ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել. պաշտոնական վիճակագրությունն էլ չի կարողանում քողարկել ողբերգական վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ինն ամիսներին սոցիալ-տնտեսական վիճակի պաշտոնական վիճակագրությունն այդպես էլ չի կարողանում քողարկել այն ողբերգական վիճակը, որում հայտնվել է Հայաստանի տնտեսությունը: Համապատասխան տեղեկագրերը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երեկ:

Ըստ այդմ, պարզվում է, որ արդյունաբերությունում զբաղված աշխատողների թվաքանակն այս տարի, անցած տարվա ինն ամիսների համեմատ, նվազել է 1500-ով: Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչեւ հինգ աշխատող ունեցող արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվաքանակն անցած տարվա համեմատ շատ կտրուկ է նվազել: 2014-ին փոքր ձեռնարկություններում աշխատել է 6 հազար 378 մարդ, այս տարի այդ թիվը դարձել է 3 հազար 437: Այսինքն՝ փոքր ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը նվազել է գրեթե կիսով չափ:

Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի իրացման շուկայի կառուցվացքը եւս կտրուկ փոփոխության է ենթարկվել: Անցած տարվա ինն ամիսներին ԱՊՀ երկրներ է արտահանվել 72 միլիարդ 291 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 58 մլրդ 591 միլիոն դրամ: Ի դեպ, դեպի ԱՊՀ արտահանման ընդհանուր ծավալները նվազել են 26 տոկոսով: Արտահանման առյուծի բաժինն ԱՊՀ երկրներից բաժին է հասնում Ռուսաստանի Դաշնությանը, որի դեպքում արտահանման անկումը կազմել է մոտ 28 տոկոս: Անցած տարվա առաջին ինն ամիսներին ՌԴ է արտահանվել 219 մլն 597 հազար դոլար ապրանք, իսկ այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 158 մլն 512 հազար դոլարի:

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել: Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 778 մլն 509 հազար դոլար, որը մեկ ամսում ավելացել է 24 մլմ 700 հազար դոլարով: Ի դեպ, նշված պետական պարտքից 4 միլիարդ 70 մլն 662 հազար դոլարը դա արտաքին պարտք է, այսինքն՝ ՀՀ կառավարությունը եւ ՀՀ կենտրոնական բանկն այդ գումարը պարտք են միջազգային ֆինանս-կազմակերպություններին եւ բանկերին: Հաշվի առնելով այն փաստը, թե ինչ արագությամբ է ՀՀ կառավարությունը նոր վարկեր վերցնում միջազգային ֆինանսական կազմակերպություններից, ակնհայտ է, որ տարվա վերջին Հայաստանի արտաքին պարտքը ընդհուպ կմոտենա 5 միլիարդ դոլարի սահմանագծին, բացառված չէ, որ նույնիսկ կգերազանցի այն:

Գործազրկության ցուցանիշի հետ կապված ԱՎԾ-ի «հրաշագործությունները» շարունակվում են: Նախ, չգիտես ինչու, ինն ամիսների վիճակագրական տեղեկագրում ԱՎԾ-ն հրապարակել է միայն այս տարվա առաջին երկու կիսամյակների կտրվածքով գործազրկության ցուցանիշը: Սակայն առավել ուշագրավ է այն փաստը, որ պաշտոնական տվյալներով զբաղվածների, այսինքն՝ աշխատանք ունեցողների թիվը երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ, նվազել է մոտ 20 հազարով, քանի որ աշխատող բնակչության թվաքանակը 1 մլն 100 հազարից դարձել է 1 մլն 80 հազար: Սակայն դա չի խանգարել, որ գործազուրկների թիվը 260 հազարից նվազի մինչեւ 240 հազարի: Իսկ թե ինչպես է ստացվում, որ աշխատողների թվի նվազելով գործազուրկների թիվն է նվազում, դա միայն ԱՎԾ-ի վիճակագիրներին է հայտնի: Ամեն դեպքում այս «աճպարարության» շնորհիվ պաշտոնական վիճակագիրները գործազրկության մակարդակը 19,1 տոկոսից նվազեցրել են 18,2 տոկոսի:

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 183 հազար դրամ: Ի դեպ, այս ցուցանիշը ստացվում է Սյունիքի մարզում եւ Երեւանում միջին աշխատավարձի ցուցանիշի բարձր լինելու հանգամանքով: Սյունիքում եւ Երեւանում միջին աշխատավարձը համապատասխանաբար 251 հազար եւ 197 հազար դրամ է: Ի դեպ, Սյունիքում միջին աշխատավարձի բարձր լինելու հանգամանքը պայմանավորված է «Զանգեզուրի ՄՊԿ»-ի գործոնով: Հայաստանի մնացած մարզերում միջին աշխատավարձը 140-ից 150 հազար դրամի սահմաններում է: Սակայն իրականությունն այլ է, եւ Հայաստանի ցանկացած բնակիչ կհաստատի, որ այսօր աշխատանք ունեցողների մեծ մասը ամսական վարձատրվում է 100 հազար դրամի սահմաններում (օրական 3 հազար դրամ հաշվարկով):

Բայց պաշտոնական վիճակագիրներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ միջին աշխատավարձի ցուցանիշը արհեստական բարձրանա: Բանն այն է, որ ըստ նույն ԱՎԾ-ի, նվազագույն սպառողական զամբյուղը ներկա գներով կազմում է 55 հազար 500 դրամ: Այսինքն՝ միջին վիճակագրական 4 հոգանոց ընտանիքի (ծնողներ եւ երկու երեխա) նվազագույն եկամուտը 222 հազար դրամից ցածր չպիտի լինի: Ասել կուզի, եթե ընտանիքում ծնողներից երկուսն էլ աշխատանք ունեն, ապա ԱՎԾ-ի ներկայացրած միջին աշխատավարձի ցուցանիշով նրանք կկարողանան իրենց նվազագույն կարիքները հոգալ: Սակայն իրականում այդպես չէ, եւ Հայաստանի ցանկացած բնակիչ դա կհաստատի: Աշխատավարձի հետ կապված վիճակագրությունն ուռճացնելու հիմնական նպատակը աղքատության մակարդակն արհեստական նվազեցնելն է: Վերջին պաշտոնական տվյալով աղքատության մակարդակը ավելի քան 37 տոկոս է կազմում: Սակայն օրերս ՀՀ կառավարությունը մի թիվ հրապարակեց, ըստ որի՝ ՀՀ բնակչության մոտ 80 տոկոսը մինչեւ 250 կՎտ էլէներգիա է սպառում: Այս հանգամանքը մատնում է, որ իրականում աղքատության մակարդակը պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի ավել է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս