Սովորաբար հայ ընտանիքներում երեխաների խնամքով, տան առեւտրով եւ տարբեր կենցաղային հարցերով զբաղվում են կանայք: Սակայն երգիչ Արթուր Իսպիրյանն այն հազվադեպ հայ տղամարդկանցից է, ով իր կնոջ հետ հավասար մասնակցում է երեխաների դաստիարակման գործին: Ամուսիններն իրենց տանը սահմանել են «կարելիներ» ու «չի կարելիներ»: Մադլենը` Արթուրի կինը, ծավալում է ակտիվ հասարակական գործունեություն` բժշկական օգնություն է բերում, բժիշկներ է հրավիրում Ամերիկայից: Այդ բժիշկները մեր հայ բալիկների համար անվճար վիրահատություններ են կատարում:Մադլենն ու Արթուրը հետաքրքիր զույգ են: Չնայած այն բանին, որ նրանց մեջ կա տարիքային մեծ տարբերություն (14 տարի), դա չի խանգարում նրանց իրար լավ հասկանալ. «Եթե խանգարեր, չէինք ամուսնանա, – նշեց Արթուրը, ապա ավելացրեց, – մեր նախասիրություններն էլ են տարբեր` իմը երաժշտությունն է, իրենը` հասարակական գործունեությունը»: Ինչպես իրենց համերաշխ ընտանիքի մասին պատմեց Արթուրը. «Ամուր ընտանիք ունենալու գրավականը ճիշտ փոխհարաբերություններն են, իրար վստահելու մեծ կարողությունը, եւ ինչու չէ` նաեւ ֆինանսական կայունությունը: Երբեք չեմ ստիպում կնոջս տանը մնալ, զբաղվել միայն երեխաներով եւ խոհանոցով, ինքը աշխատելուց մեծ բավականություն է ստանում: Հետո նա Ամերիկայում է ծնվել-մեծացել եւ իր մենթալիտետն էլ ուրիշ է: Նրա ընկալմամբ` տան մեջ պետք է հավասարություն լինի»: Արթուրի համոզմամբ` ընտանիքը կարելի է կայացած համարել, երբ ամուսինները հարգում են միմյանց խոսքը: Երգիչն անկեղծացավ, որ հաճախ է լսում կնոջ խորհուրդները, քանի որ նա մինչեւ հիմա դեռ սխալ բան չի ասել: Ու նաեւ վստահեցրեց, որ` «Լսի կնոջդ ու հակառակն արա» ասացվածքը վաղուց արդեն հնացել է :Արթուրն ու Մադլենը, լինելով զբաղված մարդիկ, իրենց երեխաների խնամքը վստահել են դայակի, բայց հիմնականում երեխաները մանկապարտեզում են լինում: Արթուրի հավաստմամբ` «Ինքս չեմ փախնում նման գործերից, մեծ հաճույքով իմ երեխեքի հետ ժամանակ եմ անցկացնում: Ես այն տղամարդկանցից եմ, ով կարող է երեխայի ձեռքը բռնել եւ զբոսնել այգում: Այ, էսօր երեխեքին տարել եմ կառատեի դասի, պիտի սպասեմ, որ վերջացնեն` տուն տանեմ: Մի քիչ խորթ է, երբ հայ տղամարդը երեխաների դաստիարակությամբ է զբաղվում: Մտածում են, բա դա տղամարդու գործ է: Իհարկե, հենց դա է տղամարդու գործ: Իսկ որ ցցվում են փողոցներում կամ երեխաներին նստացնում հեռուստացույցի դիմաց` սերիալներ դիտելու, լավ է՞: Իրենց նման հաստագլուխ են մեծանում»:Արթուրը` որպես հայր, փորձում է իր երեխաներին հեռու պահել մեր կենցաղից, որովհետեւ էստեղի երեխաների դաստիարակությունը այդքան էլ դուրս չի գալիս ամուսիններին: Նույնիսկ այդ պատճառով նրանք իրենց երեխաներին հատուկ տվել են այնպիսի մանկապարտեզ, որտեղ ամերիկյան մենթալիտետ է. այնտեղ շատ են դրսից եկած երեխաները: Պարզվեց նաեւ, որ ամուսիններն իրենց երեխաներին երբեք ատրճանակ, զենք չեն գնել` փոխարենը նվիրել են տրամաբանությունը զարգացնող տարբեր խաղեր: Արթուրի կարծիքով. «Նախ եւ առաջ` երեխաներին փչացնում է հեռուստատեսությունը, պետք է որքան հնարավոր է հեռու պահել նրանց այդ անիմաստ հաղորդումներից: Միակ ալիքը, որ երեխեքս նայում էին ու կարող էին մի բան սովորել` «Հայրենիքն» էր, որը փակեցին: Հիմա երեխաներն ի՞նչ նայեն, չկա հատուկ իրենց համար նախատեսված ոչ մի բան: Ես էլ էի նայում այդ ալիքը, լավ հին ֆիլմեր էին ցույց տալիս, համերգներ: Դա էլ կտրեցին ու ստիպում են, որ տարբեր հեռուստաընկերությունների զիբիլները նայենք: Հայկական ալիքներ չենք նայում, բայց հայկական հեքիաթներ կարդում ենք տղաների համար»:Իրականությունից մի քիչ նեղված ` Արթուրն ասաց. «Ես ուրախ եկա իմ հայրենիք, երկար ժամանակ էստեղ չէի, բայց հիմա կամաց-կամաց իմ էմոցիաները անկում են ապրում: Ամեն դեպքում, չեմ ուզում հիասթափվել, դեռ պայքարում եմ: Մեր ժամանակ մարդկանց մեջ մի տեսակ ներքին դաստիարակություն կար: Նույնիսկ կրթության մակարդակն էր ավելի բարձր: Մարդկային հարաբերություններն էլ էին ուրիշ: Գիտեինք մեծին հարգել, զիջել իրար: Մենք աղքատ ընտանիք չենք եղել, հնարավորություններ միշտ ունեցել ենք, բայց ես երբեք ինձ անշնորհք չեմ պահել հասարակության մեջ, եղել եմ շատ զուսպ ու ծնողին հարգող մարդ»: Իսկ այն հարցին, թե այս ամենը տեսնելով, ինչու չի հեռանում Հայաստանից, ստացանք հետեւյալ պատասխանը. «Եթե ես գնամ, էն մյուսը գնա, բա ո՞վ մնա: Ես ուզում եմ մնալ այստեղ ու ինչ-որ բան փոխել»: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐ ՀՈԳՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ