Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցակը ՀՀ տնտեսության հիվանդությունը բնորոշող ամենավառ ապացույցն է: Բանն այն է, որ նշված հազար խոշոր հարկատուները վճարում են Հայաստանում հավաքագրված ընդհանուր հարկերի 65 տոկոսը: Այս ցուցանիշը տարօրինակ չէր լինի, եթե Հայաստանում գործեին ընդամենը երկու կամ տասը հազար տնտեսվարողներ: Սակայն նույն հարկային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա ինն ամիսների արդյունքներով Հայաստանում գործում են 95 հազար տնտեսվարողներ:
Այսինքն՝ Հայաստանի բոլոր տնտեսվարողների մեկ տոկոսը վճարում է երկրում հավաքվող հարկերի ու տուրքերի 65 տոկոսը, որը այս տարվա 9 ամիսների կտրվածքով կազմում է 515 միլիարդ 435 միլիոն դրամ: Իսկ տնտեսվարողների մնացած 99 տոկոսը, կամ նույն է թե՝ 94 հազար ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ այս տարվա 9 ամիսներին կարողացել են վճարել ընդհանուր հարկեր-տուրքերի 35 տոկոսը, որը կազմում է 270 միլիարդ 160 մլն դրամ: Առաջին հայացքից կարող է թվալ՝ ոչ մի վատ բան չկա նրանում, որ խոշոր հարկատուներն են հիմնական հարկեր-տուրքերը վճարում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ հարկ վճարելը ենթադրում է նաեւ համապատասխան գումարների շրջանառություն:
Այլ կերպ ասած՝ եթե հազար խոշոր ընկերությունները վճարում են հարկեր-տուրքերի 65 տոկոսը, ապա դա նշանակում է, որ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն 65 տոկոսը հենց նույն այդ ընկերություններն են տնօրինում. փողը նրանց ձեռքում է: Այս փաստը ցույց է տալիս, թե որքանով է կենտրոնացված, կամ նույն է թե՝ մենաշնորհված Հայաստանի տնտեսությունը: Եւ հենց կենտրոնացվածությունն է պատճառը, որ տարիներ շարունակ Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված տնտեսվարողների ցանկը տարիներ շարունակ գրեթե չի փոխվում: Եթե այդ ցանկում որեւէ անուն փոխվում էլ է, ապա դա ձեւական բնույթ է կրում, որովհետեւ եթե ուսումնասիրենք, կհամոզվենք, որ այդ «նորեկի» սեփականատերը նույն օլիգարխ-պաշտոնյան է, որին պատկանել է «նախկին» խոշոր հարկատու հանդիսացած ընկերությունը:
Խոշոր հարկատուների այս տարվա 9 ամիսների ցուցակը, ինչպես միշտ, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը ՀՀ պետական բյուջե է վճարել 31 մլրդ 29 մլն դրամի հարկ:
Երկրորդ հորիզոնականի ընկերությունը նույնպես այդ տեղի մշտական հավակնորդ «Զանգեզուրի ՊՄԿ»-ն է, որը այս տարի պետբյուջե վճարել է 19 միլիարդ 8 մլն դրամի հարկ:
Երրորդ տեղում հայտնվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը, որը վճարել է 16 մլրդ 705 մլն դրամի հարկ: «Որոտան ՀԷԿ»-ը սովորաբար խոշոր հարկատուների ցուցակում երրորդ տասնյակի վերջին հորիզոնականներում է լինում, ուստի այս առաջխաղացումը ժամանակավոր բնույթ է կրում եւ պայմանավորված է ընկերության բաժնետոմսերի վաճառքի փաստով: Հիշեցնենք, որ «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքի 180 մլն դոլար արժողությամբ գործարքը կյանքի կոչվեց այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Այս տեսանկյունից տարօրինակ է «Օրանժ Արմենիայի» ցուցանիշը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա օգոստոսին «Յուքոմ» ընկերությունը գնեց «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերը: Այս գործարքը ընթացիկ տարում կնքված ամենախոշոր գործարքներից մեկն է: Նրա հետ թերեւս միայն «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը կարող է մրցել: Բայց ողջ խնդիրն այն, որ գործարքը որեւէ կերպ չի արտահայտվում ո՛չ «Օրանժ Արմենիայի» եւ ո՛չ էլ «Յուքոմ»-ի վճարած հարկերում:
«Օրանժ Արմենիան» անցած տարվա ինն ամիսների արդյունքներով խոշոր հարկատուների ցանկում եղել է 20-րդը` 3 մլրդ 442 մլն հարկային վճարումներով, այս տարի 34-րդն է եւ վճարել է ընդամենը 2 մլրդ 667 մլն դրամի հարկ: «Յուքոմ» ընկերությունն անցած տարի եղել է 49-րդը` 1 մլրդ 895 մլն դրամի հարկային վճարումներով, այս տարի նահանջել է 75-րդ հորիզոնականը եւ վճարել է ընդամենը 1 մլրդ 166 մլն դրամի հարկեր: Տեսականորեն բացառված չէ, որ գործարքի ֆինանսական կողմը կյանքի կոչված լինի հոկտեմբերին, եւ այդ պատճառով առաջին ինն ամիսների արդյունքներում այդ ամենը չի արտացոլվել: Ժամանակը ցույց կտա:
Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» «Զանգեզուրի ՊՄԿ» եւ «Որոտան ՀԷԿ»-ից բացի՝ 10 միլիարդ եւ ավել դրամի հարկեր վճարած հաջորդ խոշոր հարկատուների ցանկը, որոնք զբաղեցնում են ընդհանուր ցուցակի 4-ից 9-րդ հորիզոնականներն, այսպիսնն է՝
ընկեր. վճ.հարկեր
«Ղ-Տելեկոմ» 13 մլրդ 738 մլն դրամ,
ՀԷՑ 13 մլրդ 730 մլն դրամ,
«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» 11 մլրդ 949 մլն դրամ,
«ԱրմենՏել» 11 մլրդ 826 մլն դրամ,
«Գրանդ-Տոբակո» 10 մլրդ 120 մլն դրամ:
Որպես կանոն հենց այս ընկերություններն են մշտապես տեղ զբաղեցնում խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ