ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Կանչի գյուղապետ Մրազ Բշարյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ ՀՀԿ Թալինի կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանը հանձնարարել է գյուղերում շտաբներ ստեղծել: Կանչի գյուղապետը կատարել է հանձնարարությունը՝ գյուղում վարձելով բնակարան: Սակայն գյուղապետը չգիտի՝ ի՞ր, գյուղապետարանի՞, թե՞ պետբյուջեի միջոցներով է մարելու տան վարձավճարը:
-Պարո՛ն Բշարյան, բնակիչները քննարկո՞ւմ են սահմանադրական փոփոխությունները:
-Ամեն մեկն իր կարծիքն է հայտնում: Նորության են սպասում: Ախր, Սահմանադրությունը իրավաբան մարդիկ են գրել, իսկ գյուղացին էլ կարդում, բայց բան չի հասկանում: Ինչի Դուք գիտեք, թե մենք բոլորս գիշեր-ցերեկ Սահմանադրությո՞ւն ենք կարդացել, հիմա էլ հինն ու նորը համեմատելու ենք ու գտնենք, թե որն է լավը, որը վա՞տ:
-Եթե հարցեր են ունենում, ապա ո՞ւմ են դիմում:
-Մեր տուն են գալիս, ես էլ հայեցակարգը վերցնում եմ ու հետները նստում, կարդում: Հետո հնի հետ ենք համեմատում:
-Ո՞ր կետերին են դեմ:
-Բոլորը դեմ են համամասնականին անցնելուն, դա լավ բան չէ: Մենք շատ էինք ուզում իրավաբանի հրավիրել, գար բացատրեր, բայց ցանկացած իրավաբան էլ առանց գումարի ոչ մի բան էլ չի բացատրի: Չէ՞ որ դատական, ընտրական համակարգի հետ կապված հարցեր ունեն գյուղացիները: Բայց, դե, ինչ արած, իրենք ինձ են հավատում, ես եմ փորձում բացատրել:
-Պաշո՛ն Բշարյան, ինչպե՞ս եք պատրաստվում սահմանադրական հանրաքվեին:
-Թալինում ՀՀԿ-ի գրասենյակ ունենք, որտեղ ժողով եղավ եւ ղեկավարն ասաց, որ շտաբներ պետք է ստեղծենք, որն էլ կարող ենք տրամադրել ցանկացած կուսակցության: Թալինի տարածաշրջանի բոլոր գյուղերում էլ շտաբներ են ստեղծվել: Մենք էլ՝ գյուղում մի տուն ենք վարձել եւ ՀՀԿ-ի կողմից մենք մեր շտաբն ենք բացել: Տան ամսական վարձը դեռ չենք որոշել, բայց մի 15-20 հազար դրամի չափ կլինի: Այդ գումարը տանտիրոջն ենք տալու (տանտերն այստեղ չէ):
-Վարձած տան գումարը ՀՀԿ՞-ն է տրամադրելու:
– Ոչ մի քննարկում չի եղել գումարի, շտաբների վարձատրության մասին: Ծախսերի մասին էլ ոչ մի բան չի խոսվել: Մարդիկ նստում են, էլեկտրականություն ենք օգտագործում, բայց ոչ մի օժանդակություն չենք ստանում: Քանի անգամ նման բան ենք անում, անցնում է ամեն ինչ, ու ոչ մի օժանդակություն չկա, գոնե այդ օգտագործված հոսանքի փողը տան: Արդեն մի քանի օր է, ինչ օգտագործում ենք տունը, մի պլիտա ենք վառում:
-Եթե ՀՀԿ-ն չվճարի, ի՞նչ եք անելու:
-Եթե կուսակցությունը չվճարի, մենք մի բան պետք է անենք: Բայց, դե, մենք չենք կարողանում մեր գյուղապետարանը ջեռուցենք, ստիպված տնից եմ վառելիք տանում, որ մի երկու ժամ տաքացնեմ աշխատասենյակը: Ինչո՞վ վճարեմ, չգիտեմ:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ