«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության, ասել է թե՝ ՀՀ քաղաքացիների թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 4 հազար մարդ: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը 3 մլն 5 հազար 500 էր: Այսինքն՝ երեք ամսում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 1500-ով: Հիշեցնենք, որ մշտական բնակչությունն իր մեջ ներառում է նաեւ Հայաստանից արտագաղթած եւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին:
Մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է նաեւ, որ հացի արտադրությունն անցած ինն ամիսներին նվազել է 2 տոկոսով, ինչը եւս Հայաստանի բնակչության նվազման արդյունք է: Պաշտոնական մեկ այլ` երկրից մեկնած եւ ժամանած անձանց վերաբերյալ տվյալներից էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 103 հազար ՀՀ քաղաքացի: Տարեվերջին լավագույն դեպքում այս մարդկանց կեսը կվերադառնա Հայաստան, նրանք սեզոնային արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներն են: Իսկ մնացած ավելի քան 50 հազարը հանրապետությունից արտագաղթած քաղաքացիների թիվն է:
Վերը բերված թվերը այս օրերին առավել քան կարեւոր են, քանի որ ոստիկանության կողմից կառավարությանը ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 548 հազար անուն: Նկատենք, որ երկու տարվա ընթացքում այս թիվն աճել է մոտ 21 հազարով: Սա այն դեպքում, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության թիվն անդադար նվազում է: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները կրկին անգամ ակնարկում են, որ իրենց միակ հույսն ու հավատը ընտրակեղծիքներն են, որոնց միջոցով իրենք գոյություն չունեցող ընտրողների քվեներ նկարելով՝ կստանան ցանկալի արդյունքը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: