Ովքեր են իշխանական լծակներով ՀՀ քաղաքացիներին ստիպելու նոր Սահմանադրության նախագծին «այո» ասել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների քարոզչության ՀՀԿ-ի շտաբի կառուցվածքն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ այդ կառույցը ստեղծվել է մեկ նպատակով, որպեսզի իշխանական լծակներով ՀՀ քաղաքացիներին ստիպեն նոր Սահմանադրության նախագծին «այո» ասել:

Այսպես, ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի կառուցվածքը, որն անցած շաբաթ հրապարակվեց, այսպիսին է՝ շտաբի պետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, շտաբի պետի տեղակալներ` նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյան, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյան, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը:

hovik-abrahamyan
Հովիկ Աբրահամյան

Թերեւս· կարիք չկա պարզաբանել, թե Հովիկ Աբրահամյանը որպես վարչապետ վարչահրամայական ինչ լծակների է տիրապետում: Այն փաստը, որ նա սահմանադրական հանրաքվեի շրջանում շարունակելու է սովորականի պես պաշտոնավարել, արդեն իսկ վկայում է, որ Հայաստանի իշխանական համակարգը մտադրվել է առանց կաշկանդվելու օգտագործել իր ձեռքում գտնվող իշխանությունը` անհրաժեշտ թվով «այո»-ի քվեներ ապահովելու համար:

vigen sargsyan
Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը զբաղվելու է ՀՀԿ-ի շտաբի քարոզչության համակարգմամբ: Այլ կերպ ասած՝ նա է ղեկավարելու մամուլով «այո»-ի քարոզչության գործընթացը: Այս նշանակումը մի քանի պատճառ ունի: Նախ իշխանության վերնախավում համարում են, որ Վիգեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունների քարոզչությունը շատ լավ է կազմակերպել, եւ հենց այդ հանգամանքով է նրա «ընտրությունը» պայմանավորված: Մյուս կողմից իշխանական մեդիա դաշտը, ինչպես հայտնի է, ամբողջությամբ վերահսկվում է Սերժ Սարգսյանի փեսայի, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմի կողմից: Վիգեն Սարգսյանն այս դեպքում ՀՀԿ-ի շտաբում ներկայացնում է Մինասյանի թիմը: Սահմանադրական հանրաքվեի արդյունքներով կհստակեցվի նաեւ Մինասյանի թիմի ներգրավածության ծավալը ՀՀԿ-ի ապագա իշխանական համակարգում:

12201029_564663713681244_972560295_n

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի եւ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնական գործառույթները շտաբում չեն հրապարակվել, սակայն այս դեպքում այդ հանգամանքն առանձնապես հետաքրքիր էլ չէ: Կարեւորն այն է, թե այդ պաշտոնյաներն իրականում ինչու են նշանակվել: Բանն այն է, որ վերահսկիչ պալատը եւ նախագահի վերահսկողական ծառայությունը կառույցներ են, որոնք Հայաստանի տնտեսվարողների վերաբերյալ հսկայական տեղեկություններ են տիրապետում եւ անհրաժեշտության դեպքում կարող են իրենց պաշտոնական լծակները կիրառելով՝ ընկերություններին ստիպել, որ նրանք երաշխավորեն՝ իրենց աշխատակիցները կողմ կքվեարկեն: Ի դեպ, այս գործում դժվարը ոչ թե վերահսկողությունն է, այլ տնտեսվարողներից համապատասխան խոստումը կորզելը: Հովսեփյանը եւ Յոլյանը հենց այդ խնդիրը պետք է լուծեն. նրանք պետք է կարողանան իրենց ձեռքի տակ եղած կոմպրոմատներով գործարարներին ստիպեն, որ նրանք պարտավորվեն սահմանադրական փոփոխություններին այո ասել:

armen-yericyan

Ակնհայտ է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զբաղվելու է մարզային շտաբների համակարգմամբ: Ամենեւին էլ պատահական չէ, որ այո-ի մարզային շտաբների ղեկավարները լինելու են մարզպետները: Ի պաշտոնե մարզպետարանների գործունեությունը համակարգում է հենց ՏԿԱԻ նախարարությունը: Այսինքն՝ Արմեն Երիցյանի նախարարական պաշտոնի եւ ՀՀԿ շտաբում նրան վերապահված գործառույթը նույնն են: Փաստացի, Երիցյանն այդպիսով կկարողանա օպերատիվ լուծումներ տալ մարզպետների բարձրացրած խնդիրներին: Այլ կերպ ասած՝ այս սխեման իշխանություններին հնարավորություն կտա այո-ի քարոզչության ընթացքում ընտրողներին սիրաշահելու համար կատարվող ծախսերը` փողոցների ասֆալտապատում, կտուրների վերանորոգում եւ այսպես շարունակ, իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցների հաշվին:

vahram-baxdasaryan1

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ նույն խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի շտաբի միակ ներկայացուցիչներն են, որոնք բացառապես քաղաքական լծակներով են օժտված:

Karen-karapetyan

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս