Երեկ ԱԺ-ում անցկացվեցին խորհրդարանական լսումներ` “Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։
“Aravot .am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագիծը մշակվել է նախարարության կողմից եւ ներկայացվել կառավարությանը. “Արժանանալով հավանության` նախագիծը ներկայացվել է ԱԺ: Որպես նախագծի հեղինակներ` պատրաստ ենք ստանալ առաջարկություններ: Օրենքի անհրաժեշտությունը հասունացել է, եւ մենք հույս ունենք, որ ստանալով հիմնական առաջարկությունները` կկարողանանք հանձնաժողովի հետ վերամշակել նախագիծը, ապահովել ԱԺ-ում երեք ընթերցումների սահուն ընթացքը եւ հիմք դնել ՀՀ-ում գիտության ֆինանսավորման նոր մեխանիզմների: Երիտասարդ գիտնականների եւ ակադեմիական գիտական շրջանակների կողմից քանիցս բարձրացվել է օբյեկտիվ գիտական փորձաքննության անհրաժեշտության հարցը` որպես որակի ապահովման եւ արդյունավետ ֆինանսավորման կարեւորագույն մեխանիզմ”:
Նախարարի փոխանցմամբ. “Նախագիծը ենթադրում է, որ համապատասխան ընթացակարգերով գիտական ծրագրերը պետք է փորձաքննության ենթարկվեն, իսկ փորձաքննության ինստիտուտը պետք է լինի անկախ` ներքին եւ արտաքին փորձագետների ներառմամբ: Ինչպես նաեւ, պետք է ներդրվեն փորձագետների որակը հավաստող մեխանիզմներ, իսկ փորձաքննության արդյունքները կարեւոր հիմք են հանդիսանալու գիտական գործունեության ֆինանսավորման համար: Բացի ֆինանսական “ներարկումներից”, անհրաժեշտ է ներդնել նաեւ մեխանիզմներ` ֆինանսների առավել արդյունավետ օգտագործման համար”:
Պարոն Աշոտյանը փաստեց, որ վերջին տարիներին գրանցվել են դրական տեղաշարժեր. “Առավել արդյունավետ են դարձել գիտական ծրագրերի համակարգման գործընթացները, նվազել է կրկնվող ծրագրերի թիվը, իսկ copy-paste-ի մեխանիզմով դժվար է ծրագիր անցկացնել”:
ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանն իր զեկույցում ներկայացնելով նախագիծի անհրաժեշտությունը, նշեց, որ այն սահմանում է գիտական փորձաքննության հիմնական խնդիրները, սկզբունքները եւ ձեւերը, փորձաքննության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ հստակեցնում է փորձագետի պատասխանատվության խնդիրը, որը, պարոն Հարությունյանի խոսքով, նախկինում չէր համակարգվում”,- գրում է “Առավոտը”։