Ըստ նոր Սահմանադրության` գլխավոր դատախազին կառաջադրի ԱԺ մշտական հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունը խոստանում է Հայաստանը դարձնել արդարադատության դրախտավայր, որտեղ օրենքներն այլեւս չեն խախտվելու, իսկ իրավապահ մարմինները գործելու են բացառապես Սահմանադրության տառին համապատասխան: Հատկանշական է, որ նոր Սահմանադրությամբ փոխվելու է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման կարգը: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ են առաջ բերվում նոր Սահմանադրությամբ, ինչպիսին է միջազգային փորձն այս հարցում, եւ ինչպես է առաջարկվող տարբերակը երաշխավորելու, որ ՀՀ գլխավոր դատախազության գործունեությունը սահմանափակվի օրենքի շրջանակներում, եւ այս մարմինը կատարի իր իրական պարտականությունները:

Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ գործող Սահմանադրության 103-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։ Օրենքով սահմանված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա»: Այսօր գլխավոր դատախազի նշանակման եւ ազատման համար պատասխանատուն նախագահն է, որի այդ քայլը պարտադիր կերպով պիտի ներդաշնակվի Ազգային ժողովի կամքին:

Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները իրենց դիրքորոշումը հաճախ բացատրում են նաեւ այսօրինակ ընթացակարգերով, թե իբր նախագահի լայն լիազորությունների աստիճանն է պատճառը, որ հաճախ պաշտոնների նշանակվում են անբարեխիղճ կադրերը, իսկ եթե այդ արտոնությունն անցնի խորհրդարանին, այդ դեպքում կադրային քաղաքականությունն ավելի բարձր մակարդակով կիրականացվի: Ըստ էության, գլխավոր դատախազ նշանակելու հարցում նախագահը բացառիկ լիազորություններով օժտված չէ, սակայն նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեպք չի եղել, որ խորհրդարանը մերժի նախագահի ներկայացրած թեկնածուին: Հիշեցնենք, որ ներկայիս գլխավոր դատախազի ընտրությունն ԱԺ-ում սկանդալային ընթացք էր ստացել, երբ դեռ «հուժկու» ընդդիմադիր քառյակի կենդանության օրոք Սերժ Սարգսյանի թեկնածուն ընդամենը 3 դեմ ձայն էր ստացել: Վերջապես, գործող Սահմանադրության վերոնշյալ հոդվածն իմպերատիվ կերպով սահմանում է, որ դատախազությունը պարտավոր է գործել միայն Սահմանադրության ու օրենքների շրջանակներում: Բավական է, սակայն, նկատել, որ կոռուպցիայի մասին բազմաթիվ աղմկահարույց հիշատակումներին դատախազությունը ցայսօր ընթացք չի տվել, ինչի պատճառը վերոհիշյալ սահմանադրական դրույթը չէ:

Սահմանադրության առաջարկվող տարբերակում կատարվել են մի շարք նորամուծություններ: Ըստ այդմ` գլխավոր դատախազը ընտրվում է ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: Փաստորեն, նման պատասխանատու պաշտոնում նշանակում կատարելու իրավազորությունը հանձնվում է ԱԺ-ի հավանաբար պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Հարկ է, սակայն, նկատել, որ ԱԺ հանձնաժողովները ձեւավորվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունների ստացած ձայների համամասնությամբ, եւ հազիվ թե կա այդպիսի միամիտ մարդ, որ կարծում է, թե ՀՀԿ-ն այդտեղ մեծամասնություն չի ունենալու: Արդ, պատասխանատվության առումով գլխավոր դատախազի պաշտոնի էությունը զգալիորեն նվազեցվելով հանդերձ՝ որեւէ այլ գործնական ու դրական նշանակություն չի ունենալու այս փոփոխությունը, քանզի կրկին դատախազին նշանակելու է ՀՀԿ-ական մեծամասնությունը` հնազանդորեն կատարելով կուսակցության առաջնորդի կամքը:

Ինչ վերաբերում է միջազգային փորձառությանը, ապա հարկ է հայացք ձգել Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ոգեշնչման աղբյուր հանդիսացող գերմանական ու իտալական մոդելներին: Գերմանիայում երկրի գլխավոր դատախազի թեկնածությունն առաջարկում է դաշնային կառավարության արդարադատության նախարարը: Վերջինիս թեկնածությունը պիտի հաստատվի Գերմանիայի ոչ թե դաշնային խորհդարանի` Բունդեսթագի, այլ Բունդեսրատի` գերմանական 16 նահանգների միասնական օրենսդրական մարմնի կողմից: Վավերացնելով հանդերձ գլխավոր դատախազի թեկնածությունը` Բունդեսրատն իր որոշումն ուղարկում է Գերմանիայի նախագահին, որի ստորագրությամբ էլ ավարտվում է պետության գլխավոր դատախազի նշանակման ընթացակարգը: Իսկ, ահա, Իտալիայում գլխավոր դատախազը նշանակվում է դատական բարձրագույն խորհրդի կողմից, որը նշանակում է արդարադատության համակարգի հիմնական պաշտոնյաներին: Ի դեպ, այս մարմնի նախագահությունն իրականացնում է հանրապետության նախագահը: Իտալիայում գլխավոր դատախազի նշանակման գործում կարեւոր է արդարադատության նախարարի համաձայնությունը:

Փաստացիորեն, թե՛ Իտալիայում, թե՛ Գերմանիայում երկրի գլխավոր դատախազի թեկնածությունը չի առաջարկվում խորհրդարանի մի սովորական հանձնաժողովի կողմից: Առաջին դեպքում գործ ունենք հանրապետության նախագահի ղեկավարությամբ գործող անկախ դատական բարձրագույն մարմնի հետ, իսկ երկրորդի դեպքում` կառավարության: Իսկ, ահա, Հայաստանում Սերժ Սարգսյանի հանձնաժողովն, ըստ ամենայնի, գիտակցել է գլխավոր դատախազի ազդեցության իրական աստիճանը եւ չի ընկել նրա նշանակման ընթացակարգերում ավելորդ ձեւականությունների հետեւից: Ինչ տարբերություն` ով է նշանակում գլխավոր դատախազին, եթե նա անվերապահորեն կատարելու է մեծամասնության առաջնորդ Սերժ Սարգսյանի հրահանգները:

Ն. Հովսեփյան




Լրահոս