Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իբր ՀՀ ոստիկանությունը “աննախադեպ շռայլ է գտնվել”՝ “Սեքյուրիթի Դրիմ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարածք հատկացնելով:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ “Սեքյուրիթի Դրիմ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ 2011 թվականի հունիսի 13-ին կնքվել է “ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02” պայմանագիրը, եւ ըստ այդմ՝ կողմերը կատարում են օրենքով նախատեսված պարտավորությունները:
Բացի այդ՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելն ամենեւին չի նշանակում սեփականության իրավունքով հատկացում, այլ ընդամենը տարածքը տրամադրվում է որոշակի ժամանակահատվածով օգտագործելու, այն է՝ վերը նշված պայմանագրով նախատեսված սարքավորումների (որոնք եւս տեղադրման պահից հանձվում են ոստիկանությանը եւ հանդիսանում են պետական սեփականություն) տեղադրման եւ շահագործման համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձված գումարների 70 %-ը “Սեքյուրիթի Դրիմ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահույթը չի հանդիսանում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գինը: