Ապօրինի ծառահատումներն օր օրի ավելանում են, իսկ ինչ է անում Արամայիս Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապօրինաբար հատվող ծառերի թիվը գնալով ավելանում է, իսկ պետական մարմինները շարունակում են աչք փակել այդ հանգամանքի վրա: Եվ եթե անտառածածկ հատվածներում ապօրինի ծառահատումներն արվում են զուտ վառելափայտի վաճառքից ստացվող եկամուտի համար. ապա Երեւանում ծառերը առավել հաճախ հատվում են՝ այս կամ այն մեծահարուստի օբյեկտի համար տեղ ազատելու կամ առանձնատան դեմը չփակելու համար: Օրեր առաջ մի շարք բնապահպանները ահազանգեցին, որ Երեւանի Ազատության պողոտայում 6 հաստաբուն բարդի է հատվել: Սակայն Երեւանի քաղաքապետարանը ի պատասխան բնապահպանների մտահոգությունների՝ հայտարարեց, որ այդ ծառերը վթարավտանգ են երթեւեկող մեքենաների, անցորդների համար:

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է Երեւանի Ազատության պողոտայում 6 բարդիների հատման դեպքը: Տեղեկացնենք, որ այդ տարածքում է գտնվում նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը: Բնապահպանները տեղի ունեցածից խիստ վրդովված են. նրանք կարծում են, որ քաղաքապետարանը այդ ծառերը հատել է միայն վարչապետին հաճոյանալու համար: Ի դեպ, նույն օրերին բնապահպան Ինգա Զարաֆյանը ահազանգեց եւս երկու ապօրինի ծառահատման դեպքերի մասին, դրանցից մեկը՝ Պարույր Սեւակի, մյուսը՝ Տիգրան Մեծ հասցեներում:

Բուսաբան Մարինե Օգանեսովան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ազատության պողոտայի ծառերի հատմանը՝ վրդովված եւ միաժամանակ զարմացած նշեց, որ այդ ծառերն այդքան էլ վտանգավոր չեն եղել: «Բարդին թույլ ծառ է, փայտը փափուկ է, եւ ընկնելու տեսակետից ավելի վտանգավոր է, քան սոսին կամ մեկ այլ ծառատեսակ: Բայց կոնկրետ Ազատության պողոտայում տնկված բարդիները այդքան էլ վտանգավոր չեն եղել եւ ոչ էլ հին: Ուղղակի դա այն հատվածն է, որտեղ օլիգարխների կողմից դղյակներ են կառուցված: Գուցե՞ իրենց խանգարում էին այդ բարդիները»,- կարծիք հայտնեց բուսաբանը:

Մեր զրուցակիցը նկատեց նաեւ՝ տվյալ բարդիները ոչ թե հատվել են, այլ կտրվել: «Ծառը կտրել են, ոչնչացրել: Ինչ իմաստ կար, չեմ հասկանում: Որքան էլ որ մենք խոսում ենք կամ ճիշտ ուղի ենք ցույց տալիս, միեւնույն է՝ արձագանք չկա: Մինչդեռ այդ հատվածը շատ հաջողված էր, կանաչ, հաճելի էր այդտեղով անցնել»- մեծ ափսոսանքով նշեց Մարինե Օգանեսովան:

Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանն այդ ծառահատումների կապակցությամբ ներկայացնում է իր պարզաբանումը, ըստ որի` Ազատության պողոտայի հատված բարդիները արդեն վաղուց ծերացած, արմատային համակարգը խարխլված եւ յուրաքանչյուր րոպե ընկնելու վտանգի տակ գտնվող ծառեր էին, որոնք համապատասխան մասնագետների ուսումնասիրություններից հետո որոշվել է հատել: Միաժամանակ քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ին վստահեցրեցին, որ առաջիկայում հատված բարդիների փոխարեն նոր ծառեր կտնկվեն:

«Ժողովուրդ»-ը քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ արդյոք Ազատության պողոտայի ծառերը հատվել են վարչապետի առանձնատանը խանգարելու պատճառով: Մեր այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին. «Բացարձակ կապ չունի: Այդ ծառերը կարող էին ընկնել երթեւեկող մեքենաների, անցորդների վրա: Ծառահատումները կապ չունեն տարածքում գտնվող առանձնատների հետ»:

Մինչ Երեւանի քաղաքապետարանից վստահեցնում են, որ Ազատության պողոտայի 6 բարդիները հատելը խիստ անհրաժեշտություն էր, այս ընթացքում բնապահպաններն ահազանգում են Լոռու մարզում զանգվածային անտառահատումների մասին: Օրեր առաջ «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի եւ Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերի տարածքում, հայտնաբերել է հազարից ավել տարբեր տեսակի անօրինական հատված ծառ: Դրանցից մոտ 250-300-ը թարմ հատված են եղել, իսկ մնացածը՝ մինչեւ 5 տարվա վաղեմության: Անտառում ամենուրեք մնացած կոճղերն ունեցել են 10-ից մինչեւ 90 սմ տրամագիծ: Ըստ ՀԲՃ-ի՝ Լոռու մարզի անտառները նույնպես վտանգված են, եւ այստեղ եւս ակնհայտ է պահպանության ու վերահսկողության իսպառ բացակայությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս