Երգչուհի Անահիտ Շահբազյանի համար նրա ընկեր Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն) հատուկ երգ է գրել եւ նվիրել նրան: «Դա ռոմանսի նման սիրային երգ է, Արսենն այդ ստեղծագործության միջոցով փորձել է ինձ բնութագրել, այնպես, ինչպես նկարիչը` իր բնորդին: Որպես այդ երգի կատարող նա հենց ինձ է պատկերացրել: Թե՛ երաժշտության եւ խոսքերի, թե՛ գործիքավորման հեղինակը Արսենն է: Երգի հիման վրա կփորձենք նաեւ մինչեւ տարեվերջ տեսահոլովակ ներկայացնել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Անահիտը:
Քանի որ հարցազրույցներից մեկի ժամանակ Անահիտը նշել էր, որ տեսահոլովակ չի նկարահանում ֆինանսական խնդիրների պատճառով, մենք հետաքրքրվեցինք` արդյոք երգչուհուն հաջողվել է ֆինանսի աղբյուր գտնել: «Ոչ, նման աղբյուրներ չեմ գտել, խնդիրը լուծում եմ իմ համերգներից վաստակած գումարից խնայողություն անելու միջոցով»,-պատասխանեց նա:
Անահիտը երկար տարիներ է` երգում է Հայաստանի պետական ջազ նվագախմբում, ելույթ է ունենում նաեւ ակումբում եւ ռեստորանում: Երգչուհին մեզ հայտնեց, որ իր փոքրիկ ջազ խումբը` «Traffic Jam Trio»-ն, որի հետ նա պարբերաբար ելույթներ էր ունենում, ցրվել է. «Պատճառն այն է, որ երաժիշտներն արտասահման են մեկնել եւ այսուհետ այնտեղ են ապրելու: Շատ եմ ափսոսում, որ կենցաղային պայմանները ստիպեցին նրանց հեռանալ հայրենիքից: Հիմա ես մտածում եմ նոր խումբ կազմելու մասին»,-ասաց նա:
Միջազգային մրցույթների մասնակցած եւ հաջողություններ գրանցած երգչուհուն հարցրինք` արդյոք մտադիր չէ արտերկրում կրկին մասնակցել որեւէ մրցույթի. «Միգուցե հաջորդ տարվա գարնանը փորձեմ Բուլղարիայում կայանալիք «Աշխարհի երգեր» մրցույթին մասնակցության հայտ ներկայացնել, եթե հաջողվի` այն Հայաստանում հեռարձակվի, շատ ուրախ կլինեմ, իսկ, ընդհանուր առմամբ, ստեղծագործական կյանքում մրցութային այդ փուլը, տրամպլինը ինձ համար հաղթահարված է: Հիմա ես մտածում եմ մեծ համերգներով հանդես գալու, նվագախմբի հետ ավելի շատ ելույթներ ունենալու, արժեքավոր երգերի վրա աշխատելու, դրանք նորովի մատուցելու մասին»,-նշեց նա:
Աննա Բաբաջանյան