացրեց միջադեպի մասին: Այսպես, նրա խոսքով՝ կանայք աղմկել են, ինչի պատառով նկատողություն են ստացել, ինչին էլ հետևել է արդեն հայտնի դրվագը. «Կանայք մի քիչ բարձր տոնայնությամբ են խոսել, բնականաբար, զեկուցագրեր են գրվել դրա մասին: Մարդիկ էլ որոշել են ըմբոստանալ այդ զեկուցագրերի դեմ: Իմ անունը նշված չի եղել, բայց իմ ընկերների մասին է գրվել, իսկ դրանով կարծիք է կազմվում նաև իմ մասին: Ինձ համար տարբերություն չկա: Դեպքից հետո ներքին անվտանգությունը եկել է, այստեղ ամեն ինչ հարթվել է: Ծեծկռտուք չի եղել: Այստեղ վտանգավոր բաներ չկան»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել այն մթնոլորտը, որն իրականում տիրում է կանանց գաղութում:

Խարդախության մեղադրանքով 8 տարվա ազատազրկման դատապարտված կինը նշում է, որ «Աբովյան» ՔԿՀ-ում տիրող մթնոլորտը որոշ լրատվամիջոցներ հաճախ սխալ կերպ են ներկայացնում, ինչի արդյունքում իրենց հարազատները սխալ կարծիք են կազմում ՔԿ հիմնարկի մասին. «Բնական է, որ քրեակատարողական վարչությունը վատ բաներ չի ասի ներսի մասին, մեկ-մեկ իրականությունը չի ներկայացնի, բայց մենք շատ կցանկանայինք, որպեսզի գային, ներկայացնեին ներսում տիրող իրակա՛ն վիճակը: Գրում են՝ իբր մեկը մյուսին չի հարգում, չգիտեմ՝ ինչ է կատարվում, ոնց որ գազանանոց լինի: Արդեն 5 տարի է՝ այստեղ եմ, բայց նման բան չեմ տեսել: Մենք ցանկանում ենք խոսել, որպեսզի մարդիկ ավելի լավ պատկերացնեն՝ ինչ է այստեղ կատարվում: Դրսում երեխաներ, հարազատներ ունենք, որոնք ապատեղեկատվության պատճառով սխալ կարծիք են կազմում այստեղի վիճակի մասին»,- ասաց Սոնան:

Վերջինս նաև պարզաբանեց, թե կանանց կալանավայրում, ի տարբերություն տղամարդկանց կալանավայրի՝ «զոն նայող» հասկացություն չկա, ինչը ևս թյուր կարծիքի տեղիք է տալիս. «Մարդիկ չգիտեն՝ ինչ է նշանակում կանանց գաղութ: Բան չունեմ ասելու՝ այստեղ ոչ մեկին չեմ ցանկանա, որ հայտնվեն: Բոլորն ուզում են ճողոպրեն, օրենքներ կան, որոնք մեզ չեն գոհացնում: Բայց սա էժանագին սանատորիա է: Այստեղ նորմալ կանայք, մայրեր են ապրում, չգիտեմ՝ ինչեր չեն: Այստեղ փոքրիկներ կան, որոնց մասին մոռացվում է»:

Վերջում դատապարտյալ Սոնան մեզ վստահեցրեց, որ իր կամքով է զանգահարել, քանի որ. «Ես այն դատապարտյալներից չեմ, որն ինչ-որ մեկի հետ հաշվի է նստում: Ես, այսպես ասած, չսիրված դատապարտյալների շարքից եմ»:

Տաթև Հարությունյան




Լրահոս