Քրեական հեղինակության եղբոր սպանության հետքերով. միակ մեղադրյալը չի լռելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի հարազատները չեն պատրաստվում այլեւս լռել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսրայել Սարգսյանի մայրը` Անժելա Բեգինյանը, ասաց, որ իր որդին պատրաստվում է հացադուլ հայտարարել, քանի որ ապօրինությունները հնարավոր չէ այլեւս հանդուրժել:

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը կալանավորվել էր 2014թ հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում թաղային հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 38-104-րդ հոդվածներով (սպանության եւ սպանությունը պատվիրելու համար) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Դեպքից մեկ տարի անց՝ 2015 հունվարի 21-ին, գործը ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը: Ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է հացագործությունը կատարողին` Մովսես Ներսիսյանին՝ այդ կերպ փորձելով թաքցնել հետքերը: Բացի այդ, նա, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք եւ կրել հրազեն ու դրանք պահել իր փաստացի բնակության վայրին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում:

Նշենք, որ շուտով կլրանա կատարված սպանության երկրորդ տարին, եւ մինչ օրս Մովսես Ներսիսյանի դին հայտնաբերված չէ, իսկ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Իսոն Մոսոյի դիակը տեղափոխել է Քանաքեռավան եւ նետել կոյուղու դիտահորերից մեկը: Ինչպես հայտնի է՝ կոյուղում գերակշռում է գազի քանակությունը, իսկ դա հանգեցնում է յուրաքանչյուր կենդանու կամ առարկայի քայքայման:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջին անգամ որոնման աշխատանքներ կատարողները մոտ 100 կիլոգրամանոց խոզ են նետել խողովակի մեջ՝ դարձյալ հատուկ սարքավորումներով, սակայն խոզը ճանապարհի կեսից կորել է: Սարքավորումները խափանվել են: Այս փորձից հետո իրավապահներն այն եզրահանգման են եկել, որ Մոսոյի՝ կոյուղու դիտահորում նետված դիակը քայքայվել եւ կորել է, ինչի հետեւանքով այն գտնել չի հաջողվում:

Ինչեւէ: Սույն գործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ սպանված Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայր Տիգրան Ասատրյանը, սակայն կարճ ժամանակ անց նրան ազատ արձակեցին եւ առաջադրված մեղադրանքն էլ մեղմացրին: Իսկ գործով դատական նիստերն ընթանում են լարված մթնոլորտում: Բանն այն է, որ դատարանում Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանին վրդովված հարցեր էր ուղղել, որոնք այդպես էլ մնացել էին անպատասխան. «Դու ես իմ գերեզմանի փոսը փորել, բա ո՞վ պետք է վերլուծի, դու էս Արթուրի գլուխը կերել»: Ի պատասխան Իսրայել Սարգսյանի այս հայտարարությունների՝ Տիգրան Ասատրյանն էլ հայտարարել էր, թե. «Դու էս կերել Արթուրի գլուխը»:

Տեղեկացնենք, որ Իսրայել Սարգսյանը եւ Տիգրան Ասատրյանը մտերիմներ են եղել, այդ հանգամանքը փաստում են նաեւ համացանցում տարածված նրանց համատեղ լուսանկարները: Եվ հարց է առաջանում` ինչն է պատճառը, որ Տիգրան Ասատրյանը «հանկարծ մոռացավ» վաղեմի բարեկամությունը: Ի դեպ, նշենք, որ Իսրայել Սարգսյանին կալանքի տակ պահում են Տիգրան Ասատրյանի ցուցմունքի հիման վրա, որի առանցքը հեռախոսայի խոսակցություններն են, իսկ թե ինչ խոսակցությունների մասին է խոսքը, դեռեւս հայտնի չէ:

Եւ հիմա՝ դեպքից շուրջ երկու տարի անց, Երեւանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվող Իսրայել Սարգսյանը մտադիր է բողոքի ձայն բարձրացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Իսրայել Սարգսյանի մայրը` 70-ամյա Անժելա Բեգինյանը՝ նշելով, որ իր որդուն երկու տարի անհիմն պահում են կալանքի տակ. «Իմ տղան ապօրինի ձեւով կալանքի մեջ է գտնվում, բացարձակ փաստ չկա իր վրա, եւ նա բացարձակ այս ամենի հետ որեւէ կապ չունի»:

Ըստ Անժելա Բեգինյանի՝ որդու դատաքննությունը անհիմն կերպով հետաձգում են, իսկ թե դա ում է ձեռնտու, ինչու այս ամենի մեջ իր որդուն ներքաշեցին, մինչ օրս տիկնոջ համար անհասկանալի է. «Ում էր պետք, չգիտենք, որդիս պատրաստվում է նստել հացադուլի, իսկ նա լյարդի հետ կապված խնդիր ունի, եւ անթույլատրելի է, որ նա գնա այդ քայլին: Բայց չենք կարողանում հետ պահել նրան այդ քայլից»:

Տիկին Անժելայի խոսքով՝ իր ամուսինը չկարողացավ այս ցավը տանել եւ մահացավ 2014 թվականի ապրիլի 22-ին.«Ապօրինի ձեւով ինչու են տղայիս պահում: Եթե դուք ապացույց ունենք, ապա մարդուն դատեք, ինչո՞ւ չեք դատում, նիստերը միտումնավոր հետաձգելով՝ չի կարող այս ամենը շարունակվել: Իրենք չեն ուզում անցնել ապացույցների հետազոտման փուլ, քանի որ որեւէ ապացույց չունեն»,- եզրակացրեց ամբաստանյալի մայրը:

Նա որոշ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց գործի մասին. «Այս գործով 70 վկա կա, որից 37 են ներկայացել, եւ ընդամենը երկուսը կապ ունեն այս գործի հետ.«Իսկ, ահա, կալանքի մեջ միայն իմ որդիս է: Պահանջում եմ արդարություն, այսպես շարունակել հնարավոր չէ, ինչքան իմ որդին պետք է ապօրինի կերպով մնա կալանքի տակ: Ինքը հանցագործություն չի կատարել, բացարձակ ապացույց չունեն, ո՞ւմ էր պետք սա, չենք հասկանում»:

Քնար Մանուկյան




Լրահոս