Ինչպես գրում է իտալական La Stampa-ն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցուցում է տվել Վատիկանի Առաքյալների պալատի Կլիմենտինյան սրահում պապական գահաթոռի տեղը սովորական բազկաթոռ դնել եւ ասել է, որ Վատիկանի իր նստավայրը չափազանց շքեղ է: Պապը պահանջել է, որ իր կացարանն ավելի պարզ լինի:
Կարծես թե այս համառոտ լրատվության մեջ արտառոց որեւէ բան չկա, քանի որ Հռոմի նորընտիր պապն իր ամբողջ կյանքի ընթացքում աչքի է ընկել համեստությամբ, չափավորությամբ եւ ժուժկալությամբ: Բայց եթե դառնում ենք հայաստանյան իրականությանն ու համեմատություններ անցկացնում, մեղմ ասած, ցավալի պատկեր է ստացվում: Օրինակ՝ մեզ մոտ տարիներ շարունակ ամենաբարձր աթոռին են նստում մարդիկ, որոնք չեն ստացել ժողովրդի համապատասխան քանակությամբ քվեն: Իսկ թե ինչպիսի զրահապատ ավտոմեքենայով է շրջում Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բոլորը գիտեն, ու անկասկած է, որ նա կդժվարանա հրաժարվել որեւէ արտոնությունից: Ավելին, նա հատուկ իր համար Աբովյան փողոցում շքեղ նստավայր է կառուցում: Այնպես որ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է կաթողիկոսը մի օր շրջել փողոցով, լինել, օրինակ, Ազատության հրապարակում. չէ՞ որ այնտեղ էլ նրա հոտի ներկայացուցիչներն են: Էլ չենք խոսում Արարատյան թեմի «բենթլիասեր» առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին:
Մի խոսքով, դեռ շատ բան ունենք սովորելու: