Ես ամուսնուս չեմ թաքցնում. նա չի ցանկանում երևալ. Սոնա Շահգելդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ է նկարահանել: Երգն անվանվել է «Ընտանիք»: Այն նոյեմբերի 2-ին կհանձնվի հանդիսատեսի դատին: Երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` պարսկահայ Արմեն Փիրիմասիհին:

Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ «Հյուսիս-հարավ» կինոկատակերգությունը հասցրել է արդեն մեծ տարածում գտնել: Մենք երգչուհուն հարցրինք` ինչ արձագանքներ է նա լսել իր կերտած կերպարի մասին. «Թեեւ մեզ մոտ սիրում են քննադատել, բայց իմ կերպարի վերաբերյալ մեծ մասամբ դրական կարծիքներ եմ լսել: Ինքս փորձել եմ մաքսիմալ անկեղծ խաղալ: Եթե հնարավորություն ընձեռվի, եւ սցենարն ինձ դուր գա, էլի կուզենամ կոմեդիայում խաղալ, քանի որ սիրում եմ այդ ժանրը»,-պատասխանեց նա:

IMG_6328_ts1323253182

Երգչուհին մեզ հայտնեց նաեւ առաջիկայում մենահամերգով հանդես գալու իր ցանկության մասին: «Գուցե հենց հաջորդ տարի հանդես գամ մենահամերգով, ինքս կենդանի հնչողությամբ համերգի կողմնակից եմ: Տարիներ առաջ արդեն ներկայացել եմ մենահամերգով, դրա փորձն ունեմ, հիմա կցանկանամ դա կրկնել»,-նշեց նա:
Անդրադառնալով իր անձնական կյանքին` Սոնան նշեց, որ իր մոտ ամեն բան խաղաղ է: Հիշեցնենք, որ դեռ հուլիսին նա «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ ամուսնացել է, ընտրյալը պետական գործ ունի, ինչպես նաև հետագայում մեծացնելու է իր բիզնեսը, խիստ եւ պահանջկոտ անձնավորություն է:

Երգչուհուց հետաքրքրվեցինք` արդյոք ամուսնությունը խոչընդոտե՞լ է կարիերային, իր առջեւ ինչ-որ արգելքներ դրվե՞լ են: «Ասում են` կինն ամուսնությունից հետո փոխվում է, սկսում է քիչ աշխատել, բայց իմ պարագայում ամեն բան այլ է. ես հիմա ավելի շատ եմ աշխատում, ավելի լավ է ամուսիններն իրար մի քիչ տեսնեն, բայց կարոտով լինեն: Կողքիս տղամարդը խիստ է, բայց դա ինձ ուժ է տալիս, նա երբեք չի խանգարում ինձ, այլ հակառակը` աջակցում է»,-ասաց Սոնան:

images

Շատերը մեղադրում են աստղերին` իրենց երկրորդ կեսին «թաքցնելու» համար: Սոնայի դեպքում չարախոսներն անգամ լուրեր տարածեցին, թե հնարավոր է` երգչուհին չի էլ ամուսնացել. «Երգարվեստում շատերը կան, ովքեր ոչ թե թաքցնում են, այլ չեն ուզում հանրայնացնել իրենց անձնական կյանքը, ես իմ ամուսնուն չեմ թաքցնում, ուղղակի ինքը չի ցանկանում երեւալ, համեստ անձնավորություն է, ես էլ հարգում եմ իր որոշումները: Ինքս էլ չեմ սիրում մտնել ուրիշի կյանքի մեջ: Այսպես ավելի լավ է, իսկ երբ անձնականդ շահարկում ես, հետաքրքիր չէ»,-մեկնաբանեց նա:

Երգչուհին, սակայն նաև ավելացրեց, որ Մոսկվայում ամուսնու հետ միջոցառման է մասնակցել, որտեղ նրա ամուսինը հատուկ հյուր է եղել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս