Վերջին շրջանում Թուրքիայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակի ու երկրի իշխանությունների կողմից քրդերի հանդեպ իրականացվող բռնությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության եւ քրդական «Ազատ կանայք» շարժման անդամ Նարին Ջափանի հետ:
-Ի՞նչ իրավիճակ է այժմ տիրում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում:
-Քուրդ-թուրքական հարաբերություններն օր օրի էլ ավելի են վատթարանում: Թուրքիայի իսլամիստ/նեոօսմանյան կառավարությունը խախտում է Քրդստանի աշխատավոր կուսակցության(PKK) հետ խաղաղության գործընթացն ու փորձում է դրանից ամեն կերպ ներքին ու արտաքին շահ ստանալ, այն ոչ մի քայլ չի ձեռնարկում խաղաղության հասնելու ու խնդրի լուծման ուղղությամբ: էրդողանն ու Թուրքիայի իսլամիստները կարծում են, որ քրդերին որպես կամուրջ կօգտագործեն Միջին Արեւելքում գերիշխելու համար, ինչպես դա անում էին Օսմանյան կայսրության ժամանակ: էրդողանի առաջին քայլը եղել է PKK զինաթափումն ու լուծարումը, որն ավելի տեղեկացված ու փորձառու է, քան մյուս բոլոր քրդական խմբավորումները: Եթե անկեղծ լինենք, Թուրքիայի ու PKK միջեւ բախումներն իրականում երբեք էլ չեն դադարել:
-Թուրքական իշխանամետ մամուլը պարբերաբար տեղեկացնում է քրդերի կողմից երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու մասին, արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը:
-Ո՛չ, դա այդպես չէ: Քրդստանը բաժանված ու անեքսիայի է ենթարկված Իրաքի, Իրանի, Սիրիայի ու Թուրքիայի միջեւ, եւ նրանք պայքարում են ինքնիշխանության ու պետականության համար Քրդստանի՝ անեքսիայի ենթարկված բոլոր տարածքներում: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (HDP) Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացավ քվեների 13%-ն ու հաղթահարեց նվազագույն շեմը, ինչը նշանակում է, որ քրդերը թույլ չեն տա Թուրքիայի ներկայիս իշխող կուսակցությանը միայնակ գալ իշխանության: Սա մեծ հարված էր Էրդողանին, ով ցանկանում էր միայնակ բռնապետ լինել: Այնուհետեւ հենց վերջինիս ջանքերով էլ խաղաղության գործընթացը սկսեց հետզհետե ձախողվել: Նա ընդդեմ քուրդ ժողովրդի նոր պատերազմ հայտարարեց: Քրդերն իրենց հերթին այս ագրեսիային պատասխանում են ինչպես ռազմական առումով, այնպես էլ քաղաքական: Շատ քրդական շրջաններ ինքնիշխանություն հայտարարեցին ու ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծեցին: Սակայն քաղաքական առումով թե՛ քրդերը, թե՛ PKK-ն խաղաղամետ են, քանի որ միայն խաղաղությունը նրանց հնարավորություն կտա հասնելու իրենց երազանքին, սակայն նրանք ստիպված են պաշտպանել իրենք իրենց: Թուրքիան PKK-ին ահաբեկչական կազմակերպություն է հռչակել, քանի որ նրանք թույլ չեն տալիս կոտորածներ իրականացնել, ինչպես անցյալում արեցին անմեղ հայերի հետ: Եկեք, նայենք պատերազմական գոտուն. քրդերի թիրախում են միայն թուրք ուժայինները, սակայն թուրքական բանակն ու ոստիկանությունը պարբերաբար սպանում են անմեղ քուրդ խաղաղ բնակչությանը:
-Ինչպե՞ս կորակեք Թուրքիայի ուժային կառույցների վերաբերմունքը քուրդ ցուցարարների հանդեպ, երբ գլխատել էին քուրդ երիտասարդի կամ երբ սպանված երիտասարդին կապել էին ոստիկանական մեքենայից ու քարշ տվել փողոցներով:
-Այս ամենը ցույց է տալիս Թուրքիայի հանրապետության ոգին: Թուրքական բանակը մշտապես խոշտանգել է անգամ արդեն սպանված քրդերի դիերը: Թուրքական բանակը խոշտանգել ու գլխատել է բազմաթիվ քրդերի անգամ Սադամ Հուսեինից ու «Իսլամական պետության» ստեղծվելուց շատ առաջ, ինչպես օրինակ՝ 1937-1938թթ Դերսիմում: Այն, որ քուրդ ակտիվիստ Հաջի Բիրլիկը սպանվել ու փողոցներով է քարշ տրվել, վերջին օրինակն է, որ Թուրքիան ընդդեմ քրդերի վայրի ու անվերահսկելի պատերազմ է վարում: Թուրքական բանակը մի քանի հանցագործություններ է իրականացրել` վառելով գյուղեր, կոտորելով խաղաղ բնակչությանն ու խոշտանգելով մահացած մարդկանց դիերը: Բիսմիլում քուրդ տղայի գլխատումը այնքան անսպասելի չէր, որքան սարսափեցնող: Բոլորին է հայտնի, որ Թուրքիայի զինված ուժերում ծառայողների մեծ մասը համակրանք է տածում «Իսլամական պետության» հանդեպ: Այս բոլոր դաժանությունները ցույց են տալիս, որ որոշ թուրք ոստիկաններ կապված են «Իսլամական պետության» հետ:
-Արդյո՞ք այս ամենը թուրքաբնակ քրդերին կոտորելու եւ ոչնչացնելու փորձ չի, արդյո՞ք սա չի սպառնում վերածվել 21-րդ դարում թուրքական հողի վրա իրականացվող հերթական ցեղասպանության:
-PKK-ի կալանավորված, սակայն մեծ ազդեցություն ունեցող առաջնորդը` Օջալանը, կարծում է, որ Թուրքիայի ներկայիս քաղաքական համակարգը ցեղասպանություն իրականացնող ռեժիմ է: Քրդերի ֆիզիկական բնաջնջումը մշտապես Թուրքիայի իշխանությունների օրակարգում է:
-Որոշ տեղեկությունների համաձայն` Թուրքիայում բնակվող քրդերին մեծապես օգնում է Ռուսաստանը, արդյո՞ք այս լուրերը համապատասխանում են իրականությանը:
-Քրդերն այժմ պայքարում են սատանայի դեմ: Թե՛ Ռուսաստանը եւ թե՛ ԱՄՆ-ը մեծապես տուժել են ջիհադիստ ահաբեկիչներից, ու ԻԼԻՊ-ն այս երկուսի համար ուղղակի սպառնալիք է: Թե՛ Թուրքիայի եւ թե՛ Սիրիայի քրդերը պատրաստ են համագործակցել ցանկացածի հետ, ով պայքարում է ընդդեմ ահաբեկչության: Քրդերն ուրախ են այս հարցում ունենալ ռուսների աջակցությունն ու պատրաստ են ավելի շատ համագործակցել Ռուսաստանի հետ:
-Միջազգային լրահոսում մշտապես տեղ են գտնում լուրեր այն մասին, որ իսլամիստ ահաբեկիչները Սիրիայից ներգաղթում են Թուրքիա. նրանց մուտքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայում առկա այսօրվա իրավիճակի վրա:
-Թուրքիան հանդուրժում է Սիրիայում ընդդեմ քրդերի, քրիստոնյաների, անմեղ շիաների ու վարչակարգի դեմ պայքարող ջիհադիստական խմբավուրումներին: Սա թույլ է տալիս ջիհադիստներին Թուրքիայում իրենց բջիջներն ունենալ: Մինչ օրս ԻԼԻՊ-ն Թուրքիայում 5 գրոհ է իրականացրել: Բոլոր ահաբեկչություններն էլ եղել են ընդդեմ քրդերի: Խոսակցություններ կան, որ Էրդողանը ԻՊ-ն օգտագործում է որպես գործիք ընդդեմ քրդերի:
Զրուցեց Տաթեւ Ֆռանգյանը