Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Աբել Աբելյանը, ով «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ի հիմնադիր-տնօրենն է, նախապատվությունը տալիս է պրակտիկ գիտելիքներին` սաներին հնարավորություն ընձեռելով աշխատել ստուդիայի պայմաններում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կինոյի` շահութաբեր համարվող ժանրերին, կարծիք հայտնել, թե ինչու է մեզ մոտ ֆիլմարտադրությունը ժանրային առումով սահմանափակ:
-Աբե՛լ, հիմա ի՞նչ նոր նախագծի վրա եք աշխատում, որքանով տեղյակ ենք` նոյեմբերին նոր ներկայացում եք հանձնելու հանդիսատեսի դատին:
-Այո՛, նոր ներկայացում ենք պատրաստում, որը կոչվում է «Մենք եւ մոխրոտը», դրանում զբաղված են Լեւոն Հարությունյանը, Զառա Սահակյանը եւ մեր շրջանավարտները: Նոյեմբերին ներկայացումը կլինի Պարոնյանի թատրոնի բեմում:
-«Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ի հիմնադիր-տնօրենն եք, Ձեր աշխատանքում առաջնային ուշադրւթյուն եք դարձնում գործնական հմտություններին: Կարելի՞ է ասել, որ պրակտիկ գիտելիքների առումով ինչ-որ չափով լրացնում եք թատերական ինստիտուտի բացը:
-Մեզ մոտ շատ տեղերից են սաներ գալիս, սակայն համեմատականներ չեմ անցկացնի. թատերական ինստիտուտը տարիներ շարունակ կրթել է ոլորտի լավագույն մասնագետներին: Միայն կասեմ, որ մենք փորձում ենք մեր սաներին մատուցել պրակտիկ գիտելիքներ, իսկ տեսական մասը տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ բավական հասանելի է այսօր, մեզ մոտ դասերի ժամանակ գրեթե տեսական մաս չի լինում, ինչ-որ լեկցիաներ չենք գրում: Փոխարենը նրանց հնարավորություն է ընձեռվում ստուդիայի պայմաններում նկարահանելու եւ նկարահանվելու, ինչը տալիս է լուրջ արդյունք:
-Բայց չե՞ք կարծում, որ գործնական գիտելիքներին նախապատվությունը տալու դեպքում էլ կարող է տուժել տեսականը. այսօր էկրաններից այն կողմ մենք ամենուրեք տեսնում ենք դերասանների, որոնք ոչ միայն ինտելեկտուալ չեն, այլեւ, առհասարակ, չեն կարդում, իսկ ակնդիրն անմիջապես ֆիքսում է` դերասանը մտածող տեսակ է, թե ոչ:
-Իհարկե, մենք հանձնարարում ենք ինչ-որ գրականություն, բայց սաների կարդալուն լուրջ չենք հետեւում. գուցե դա թերություն է համարվում: Ես պրակտիկայի միջոցով եմ իրենց դրդում կարդալուն, երբեմն էլ գործնականում բացատրում եմ տեսական մասը, որ նրանք չեն կարդացել: Փորձը ցույց է տվել, որ նա, ով չի կարդալու, ինչ ուզում ես արա, միեւնույն է` չի կարդում, իսկ նրան, ում ոգեւորում ես պրակտիկայով, նա սկսում է կարդալ:
-Կարելի է նկատել, որ Հայաստանում շահութաբեր է միայն կոմեդիայի ժանրը, իսկ պրոդյուսեր-ռեժիսորները երբեւէ մտածե՞լ են Հայաստանի կինոարտադրությունում բոլորովին նոր ժանրի ներմուծման մասին: Ասենք` ֆանտաստիկան, սարսափ ֆիլմերը, պատմական կինոնկարները չե՞ն կարող ներդրած գումարը հետ բերել մեզ մոտ:
-Փորձը ցույց է տալիս, որ կոմեդիան մեզ մոտ հաջողվում է, ստացված նախագծեր կան Հայաստանում, իսկ լուրջ ֆիլմեր չեն արվում, որովհետեւ դրանք վաճառելը բարդ է: Երբ ասում եք` ֆանտաստիկա, ֆիլմի բյուջեն մոտավորապես եռապատկում եք, երբ ասում եք պատմական ֆիլմ, տասնապատկում: Ռիսկի գործոնն էլ այդ դեպքերում բավական մեծ է: Վստահեցնում եմ, որ մենք Հայաստանում ունենք մասնագետներ, փրոդաքշըններ, որոնք կարող են ստանալ Ձեր նշած ժանրերի որակյալ ֆիլմեր, սակայն այդ ֆորմատներում ներդրում անողներ չկան: Իսկ ցավալին այն է, որ դու ներդրողին չես կարող միանշանակ գրավական տալ, որ շահույթը հետ կստանա. այդ կոնկրետ հաշվարկը չկա:
-Իսկ ֆիլմերի պրոդյուսինգով զբաղվող լուրջ ինստիտուտ Հայաստանում կա՞:
-Լուրջ ինստիտուտ մեզ մոտ չկա, քանի որ մասնագիտությունը մեզ համար նոր է, մենք չենք ունեցել պրոդյուսերական դպրոց: Ժամանակին «Հայֆիլմ»-ում եղել են ֆիլմերի տնօրեններ, հետո այդ ինստիտուտը կորել է: Հիմա մեզ մոտ պրոդյուսինգով զբաղվելու լուրջ փորձեր են արվում, արդյունքն արդեն երեւում է: Ինքս նոյեմբերի վերջին պետք է մեկնեմ Մոսկվա՝ նաեւ պրոդյուսերական գործերով: Ռուսական նախագծերում պրոդյուսերի օգնական եմ աշխատելու` նաեւ ավելի շատ փորձ ձեռք բերելու համար:
-Շատերը Ձեզ հիշում են «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» եւ այլ հեռուստասերիալներից: Վերջին շրջանում ինչո՞ւ չեք նկարահանվում:
-Պատրաստ եմ կրկին նկարահանվել, եթե առաջարկները դերասանական առումով լինեն հետաքրքիր: Հուսամ` նման հնարավորություններ դեռ կլինեն:
Աննա Բաբաջանյան