ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը հայկական պատվիրակության համար «բարդ» է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը, որը հայկական պատվիրակության ներկայացուցիչների համար «բարդ» է լինելու: Մեր տեղեկություններով՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը նախապատրաստած Ռոբերտ Ուոլթերը փորձելու է իր հեղինակած փաստաթուղթը հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել: Հիշեցնենք, որ հոկտեմբերին կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել էր հետաձգել զեկույցի քննարկումը եւ նշանակել նոր զեկուցող, որպեսզի խնդիրն առավել հանգամանալից ուսումնասիրելու ժամանակ ունենան, քանզի Ուոլթերի մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Սակայն հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը մերժել էր այդ առաջարկը:

Նշենք, որ համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ արդեն հունվարի նստաշրջանում քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը պետք է զեկույցը ներկայացնի ԵԽԽՎ լիագումար նիստին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ ներկայացվեց Ռոբերտ Ուոլթերի այցը Ադրբեջան: Ըստ այդ երկրի լրատվամիջոցների` վերջինիս այցը փաստահավաք առաքելությամբ էր, որի արդյունքում նա պետք է զեկույց ներկայացներ Վեհաժողովին: Նշվում էր, որ Ուոլթերն այս ժամանակահատվածում հանդիպումներ էր ունեցել ու կրկին վերադարձել Ստրասբուրգ, որպեսզի արդեն ԵԽԽՎ-ի նստաշրջանի ժամանակ ներկայացնի, թե ինչ տեղեկություններ է հավաքագրել: Հավելենք, որ Ուոլթերը հայտնի է իր ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշմամբ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զեկուցողը պետք է այցելեր նաեւ Արցախ՝ տեղեկությունների հավաքագրման նպատակով, սակայն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այս անգամ Ուոլթերը Ստեփանակերտ չէր մեկնել, քանի որ չէր հասցրել: Մինչդեռ իրականում Արցախը պաշտոնապես մերժել էր նրա մուտքի թույլտվությունը, քանի որ արդեն իսկ զեկույցի վերնագիրը ի սկզբանե արտացոլում էր հեղինակի կանխակալ մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: Արցախի իշխանությունները առաջադրել էին իրենց պաշտոնական մոտեցումը՝ կա՛մ պետք է փոխվի զեկույցի վերնագիրը, կա՛մ էլ Ռոբերտ Ուոլթերին Արցախի պաշտոնական շրջանակներում մերժելու են եւ հրաժարվելու են նրա հետ հանդիպումից:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում ադրբեջանամետ զեկույցին:

-Տիկի՛ն Զոհրաբյան, Փարիզում առաջիկա օրերին տեղի է ունենալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի Հայաստանի եւ Ղարաբաղի համար անընդունելի զեկույցը: Ռոբերտ Ուոլթերն այս օրերին անում է ամեն ինչ` իր հեղինակած չարաբաստիկ այդ զեկույցը նիստին ներկայացնելու համար, չնայած այն բանին, որ նա այդպես էլ Արցախ չգնաց: Ի՞նչ պետք է ակնկալել այդ նիստից, արդյո՞ք այն վճռորոշ է լինելու:

-Ես հանձնաժողովի անդամ չեմ, բայց ես չեմ բացառում այն, որ Ուոլթերը, ում ԵԽԽՎ պատգամավորի ժամկետը լրանում է նոյեմբերի 7-ին, կաշխատի անել հնարավորը՝ հանձնաժողովին արդեն պատրաստի զեկույց ներկայացնելու համար՝ չլինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Իսկ ԵԽԽՎ կանոնակարգով ընթացակարգն այնպիսին է, որ եթե արդեն կա պատրաստի զեկույց, եւ չկա զեկուցող, ապա նոր զեկուցող չի նշանակվում, ու քաղաքական հանձնաժողովի նախագահը կայացնում է իր որոշումը: Մենք գիտենք, որ քաղաքական հանձնաժողովի նախագահը Իլհամ Ալիեւի մտերիմ ընկերուհի Դորա Բակոյանիսն է, ուստի կարծում եմ՝ կներկայացնի զեկույցը ու լիագումար նիստի ժամանակ այն կպաշտպանի: Ես այս տարբերակը, այս սցենարը չեմ բացառում՝ տեսնելով այն շտապողականությունը, որն առկա է: Ռոբերտ Ուոլթերն այս ժամանակահատվածում անում է ամեն ինչ, որպեսզի զեկույցը ներկայացնի հանձնաժողովին մինչեւ իր պատգամավորական մանդատի ավարտը: Իսկ նման անընդունելի վերնագրով զեկույց ներկայացնելու շտապողականությունն արդեն փաստն է այն բանի, որ այդ անձինք կատարում են Ադրբեջանի ցանկությունները:

-Իսկ ի՞նչ կարող են անել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչները` դա կանխելու համար, արդյո՞ք այս հարցում մենք ինչ-որ ելքեր ունենք:

-Գիտեք, այստեղ, կարծում եմ, անելիք ունի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը, դրա անդամները, ովքեր պետք է Ուոլթերին ուղղեն մեկ հարց՝ ինչո՞ւ է շտապում, ի՞նչ է պատահել, աշխահի վե՞րջն է: Ես անձամբ այդ հարցը ուղղել եմ նրան: Եթե Դուք համարում եք, որ խնդիրը կարեւոր է, մենք էլ ենք կարծում, որ խնդիրը կարեւոր է, այդ դեպքում ո՞ւր եւ ինչո՞ւ եք շտապում, ի՞նչ է պատահել: Դուք կգնաք, հանձնաժողովը կընտրի մեկ այլ զեկուցողի, ու նա կշարունակի Ձեր կիսատ թողած աշխատանքը: Ինչո՞ւ եք այդքան «պաժառ ընկել»: Ինչո՞ւ եք շտապում, շտապում եք, որովհետեւ պարտավորություննե՞ր ունեք Ադրբեջանի առջեւ ու պետք է պարտավորությունների գի՞նը վերադարձնեք, պատճառը միայն սա է: Մենք ունեցել ենք բազմաթիվ նախադեպեր, երբ պատգամավորը որեւէ հարցի վերաբերյալ զեկույց է վերցրել, պատգամավորական ժամկետը լրացել է, նա չի հասցրել զեկույցն ավարտել, ու տվյալ հանձնաժողովը շատ հանգիստ նշանակել է մեկ այլ զեկուցող: Նման օրինակները բազմաթիվ են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս