2011 թվականին ՀՀ Ազգային ժողովը ցնծում էր ելույթներով, թե իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանն անփոխարինելի մասնագետ է եւ հենց նա պետք է ՀՀ օմբուդսմեն դառնա: Ու չնայած մամուլի դաժան քննադատություններին, այնուամենայնիվ, նա ստացավ 83 պատգամավորների կողմ ձայները եւ դարձավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությունից մոտ 4 տարի անց, պարզվում է, Անդրեասյանը անլուրջ երիտասարդ է, որի համար ՄԻՊ պաշտոնը իր քաշից մեծ ծանրաձող է:
Ի՞նչ է տեղի ունեցել իշխանական բուրգում, որտե՞ղ է սայթաքել Կարեն Անդրեասյանը, որ 6 տարի ժամանակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց 4 տարի հետո իշխանական պատգամավորների դաժան քննադատությանն է արժանանում: Նկատենք, որ իշխանական պատգամավորները երբեք այնպիսի ակտիվություն չէին ցուցաբերել որեւէ պետական պաշտոնյայի նկատմամբ, ինչպես դա եղավ ՄԻՊ-ի դեպքում: Մի քանի օր ԱԺ-ում նույնիսկ ընդդիմության կարիքը չկար. ՀՀԿ-ի «նախագահական թեւը» գրավել էր այդ դաշտը: Եւ Կարեն Անդրեասյանը ստիպված էր լինում ընդմիջումներին ԱԺ ճաշարանում անցկացնել լրագրողների հետ. օմբուդսմենի հետ շփվելը մեր երկրում դարձել է խիստ վտանգավոր:
«Կարելի՞ է այդքան անլրջացնել օմբուդսմենի տարեկան զեկույցը: Եթե օրենքի պարտադրանքով ՄԻՊ տարեկան զեկույցը խորհրդարանում չքննարկվի, գուցե մեր հասարակությունն ընդհանրապես տեղեկություն չունենա, թե ինչով է զբաղվում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանը…Մենք այդքան միջոցներ ենք ծախսում, որ արդյունքում ունենանք նման անատամ զեկո՞ւյց, սա անլուրջ է»,- հայտարարեց ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որի ելույթի մեջ ակնհայտ վիրավորանքներ կային առ Անդրեասյան:
ՀՀ օմբուդսմենն էլ նրան հակադարձեց առանց անուն տալու՝ ասելով. «Ես խոսում եմ հարյուր երեսուն պատգամավորի եւ մեկի մասին, որը անում է ոչ բարոյական աշխատանք ու կատարում է որոշակի պատվեր: Ես բացատրեմ իմ խոսքի իմաստը՝ ես անձնական թշնամիներ չունեմ այս դահլիճում, նույնիսկ այդ մեկի հետ, սակայն եթե մարդը իջնում է այդ մակարդակի ու նման ելույթ ունենում, ուրեմն նշանակում է՝ նրա հետեւում կանգնած ինչ-որ մեկի ոտքը տրորել եմ: Ես գիտեմ այն ոտքը, որ ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել»:
Այն, որ Կարեն Անդրեասյանը խիստ զգուշավոր է, լղոզում է երեւույթները, համարձակության խնդիր ունի եւ այլն, մամուլում շատ է գրվել ու քննադատվել: Նա իսկապես օմբուդսմենի ինստիտուտը իր իներտությամբ բավականին արժեզրկել է: Բայց այս իրավիճակում հետաքրքիր է մեկ հարց՝ ո՞ւմ տրորված ոտքի մասին էր խոսում Կարեն Անդրեասյանը, որ այդպես էլ չգաղտնազերծեց:
Թեեւ Հայաստանի իշխանական բուրգին մոտ կանգնած յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ Անդրեասյանն այսօր անասելի լարված հարաբերություններ ունի Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ:
Եւ որպեսզի հասկանալի լինի այսօրվա իրավիճակը, նախ տեղեկացնենք, որ Կարեն Անդրեասյանը Միքայել Մինասյանի եղբոր՝ Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է: 4 տարի առաջ հենց Գրիգորի միջնորդության արդյունքում Միքայել Մինասյանը լոբբինգ արեց Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի Անդրեասյանը ՄԻՊ դառնա: Ավելին՝ Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը համատեղ իրավաբանական «AM» ընկերությունը հիմնեցին եւ «հաշտ ու համերաշխ ապրում էին» այնքան ժամանակ, մինչեւ մի օր Միքայել Մինասյանի եւ հարազատ եղբոր միջեւ ինչ-որ «սեւ կատու անցավ»:
Ի դեպ, եղբայրների լարված հարաբերությունների մասին մամուլում շատ է գրվել: Եւ անզեն աչքով նկատելի է, որ մեդիամագնատ Միքայել Մինասյանի վերահսկողոթյան տակ գտնվող լրատվական միջոցներում տեղադրված եղբոր «AM» ընկերության գովազդները կամաց-կամաց հանվեցին, «Ջազվե» սրճարանների ցանցերում սեղաններին դրված գովազդային քարտերը եւս անհետացան եւ այլն:
Բայց ինչպես ասում են՝ ընտանիքը մութ անկյուն է, ու դժվար է ասել, թե իրականում ինչու են լարվել երկու եղբայրների հարաբերությունները: Թերեւս նրանց հայրը՝ հայտնի եւ սիրված բժիշկ Արա Մինասյանը, կզբաղվի այդ հարցով: Մենք եւս երբեւէ չէինք անդրադառնա այս թեմային, եթե նրանց փոխհարաբերությունների արտացոլումը չմտներ հայրենի խորհրդարան, ու ԱԺ պատգամավորներն էլ չկատարեին եղբայրներից մեկի պատվերն ընդդեմ մյուս եղբոր (այս դեպքում՝ եղբոր ընկերոջ դեմքով): Սա, համաձայնեք, արդեն զզվելի է եւ չի դիմանում որեւէ քննադատության:
Հ. Գ. Փոխանակ ե՛ւ օմբուդսմենը, ե՛ւ ԱԺ պատգամավորներն ամեն ինչ անեն՝ երկու եղբայրներին հաշտեցնելու համար, «հերոսական ելույթներով» մտնում են «մատի ու մատանու» արանքը՝ հրճվելով Միքայել Մինասյանին հաճոյանալու կամ ինչ-որ բան հասկացնելու հերթական առիթից: Արդյո՞ք արժեր: Սթափվե՛ք, պարոնա՛յք:
Թամարա Միքայելյան